Հաշվարկն ինչի՞ վրա է

Հաշվարկն ինչի՞ վրա է

Արցախում սահմանադրական փոփոխությունների նախագծին միանալու ստորագրահավաք է: Դրված է նախագահի թեկնածուի քաղաքացիության եւ մշտական բնակության ցենզը փոփոխության ենթարկելու առաջարկություն, ըստ որի` ԱՀ նախագահի թեկնածու կարող է առաջադրվել նաեւ ՀՀ ցանկացած քաղաքացի: Այս առթիվ լրջագույն վերապահումներ ունի արդարադատության նախարարը, ով տեղական հեռուստատեսությամբ ասել է, որ խնդիրն առնչվում է ԱՀ անկախության եւ ինքնիշխանության՝ Սահմանադրությամբ անփոփոխելի ճանաչված դրույթին: Նույն ոգով եւ հիմնավորումներով հանդես են եկել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները: Եթե անհրաժեշտ քանակի ստորագրություններ հավաքվեն, Գերագույն դատարանը պետք է ուսումնասիրի նախագծի սահմանադրականությունը, որից հետո հանրաքվե նշանակելու մասին որոշում պետք է կայացնի ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդի «կողմ» ձայներով:

Դատելով խորհրդարանական խմբակցությունների վերաբերմունքից՝ դա գրեթե անլուծելի խնդիր է: Անգամ տեսականորեն է բացառված, որ նախագիծը բավարար աջակցություն ստանա խորհրդարանում: Նախաձեռնող խումբը հազիվ թե այլ սպասումներ ունի: Այդուհանդերձ, բավարար թվով ստորագրություններ հավաքելու գործի վրա ծախսվում են մեծ ռեսուրսներ: Ստեղծվել են «քարոզչական խմբեր»: Համայնքներում մարդիկ բողոքում են, որ անծանոթ երիտասարդներ նույնիսկ ուշ գիշերային ժամերին բախում են իրենց դռները եւ հորդորում, երբեմն էլ նույնիսկ սպառնում գնալ եւ ստորագրել նախաձեռնության օգտին:

Հաշվարկն ինչի՞ վրա է՝ մնում է միայն ենթադրել: Իրավական-օրինական ճանապարհով գործընթացը դատապարտված է բացարձակ անհաջողության: Փոփոխությունների նախագիծը հանրաքվեի չի դրվելու՝ ինչպես վկայում է ԱԺ քաղաքական ուժերի հրապարակային դիրքորոշումը: Ստեփանակերտում, սակայն, նախաձեռնող խմբին աջակցող շրջանակներից տեղեկություն է տարածվել, որ ԿԸՀ կողմից ստորագրությունների վավերականությունը հաստատվելուց հետո սկսվելու են փողոցային ակցիաներ: Խոսվում է Գերագույն դատարանի եւ Ազգային ժողովի նստավայրը շրջափակելու եւ որոշումներ պարտադրելու մտադրության մասին: Լուրեր են պտտվում, որ արդեն իսկ տեղի է ունենում հավանական ցուցարարների գրանցում, կատարվում է հստակ դերաբաշխում՝ ով, որտեղ եւ ինչ պիտի անի: Փաստացի ծրագրվում է ներքին իրավիճակի կտրուկ ապակայունացում: Չի բացառված, որ կազմակերպվեն նաեւ իշխանությունների հրաժարականի պահանջով փողոցային միջոցառումներ: Տպավորություն է, որ այս սցենարն էլ հենց բուն նպատակն է: Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության ստորագրահավաքը պարզապես սեփական հնարավորությունները պարզելու միջոց է: