Հնդիկների համար գործ կա
Վերջերս «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի՝ հնդիկների մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալ նախաձեռնած էլեկտրոնային ստորագրահավաքը մեծ աղմուկ բարձրացրեց, եւ այս հարցի շուրջ հասարակությունը բաժանվեց երկու թևի: Ոմանք միացան նախաձեռնությանը, ոմանք էլ մարդասեր գտնվեցին եւ փորձեցին խնդրին ըմբռնումով մոտենալ: Հայաստանում գործող «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը / Green Lane NGO/, որը մարզերում գյուղատնտեսական ծրագրեր է իրականացնում, հայտարարություն է տարածել` նշելով, որ իրենց կազմակերպությունն արդեն մի քանի ամիս է՝ փնտրում է հնդիկ աշխատակցուհի՝ որպես տնտեսուհի, սակայն, մեր երկրում, այդպես էլ չի գտնվում։
Խնդրում են բոլոր նրանց, ովքեր ունեն հնդկուհի ծանոթ, որը կցանկանա աշխատել Կանաչ ուսուցման կենտրոնում, ուր նրան կտրամադրվի անվճար կեցության պայմաններ՝ բոլոր կումունալ հարմարություններով, դիմեն իրենց : Hraparak.am-ի հետ զրույցում «Կանաչ արահետ» Հ/Կ-ի նախագահ Նունե Սարուխանյանը չժխտեց, որ հայտարարությունը տեղադրել են նպատակային, որպեսզի մեղմեն նացիստական դրսևորումները, եւ նմանատիպ ակցիաները դադարեցվեն: «Եթե անկեղծ, մեզ համար այդքան կարևոր չէր, հնդիկ է, թե հայ, ազգությունը դիտավորյալ ընդգծեցինք: Հասկանում եմ, որ մենք աշխարհի ամենամիատարր ազգերից մեկն ենք, բայց մեր արժանապատվությունն այլ ձևով եւ այլ տեղ պետք է պահենք եւ ոչ թե այլազգիների նկատմամբ թշնամանք դրսևորելով: .
Բացի այդ, այսքան միատարրության ձգտելով՝ մենք խնդիր ենք ունենալու մեր մշակույթի եւ այլ ոլորտներում: Մեզ համար այսօր ավելի սարսափելի է, երբ Արաբական Էմիրություններից գալիս են եւ հազարավոր հեկտարներով հող են գնում: Թող սա սահմանափակեն, քանի որ ճակատագրական է, երկիրը ծախվում է, իսկ այն, որ եկան-գնացին, էժան աշխատուժ են եւ այլն, դրանք մակերեսային բաներ են: Մեզ իրականում աշխատող անհրաժեշտ է, եւ եթե հայ էլ լինի, կամ այլ ազգի, նշանակություն չունի»,-նշեց Նունե Սարուխանյանը: Նրա խոսքերով՝ այս օրերին աշխատանքի ընդունվելու առաջարկով իրենց շատ հնդիկներ են դիմել:
«Մեր կենտրոնը Ձորաղբյուրում է, եւ մեզ անհրաժեշտ է տնային տնտեսուհի, որը հյուրեր կընդունի, որոնք ավելի շատ օտարերկրացիներ են, կհյուրասրի նրանց, կճանապարհի, մի խոսքով տնտեսություն կվարի եւ կզբաղվի տնային գործերով: Հնդիկներ են մեզ դիմել, ովքեր ընտանիքներով են ուզում տեղափոխվել, զանգեր շատ ենք ստանում»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ դեռ որևէ մեկի աշխատանքի չեն ընդունել, ուսումնասիրում են հայտերը: Հիշեցնենք, որ Սարգիս Տեր-Եսայանի նախաձեռնած էլեկտրոնային ստորագրահավաքը հաքերների միջամտությամբ արգելափակվել էր: Ավելացնենք, որ ըստ միգրացիոն ծառայության տվյալների, այս տարի Հնդկաստանից Հայաստան է եկել 29.539 քաղաքացի, Հայաստանից մեկնել է 26.000-ը: Հայաստանում մնացել է 3000-ից ավել հնդիկ:
Կարծիքներ