Հերոս եւ հակահերոս

Հերոս եւ հակահերոս

Պատերազմի հերոսներին, ազգի ու պետության առաջ վաստակ ունեցող մարդկանց հարգանքի, գնահատականի ի՞նչ եղանակներ կան։ Ինչպե՞ս անել, որ նման մարդիկ իրենց տվածին համարժեք հարգանք ու պատիվ հետ ստանան։ Եվ նրանց կատարած հանցանք-զանցանքները գնահատելիս հաշվի առնե՞լ արդյոք այդ ծառայությունները, թե՞ նրանց վերաբերվել ինչպես բոլոր շարքային քաղաքացիներին՝ առանց խտրականության։

Ասենք՝ գեներալ Մանվելն ու Սեյրան Սարոյանը, Միքայել Հարությունյանն ու Յուրի Խաչատուրովը, Արթուր Աղաբեկյանն ու Սամվել Բաբայանը, Աշոտ Աղաբաբյանն ու Առաքել Մովսիսյանը պե՞տք է ավելի ներողամիտ վերաբերմունքի արժանանան հասարակության, դատական համակարգի կողմից, թե՞ բանակում հանցանք գործած զինծառայողի, հարկերը թաքցրած գործարարի, պաշտոնական դիրքը չարաշահած պաշտոնյայի նման պետք է պատժվեն։ Ո՞րն է այն սահմանը, որից այն կողմ անհարգալից վերաբերմունքն է ազգային հերոսի ու կռված տղերքի նկատմամբ։ Պետությունն ունի՞ պարտավորություն այս անձանց բավարար կենսամակարդակն ու զբաղվածությունն ապահովելու, եթե կարիքի մեջ են՝ աջակցելու, եթե բնակարանային սուղ պայմաններ ունեն՝ օգնելու հարցում։

Թե՞ նրանց հարցերն էլ զինծառայողներին տրամադրվող օրենսդրության շրջանակներում ընդհանուր հիմունքներով պետք է լուծվեն։ Եվ եթե պատերազմի հերոսը հանցանք է գործել, դատարանը նրա նկատմամբ պե՞տք է ավելի ներողամիտ լինի, թե՞ առավել դաժան, քանզի հերոսից պահանջներն էլ ավելի մեծ են։ Երկու մոտեցումն էլ ապրելու իրավունք ունի։ Բարդ խնդիր է՝ ազգին ավելի շատ օրինականությո՞ւն է հարկավոր, պատժի անխուսափելիության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության գիտակցո՞ւմ, թե՞, այնուամենայնիվ, ազգը պետք է հերոսներ ունենա, եւ այդ հերոսներին չի կարելի մի օրում գահընկեց անել ու վարկաբեկել։