Ինչո՞ւ Վահան Շիրխանյանը Ռոբերտ Քոչարյանին նամակ գրեց հիմա

Ինչո՞ւ Վահան Շիրխանյանը Ռոբերտ Քոչարյանին նամակ գրեց հիմա

Երեկ պաշտպանության նախկին փոխնախարար, 2015թ․ նոյեմբերին «Բանդայի գործով» ազատազրկված, իսկ թավշյա հեղափոխությունից հետո ազատ արձակված  Վահան Շիրխանյանը 1in.am կայքի միջոցով  բաց նամակ է հղել  Մարտի 1-ին սահմանադրական  կարգը տապալելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ի պատասխան նրա գրքում իր մասին արված հիշատակումների։ Վահան Շիրխանյանն իր ընդարձակ նամակում անդրադարձել է 90-ականներին Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում տեղի ունեցած մի շարք առանցքային իրադարձությունների, որոնցում իր դերակատարումն է ունեցել նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Դա վերաբերում է թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանում ունեցած նախկին նախագահի դերակատարությանը։

Նամակում Վահան Շիրխանյանը հիշատակել է մինչեւ հոկտեմբերի 27-ը եւ դրանից հետո տեղի ունեցած պաշտոնական հանդիպումների, զրույցների, Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակի,  ներիշխանական հակասությունների մասին, որոնցում նշվել են նաեւ հոկտեմբերի 27-ին զոհված ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, վարչապետ Վազգեն Սարգսյանի, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանի, 1998թ․ սպանված պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու անունները։

 Սոցցանցերում արդեն եղել են արձագանքներ, թե որքանով է   բարոյական  նամակում հիշատակել զոհված բարձրաստիճան պաշտոնյաների անունները, որոնք այսօր որեւէ կերպ չեն կարող արձագանքել։

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանն, անդրադառնալով Վահան Շիրխանյանի նամակին, արձագանքում է․ «Ես որտեղի՞ց վստահ լինեմ, որ այդ ամենը ճշմարտություն է։ Պետք է լսել նաեւ հակառակ կողմին։ Չէ՞ որ Վահան Շիրխանյանն այդ նամակը գրեց այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը իր գրքում իրեն անդրադարձավ բացասական առումով։ Ինքն էլ ունի անձնական շարժառիթներ, ճշտել է պետք, թե որքանով է այդ ամենը համապատասխանում իրականությանը, պետք չէ որեւէ մեկի գրածը «հալած յուղի» տեղ ընդունել։ Եթե ուզում են, որ գործն ուղարկվի իրավապահներին, ապա թող նրանք քննեն, վկաներին կանչեն, քննեն, նոր հետեւություններ անեն։ Այդ նամակն  որպես բացարձակ ճշմարտություն ընդունելը, կարծում եմ, ճիշտ չէ»։ 

Նկատեցինք, որ թե՛ Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակի, թե՛ հոկտեմբերի 27-ին նախորդած եւ հաջորդած ներիշխանական հակասությունների մասին բազմիցս գրվել է մամուլում, դրանք նորություն չեն։ 

«Թող այդ դեպքում հետաքննություն անցկացնեն, տեսնեն, թե արդյո՞ք ճիշտ հայտարարություններ է անում Շիրխանյանը»,- արձագանքեց Արծրուն Պեպանյանը։