Ո՛չ Փաշինյանը, ո՛չ իր դատախազը չունեն դատարանի,առավել ևս՝ արտակարգ դատարանի լիազորություն

Ո՛չ Փաշինյանը, ո՛չ իր դատախազը չունեն դատարանի,առավել ևս՝ արտակարգ դատարանի լիազորություն

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար` իր նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում։ Փաստաբան Գևորգ Գյոզալյանի խոսքով՝ մի կողմից այն, ինչ տեղի է ունեցել, կարգավորվում է քաղաքացիական օրենսգրքով, և եթե անձն ուզում է իր գույքը տնօրինի, ապա կարող է դա անել նաև նվիրատվության ձևով (իսկ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է քաղաքացիաիրավական հարաբերությունների լիիրավ սուբյեկտ և նրան հանգիստ կարող են նվիրաբերել գույք, փող և կամ այլ սեփականություն), մյուս կողմից, դա արդեն այլկերպ է կոչվում, եթե անձի կամ իր մերձավորների նկատմամբ կան քրեական գործեր։

«Այո, ինչ խոսք, մեծ հաշվով, սա ոնց որ կաշառք լինի, օրինական և աբսուրդն այն է, որ կաշառքը լինում է գաղտնի, իսկ այս դեպքում, ոչ միայն գաղտնի չէ, այլ ինչ-որ հարկեր էլ են հարկվելու։ Ինչևէ, բարդ հարց է, որովհետև նորից եմ ասում, եթե սովորական անձը նվիրում է, չկա խնդիր, բայց, եթե անձը քրեական հետապնդման մեջ է, մարդիկ իրավունք ունեն ողջամտորեն կասկածելու, որ, եղբա՛յր, սա կաշառք է ու օրինական։ Այսինքն՝ ես էս գումարները տալիս եմ, որ մեղմ վարվե՞ն կամ հանցանքները 10 է, տասից 5-ը առաջադրե՞ն, էն մյուս 5-ի վրա շատ չխորանան՝ հաշվի առնելով, որ ինչ-որ վնաս է փոխահատուցվել»,-հարցնում է փաստաբանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ՝ Ալեքսանդր Սարգսյանի գույքի նկատմամբ կալանք էր դրվել 2018թ․ հուլիսի 9-ին, իսկ Նիկոլ Փաշինյանը, հանրահավաքի ժամանակ հայտարերելով, որ Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 միլիոն դոլար, և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ, պահանջեց, որ նա հրապարակային պարտավորվի, որ մի շաբաթվա ընթացքում այս 30 միլիոն դոլարը հանելու է և վերադարձնելու է կամավոր պետական բյուջե։

Գևորգ Գյոզալյանը հավելեց, որ այստեղ կարող է լինել մի շատ կարևոր բայց։ Եթե օրինակ պարզվի, որ x սուբյեկտը պետությանը պատճառել է էական վնաս, կա քրեական վարույթ, որի շրջանակներում նա կամավոր այդ վնասը վերականգնում է՝ x գումար փոխանցելով, ապա սա լրիվ օրինակ է ու իրավաչափ։ Եվ դատարանն էլ սա հետագայում սա հաշվի է առնելու, որ մարդը, ճիշտ է, այսքան վնաս է տվել պետությանը, բայց ընթացքում վերականգնել է։

Փաստաբան Նորայր Նորիկյանն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում իրավական ընթացակարգ գոյություն չունի, որ ենթադրյալ հանցագործության մեջ մեղադրվող անձը սեփական միջոցներից որոշակի գումար փոխանցի պետությանը՝ առանց որևէ պատճառաբանության։

Ըստ Նորիկյանի՝ նման ընթացակարգ նախատեսվում է միմիայն դատարանի բացառիկ իրավասությամբ, (եթե անձի նկատմամբ կա քրեական հետապնդում, և նա, դասականի ասած, կլասիկ բարեգործ չէ ու եկեղեցուն, պետությանը չի նվիրաբերում գույք կամ փող), որ հանցագործության կատարման մեջ անձին մեղավոր ճանաչելուց հետո դատարանի որոշմամբ կարող է բռնագրավվել նրան պատկանող գույքը։ Իսկ քանի դեռ չկա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով անձը մեղավոր է ճանաչվել և նշված վճռով տվյալ անձի գույքի վրա բռնագրավում է իրականացվել, որևէ մեկը չի կարող ասել, որ այս կամ այն անձի կողմից պետությանն անհատույց վճարված գումարը օրինական է կամ համահունչ՝ իրավական ընթացակարգին համահունչ է։

Նորայր Նորիկյանը սա նմանեցնում է արտակարգ դատարանների, որոնց ստեղծումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ արգելված է։ «Այս պայմաններում, որքան էլ ողջունելի է Սաշիկի փողերը՝ ապօրինի հետ բերելու գործընթացը, միաժամանակ ավելի կարևոր է համարում Հայաստանի Հանրապետության՝ իրավական պետության գաղափարը։ Առհասարակ, ողջունելի է, որ ինչպես Սաշիկի, այնպես էլ բոլոր ենթադրյալ անձինք, որոնք ՀՀ-ում իրականացրել են գործունեություն, որի արդյունքում՝ փոշիացրել են, գողացել են, լափել են, թալանել են պետության գումարները, դրանք հետ վերադարձնեն, բայց կրկնում եմ, այս գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես իրավական ընթացակարգերի սահմաններում։

Նորայր Նորիկյանը, որպես ամփոփում նշեց, որ 6 ամիս է՝ ասում է ու հիմա էլ այս դեպքի առիթով կրկնում է, որ Նիկոլ Փաշինյանին իրավաբանական խորհուրդ տվողները սաբոտաժ են իրականացնում։ «Ողջ իրավապահ համակարգը սաբոտաժ է ենթարկում ողջ գործընթացը՝ սկսած «Մարտի 1» ի գործից, գեներալ Մանվելի ու բազում նման գործերից։ Բացի այդ, գալու է մի պահ, որ մարդիկ հարցնելու են՝ բա, պարո՛ն Փաշինյան, ինչո՞ւ Գագիկ Բեգլարյանի, Ռուբեն Հայրապետյանի փողերը, Լիսկային, բոլորի, կոռուպցիոներների փողերն ինչո՞ւ չեք բերում, մեջների կյաժը Սաշի՞կն էր․․․ Կամ կարող է ոչ թե 18 միլիոն է, այլ 118, այդ գումարներն ինչպե՞ս են չափել, որոշել, ախր, սրանք հարցեր են, որոնք պետք է դատարանը տա։ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա դատախազը, ո՛չ նրա քննիչը նման իրավությամբ օժտված չեն»։ Նորիկյանը կրկին զգուշացնում է՝ ամեն ինչ պետք է լինի օրենքով։