Դաշնակցականները Փաշինյանին ու Հարությունյանին հրապարակային մարտահրավեր նետեցին

Դաշնակցականները Փաշինյանին ու Հարությունյանին հրապարակային մարտահրավեր նետեցին

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ՀՅԴ-ն պետք է ընդհանրապես կրթությունից չխոսի, քանի որ իրենց ժամանակ քարուքանդ վիճակ է եղել․ «Դաշնակցությունը» թող հիշի, թե իր ներկայացուցիչը քանի տարի է ղեկավարել այդ ոլորտը, և ինչպիսի քարուքանդ վիճակ է: Ես նրանց փոխարեն որ լինեի, գոնե կրթությունից չէի խոսի», -ասել էր նախարարը։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ դաշնակցականներ Իշխան Սաղաթելյանին և Արծվիկ Մինասյանին խնդրեցինք մեկնաբանել նախարարի հայտարարությունը՝ ուղղված իրենց կուսակցությանը։ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ քարուքանդ անելուց խոսելուց առաջ պետք է ասեն, թե քանի քար են քարի վրա դրել․

«Ընդհանուր տպավորություն կա, որ կառավարության իշխանության եկած որոշ ներկայացուցիչներ, որ մինչև իշխանության գալը տպավորություն ունեինք, որ խոսքի, մամուլի ազատության ջատագովներն են, իշխանության գալուց հետո ցանկացած քննադատության պատասխանում են շատ բուռն ու ջղաձգումներով։ Երբ որ քննադատում են նախորդներին, ապա պետք է նախ հասկանանք, թե իրենք ինչ են արել ։ Եթե իրենք ասում են, որ ոլորտը քարուքանդ եղած է, պետք է հասկանանք, թե այս 9 ամիսների ընթացքում մի քար քարի վրա դրե՞լ են, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ կառավարության ներկայացուցիչները պետք է ականջալուր լինեն քննադատություններին և փորձեն իրենց սխալները դրանով ուղղել։ Իսկ այն կարծիքը, որ ամեն անգամ ցանկացած քննադատության արձագանքում են՝ «բա նախկինում» , «բա ձեր ժամանակ», «բա էն ժամանակ»։ Եթե նախկինում ամեն ինչ լավ եղած լիներ, իրենք իշխանության չէին գա։ Վատ էր, չէ՞, դժգոհ էին։ Այսինքն՝ այս քննադատություններից պետք է եզրակացություններ անեն, և փորձեն շտկել։ Կառավարության մոտեցումը, ամեն ինչ փոխելու այս անզուսպ մոլուցքը մեզ լավ տեղ չի տանելու։ Կարող են ասել նոր իշխանություն, նոր կառավարություն, նոր մոտեցումներ, նոր ծրագրեր։ Ես ինչո՞ւ եմ սրան անդրադառոնում, քանի որ արդեն սկսել են «նոր Արցախ», «նոր Հայաստան»։

Մենք մի վատ հիշողություն ունենք․ երբ որ նախկինում մեր պատմական հայրենիքի ինչ-որ տարածքներ կորցրել ենք, դրանք վերհիշելու, արժևորելու համար մեր նոր բնակավայրերը կոչել ենք այդ անուններով, հիմա ի՞նչ է նշանակում «նոր Արցախ», «նոր Հայաստան»։ Մեր ներկայացուցիչները բոլոր կառավարություններում եղել են ամենապատրաստված, ամենապրոֆեսիոնալ, իրենց գործին նվիրյալ պաշտոնյաներից, և հենց կրթության բնագավառում բազմաթիվ աշխատանքներ արել են հենց մեր նախարարները»։

Արծվիկ Մինասյանն էլ Արայիկ Հարությունյանին հրապարակայնորեն բանավեճի մարտահրավեր նետեց․

«Արայիկ Հարությունյանի հետ որպես կառավարության անդամ աշխատել եմ և կարող եմ ասել, որ պարոն Հարությունյանը հլա թող մի լավ բան անի, նոր անդրադառնա նախկինին։ Ինչո՞ւ եմ սա ասում։ ՀՀ-ում կրթության մասին օրենքը ընդունվել է Լևոն Մկրտչյանի՝ ԿԳ նախարար եղած ժամանակ՝ դեռևս 1998 թվականին։ 2016-18 թվականներին ու դրանից առաջ նաև կրթության ոլորտում մի շարք ներդրումների արդյունքում մենք այսօր ունենք, օրինակ, էլեկտրոնային կրթության մոտեցումը, ունենք չինական դպրոցը, որը սկսվեց այն ժամանակ, բայց բացումը եղավ մեր ներկա իշխանության ժամանակ։ Բարձրագույն կրթության մասին օրենքի ամբողջական վերանայումները, որոնք հիմա պետք է տանեն ԱԺ, կրթական- սոցիալական առումով՝ Լևոն Մկրտչյանի ժամանակ էր, որ թույլ չտրվեց, որպեսզի մասսայական կրճատումներ գնան՝ ի տարբերություն այլ ժամանակների և ի տարբերություն հիմա հնչող հայտարարությունների։ Եվս մեկ կարևոր բան․ կառավարության յուրաքանչյուր անդամ պետք է ունենա բավարար ժամանակ , որպեսզի իր ծրագիրը լիարժեք ներկայացնի։ Եթե դուք նայեք մեր նախարարներին կրթության ոլորտում, ապա Լևոն Մկրտչյանը 4 անգամ նշանակվել է նախարար, բայց երբևէ լիարժեք ժամկետի կեսն անգամ չի զբաղեցրել այդ պաշտոնը։ Նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում հաջողացրել է, հասցրել է այսքան փոփոխություններ անել։

Եթե իրենք լավը գիտեին, լավը պետք է անեին, բայց մենք այսօր ի՞նչ ենք տեսնում նույն կրթության ոլորտում կառավարության ծրագրի մեջ, դուք չեք գտնի ազգային, հայրենասիրական դաստիարակության վերաբերյալ որևէ դրույթ, ավելին՝ մենք լսում ենք հայտարարություններ Հայոց եկեղեցու պատմության վերացման, վերափոխման վերաբերյալ, մենք լսում ենք, որ դպրոցում ինչքան հնարավոր է հանում են ազգային մոտեցումները՝ հիմնավորելով մարդու իրավունքների կարևորությունը, բայց մարդու իրավունքները նաև ազգային պատկանելիություն ունեն։ Իրենք սխալվում են, որ մարդու իրավունքների մեջ ողջ մարդկության իրավունքներն են ներառում։ Շատ կարևոր սկզվբւնք կա․ եթե մարդը իր ազգային մոտեցումը չունի, նա չի կարող նաև մարդու իրավունքների ջատագովը լինել։ Ես կարծում եմ, որ պարոն Հարությունյանի արտահայտությունը որքան էլ որ կոռեկտ չէ, այնուամենայնիվ, պարոն Հարությունյանին հրավիրում ենք հրապարակային բանավեճի։ Մեր մասնագիտական հանձնախմբերը կան, խնդրեմ, թող գա հրապարակային բանավեճի։ Տեսնենք՝ ինքն ինչ է արել, և մենք ինչ ենք արել, մեր արածները ինչպես ենք ներկայացնում։ Սա թող պարոն Հարությունյանը ընդունի որպես հրապարակային բանավեճի հրապարակային առաջարկ»։

Հարցրինք՝ Նիկոլ Փաշինյանին նույնպե՞ս հրավիրում են բանավեճի, «Իհարկե, միանշանակ»,- ասաց Մինասյանը։