Սխալների ուղղու՞մ, թե՞ այլ բան․․․

Սխալների ուղղու՞մ,  թե՞ այլ բան․․․

Օրեր առաջ ահազանգ էինք ստացել, որ սահմանամերձ Աչաջուր գյուղի ծննդատունը ևս փակվում է։ Անմիջապես արձագանքել էինք, որովհետև մեր փոքրիկ Հանրապետության սահմանամեձ գյուղերում ծննդատուն, դպրոց, հիվանդանոց ունենալը առաջին հերթին ռազմավարական խնդիր է։ Հենց այդ կտրվածքով էլ անդրադարձել էինք։ Պատերազմական այս իրավիճակում, երբ ամեն պահ կարող են սահմանամերձ գյուղերը հայտնվել կրակահերթերի տակ, ավելի մեծ ուշադրություն պիտի դարձնել տեղում բուժկենտրոններ ունենալու խնդրին, առավել ևս՝ գյուղացին պիտի զգա, որ պետությունը կանգնած է «իր թիկունքին», զգա նրա շունչը։ Սահմանամերձ գյուղը նույն սահմանապահ զինվորն է՝ ընդհանրական իմաստով և չպիտի զարմանալ, որ այսօր հայ ժողովուրդն այդպես աղմուկ է բարձրացնում՝ գյուղերում ծննդատների փակման առիթով։ Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը  գրում է․

ՀՀ Տավուշի մարզպետարան /Tavush Administrative Region RA/

Մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր հանդիպել է Աչաջրի «Առողջության կենտրոնի» աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կենտրոնի զարգացման հետ կապված հարցեր։
Մարզպետն իր խոսքում նշել է, որ «Առողջության կենտրոնը» ոչ միայն չի փակվելու, այլև ուժեղանալու է նոր ծառայություններով։

«Հայաստանում բժշկական ծառայությունները պետք է լինեն բարձր ստանդարտների համապատասխան՝ որակյալ և ապահով։ Ներդրվող ստանդարտների շնորհիվ այս հաստատությունն էլ ավելի պետք է ուժեղանա։ Հնարավոր փոփոխությունների արդյունքում որևէ աշխատող առանց աշխատանք չի մնա»,- ասել է Հայկ Չոբանյանը։

Սահմանամերձ գյուղերում ծննդատներ փակելը միայն տվյալ գյուղերի խնդիրը չի։ Այն ազգային հնչեղություն կարող է ստանալ։ Եթե ինչ որ բան այն չէ՝ պատճառաբանվող սարքավորումների, մասնագետների մասով, կարգավորե՞լն է հեշտ, թե՞ փակելը․․․ Կարծում եմ, եթե պետությունը չի օժանդակում, յուրաքանչյուր մարզ կգտնի իր նվիրյալ կամավորները, ինչպես պատերազմի ժամանակ, ովքեր նյութապես կօժանդակեն, որ հիվանդանոցները լինեն ստանդարտներին համապատասխան։

Արդեն հայտնի է դարձել, որ Եղվարդի ծննդատունը կշարունակի գործել: Այս մասին բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Եվս մեկ փակման ենթական ծննդատուն կշարունակի իր գործունեությունը: Խոսքը՝ Տավուշի մարզի Աչաջուրի ծննդատան մասին է: Այս մասին էլ տեղեկացրել է մարզպետ Հայկ Չոբանյանը: Համայնքի հիվանդանոցը եւս Առողջապահության նախարարի հրամանով, 2020 թվականին ֆինանսավորում չէր ստանալու:

Եթե արդեն երկու սխալ ուղղվել կամ ուղղման պրոցեսում է,  ուրեմն ի վերուստ սխալ է կատարվել։ Հիմքը խախուտ է, վերանայել է պետք։ Եթե կատարվում է սխալների ուղղում, ապա պետք է ողջ տեքստում կատարվի, ոչ թե մեկ, երկու նախադասություն ուղղվի, մնացածը թողնվի առանց սրբագրման։ Այնպես է ստացվում, որ հիվանդանոցի փակման և բացման ժամանակ  պատճառաբանությունների պակաս չկա։