Շատ ցանկալի է, որ հաջորդ ընտրությունների ժամանակ լինի այլընտրանք

Շատ ցանկալի է, որ հաջորդ ընտրությունների ժամանակ լինի այլընտրանք

Հրապարակախոս, հետաքննական մի շարք ֆիլմերի հեղինակ Տիգրան Պասկեւիչյանը, որն ընդամենը 75 օր է աշխատել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնում, երկու օրվա ընթացքում հասցրել է գրառում անել, այնուհետեւ բաց նամակ հղել  նրա նախագահ Արա Շիրինյանին։  

Պասկեւիչյանն իր խորը մտահոգություններն է հայտնում առ այն, որ «հեղափոխությունից անցել է մոտ 15 ամիս, եւ հանրությունը դեռ չի տեսել նոր դեմքերի, չի հանդիպել նոր բովանդակության», որ «մտածողության այն տեսակները, որ դեռ անցած գարնանը Երեւանի կենտրոնում հեղափոխություն էին արտադրում, հանրության լայն զանգվածին պետք է փոխանցվեր մեր հարկերով սնվող հեռուստատեսության եթերից»։ Ինչը, սակայն, չի արվել։ Նամակից այն տպավորությունն է ստեղծվում, որ հեռուստալրագրության ոլորտում փորձ ունեցող Տիգրան Պասկեւիչյանը փորձել է հեղափոխություն անել կարծրացած, տասնամյակներ շարունակ օրվա իշխանություններին սպասարկող Հանրային հեռուստաընկերությունում, չի հաջողվել, ինչի պատճառով էլ հեռացել է։ Նամակ-ահազանգի հետքերով հանրային տարբեր հարթակներում հնչել են կարծիքներ, մտահոգություններ։ 

Փորձեցինք նամակի մասին իմանալ մտավորականների, հեռուստալրագրողների կարծիքները, սակայն պարզվեց, որ նրանցից ոչ բոլորն են ցանկանում խոսել այդ մասին։ Ոմանք հրաժարվեցին՝ նշելով, որ այդ մասին իշխանությունները քաջատեղյակ են, նամակը հրապարակվել է, թող կարդան եւ իրենք էլ լուծումներ գտնեն։ Նախկին հեռուստալրագրողներից մեկը նշեց, որ ինքը կխոսի, երբ լրանա Արա Շիրինյանի պաշտոնավարման 100-րդ օրը, մինչ այդ չի ցանկանում նրա եւ Հանրային հեռուստաընկերության աշխատանքը գնահատել։ 

Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը կարծում է, որ անցյալ տարի թավշյա հեղափոխություն իրականացրած կառավարությունը չի կարողանում խորքային փոփոխություններ իրականացնել՝ վերակազմավորելու համար վարչական ապարատը։ 
«Այն ապարատն, ինչը ամենօրյա կառավարում է իրականացնում, ստեղծվել է տարիներ առաջ, այդ ապարատն ունի աշխատելու մեխանիզմներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում հեղափոխությանն ու նրա բերած արժեքներին»,- նշեց Նազարեթ Կարոյանը։

Իսկ ինչպե՞ս պետք է հասնել փոփոխությունների։ Պետք է լինի հանրային լուրջ ճնշո՞ւմ, հանրային ձեւակերպված պահանջները պե՞տք է արտահայտվեն մամուլում, սոցցանցերում։ 
«Հասարակությունը ձեւավորել է կառավարություն, խորհրդարան, իրենք աշխատում են։ Ես կարծում եմ, որ խոսքը վերաբերում է հստակ քաղաքական տեսլականին, իսկ այդ տեսլականն առանձնապես չի երեւում։ Դա նշանակում է իրականացնել խորքային փոփոխություններ, կառուցվածքային փոփոխություններ, պարզապես մարդկանց հանել-դնելով բան չի փոխվելու։ Մենք տեսնում ենք, որ մարդկանց նշանակում են, այդ մարդիկ կա՛մ  չեն կարողանում ոչինչ անել, կա՛մ փորձում են ինչ-որ բան անել, տեսնում են, որ չի ստացվում, հեռանում են։ Փոփոխություններ պետք է լինեն բոլոր օղակներում՝ կառավարությունում, նախարարություններում, Հանրային հեռուստաընկերությունում։ Մարդիկ, որոնք նշանակված են, պետք է հանդես գան երկարաժամկետ ծրագրերով եւ այն ժամանակացույցով, որի ընթացքում պետք է իրականացվեն այդ ծրագրերը»,- կարծում է Նազարեթ Կարոյանը։

Մշակութաբան Արա Նեդոլյանը կարծում է, որ Հանրային հեռուստաընկերությունում փոփոխություններից խուսափում են, որպեսզի մյուս այլ բարեփոխումների արագացման հարցը չլինի օրակարգում։ 
«Իրենք ուզում են շատ դանդաղ եւ աննկատ անել այդ բարեփոխումները։ Բոլոր բարեփոխումները շատ դանդաղ եւ անվստահ են։ Սա, իհարկե, ենթադրություն է»,- նշեց Նեդոլյանը։
Հարցին, թե այս ահազանգը ինչ հետեւանքներ կարող է ունենալ, Արա Նեդոլյանն արձագանքեց․ «Պետք է մտածել, ձեւակերպել պահանջներ եւ ներկայացնել դրանք քաղաքական ուժերին հաջորդ ընտրությունների ժամանակ։ Շատ ցանկալի է, որ հաջորդ ընտրությունների ժամանակ լինի այլընտրանք»։