Նեռը թաքնված է Ստամբուլյանում․ էդ մակարդակի խոսակցությունները պետք է հալվեն, մաշվեն, անհետանան

Նեռը թաքնված է Ստամբուլյանում․ էդ մակարդակի խոսակցությունները պետք է հալվեն, մաշվեն, անհետանան

«Հրապարակի» հարցազրույցը «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ

-Տիկին Կարապետյան, «Իմ քայլը» խմբակցությունում կոնսենսուս կամ քննարկում կա՞ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ։

-Դեռևս միասնական դիրքորոշում չունենք։

-Սակայն, որքանով ես եմ հասկանում, դեմ եղողները շատ են։

-Տարբեր կարծիքներ կան, ես կարծում եմ՝ հանրայնորեն մարդիկ արտահայտվել են, տեսել եք, բայց միասնական դիրքորոշում խմբակցությունը դեռևս չունի։ 

-Նկատի ունեք՝ Վարազդատ Կարապետյան և այլք։

-Ոչ, կարող եք ուսումնասիրել մարդկանց ավելի վաղ կատարված հանրային ելույթները հենց Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ։ Նաև նշեմ, որ կոնվենցիան չկա Ազգային ժողովի օրակարգում և նույնիսկ կառավարությունն այն Սահմանդրական դատարան չի ուղարկել՝ կարծիք հարցնելու համար։ Այսինքն՝ մենք շատ վաղ նախնական քննարկման փուլում ենք։

-Իսկ ճի՞շտ է, որ Ձեր խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հերթով զանգահարում է դեմ պատգամավորներին և ասում,որ եթե դեմ են, գոնե լռեն։

-Ոչ։ Բացառվում է նման բան, հերքում եմ։

-Ձեր խմբակցությունը ընդունված է բաժանել «տեղի» և այսպես կոչված՝ սորոսական թևերի, և, հետևաբար, վերջին թևը, որին նաև Դուք եք պատկանում, կողմնակից է, մյուսը՝ ոչ։ Դուք, Մարիա, անձամբ կողմ եք, չէ՞…

-Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, հայ եմ, բնակվում եմ այստեղ, կարծում եմ, որ արևելյան, արևմտյան բաժանարար գիծ այստեղ գոյություն ունենալ չի կարող։ Կոնվենցիան Եվրոպայի խորհրդի փաստաթուղթ է։ Ի դեպ, ԵԽ մարմիններ են Վենետիկի հանձնաժողովը, ՄԻԵԴը, այսինքն՝ ի՞նչ ենք ուզում ասել՝ էդ ամեն ինչը ինչ-որ այդպես բաժարարան գծի մի կամ մյուս կողմում ե՞ն գտնվում։ Ես կարծում եմ՝ սրանք մարդկանց մոլորության մեջ գցելու խավարամիտ դատողություններ են, որոնցից մենք պետք է հրաժարվենք։

-Նախ, այնուամենայնիվ, Եվրախորհրդի ոչ բոլոր անդամ երկրներն են վավերացրել կոնվենցիան, միայն ստորագրել են։ Եվ  երկրորդ, Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին Ձեր խմբակցության անդամներն էին ասում՝«դե, դա ոչ մի իրավական հետևանքներ չունեցող կարծիք է»։

-Վենետիկի հանձնաժողովի փակ քննարկման ժամանակ ելույթներից մեկի խոսքի արձանագրության արտահոսքը, իհարկե, որևիցե էական արժեք չունի։
Ես կարծում եմ՝ երկրներից մի քանիսում կոնվենցիան դարձել է քաղաքական շահարկման առարկա։ Եվ, մյուս կողմից, պետք է ընդունենք, որ այդ երկրներից շատերը Եվրամիության անդամ են։ Եվ շատ հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ մեր հանրությունը պատրաստ չէ խոսակցության, այդ երկրներում վաղուց նման օրենքներ կան, բայց իրենք կոնվենցիան չեն ստորագրել։ Օրինակ՝ ԵՄ անդամ Բուլղարիան։ Ուզում եմ ասել՝ տարբեր երկրներում տարբեր իրադրություններ են։

-Այնուամենայնիվ, Դուք ուղղակի պատասխան չտվեցիք, դեմ չե՞ք Ստամբուլյան կոնվենցիային։

- Ես կարծում եմ, որ մենք պետք է այնքան ժամանակ քննարկենք այս հարցը, առհասարակ, բռնության, կանանց նկատմամբ բռնության, մինչև որ մեր հանրությունը հաշտ լինի այս ամենի հետ և որևիցե խնդիր, մտավախություն, վախ չունենա։

-ՀԽ քննարկման ժամանակ ելույթ ունեցողներից շատերն ասում էին, որ Հայաստանն իր ամբողջ օրենսդրությունը ստիպված է լինելու փոփոխել, և հետագայում էլ Սահմանադրությունը, եթե այն հակասի, որովհետև այն վերսահմանադրական է։
-Կոնվենցիայի ենթադրած ամենամեծ օրենսդրական փոփոխությունը, այն է՝ Ընտանեկան բռնության մասին օրենքն արդեն ունեն, և կոնվենցիան ընդունենք, թե ոչ, այդ օրենդրությունը պետք է բարելավվի, որովհետև բխում է Հայաստանի Հանրապետության  քաղաքացիների շահերից։ Այսինքն՝ անպայման Հայաստանը պաշտպանված քաղաքացիներ է ունենալու, ուժեղ քաղաքացիներ, և հնարավոր չէ, որ կոնվենցիայի ընդունումը հանգեցնի սահմանադրական փոփոխությունների։ Կամ, առհասարակ, ինչ-որ հեղափոխական փոփոխությունների։ Կոնվենցիան ինչ-որ նոր կոնցեպտ, նոր բառ չի պարունակում օրենսդրության մեջ։ «Գենդերային» բառը 2013-ից կա մեր օրենսդրության մեջ, կանանց ստորացնող կարծրատիպերն արմատախիլ անելու մասին կոնվենցիային  93-ից ենք անդամակցում։ Եվ կոնվենցիայի մասին խոսակցությունը պետք է հանրության մեջ այնքան երկար ժամանակ քննարկվի,բովանդակային, առանց շահարկումների և նաև հանրության շրջանում տխմարություններ չշրջանառող։ Տեսա օրինակ, որ Փաստաբանների պալատի ինչ-որ աշխատակից ասում է, որ Նեռը թաքնված է կոնվենցիայի բացատրական զեկույցում։ Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը բանկի հետ ունենա ֆինանսական վեճ,դիմի փաստաբանին և նա ասի, որ Նեռն է թաքնված փաստաթղթում։ Էդ մակարդակի խոսակցություններտը պետք է հալվեն, մաշվեն, անհետանան․․․ Կամ՝ Մարինա Խաատրյանը տեսել է «Փինկ ֆլոյդի» տարբերանշանը մեր պատգամավորներից մեկի էջի վրա և եզրակացրել, որ ռոք համույթի լոգոյի վրա պատկերված զինանշանն ինչ-որ խոր իմաստ ունի։ Այսինքն, երբ արևի ճառագայթը պրիզմայի միջով ներս է անցնում, արևի լույսը, որը պարունակում է բոլոր գույները․․․ խելագարության ատիճանի չի կարելի հասցնել։

- Մայր Աթոռի ներկայացուցիչն էլ մի այսպիսի օրինակ բերեց՝ ասելով, որ եթե ինքը գնա քարոզելու իր հոտի մոտ և  խոսի  այնտեղ խոսի սոդոմական մեղք համարվող շնության և արվամոլության մասին, իրեն վարչական կամ քրեական պատասխանատվության կենթարկեն։

-Կոնվենցիան ոչ մի կերպ չի անդրադառնում մարդկանց նոր կատեգորիաների ներմուծմանը։ Եկեղեցականի ասած այդ փաստարկին ես չեմ կարող անդրադառնալ, կոնվենցիան չի կարգավորում այն ոլորտները, որը եկեղացականը կարգավորում է, որ կարծում է։ Ի դեպ, այն գրված է երկրների շատ մեծ շրջանակի համար։ Երկրներ կան, որ կա կանացի թլպատում։ Ի՞նչ եք կարծում՝ մեր Քրեական օրենսգրքում նման հոդված պե՞տք է, թե ոչ։ Հայաստանում նման իրողություն քանի որ չկա, հետևաբար, նման հոդված պետք չէ։Ուզում եմ ասել՝ եկեք իսկապես չխենթանանք ու մնանք բանականության սահմաններում։ Եվ կոնվենցիան չի կարգավորում հոգևոր քարոզի ձևերը։

-Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ Ստամբուլյանն օգտագործվելու է Ձեր քաղաքական թիմի ասած՝ հակահեղափոխականների միավորմանը, թեկուզ կոնվենցիայի պատրվակով։

- Ես հիմա էլ տեսնում եմ, որ նման փորձեր կատարվում են, կոչ կանեի մեր քաղաքացիներին անպայման վերհիշել ծագումնաբանությունը բոլոր այն դերակատարների, որոնք փորձում են իրենց մեջ վախ արթնացնել իրենց ինքության մասին։ Ես կրկնում եմ՝ մեր քաղաքացիներն ամուր կանգնած են իրենց ինքնության ոտքերի վրա և վախենալու ոչինչ չունեն։