«Իմ քայլը» թաքցնում է նվիրատուների անունները

«Իմ քայլը» թաքցնում է նվիրատուների անունները

«Իմ քայլի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 21-ի ասուլիսի ժամանակ մեկուկես ժամից ավելի խոսեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ եւ այդպես էլ չհայտնեց, թե պետական պաշտոնյաներից ովքեր են հանգանակություն կատարել «Իմ քայլը» հիմնադրամին։ «Իմ քայլի» նվիրատուների անունները խիստ գաղտնի են պահվում, եւ այս գաղտնիությունը կասկածներ է առաջացնում, որ հիմնադրամը յուրօրինակ քավարան է դարձել հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց համար, որ մեծ հանգանակություն կատարելով՝ նույնիսկ կարող են ազատվել քրեական հետապնդումից։ Վարչապետի կնոջ հիմնադրամը նաեւ կարող է բյուջեից փող դուրս բերելու խողովակ դառնալ։

Օրինակ, մարզպետներին նրբորեն հրահանգվում է, որ իրենք իրենց պարգեւատրեն, ապա գումարները փոխանցեն Աննա Հակոբյանի հիմնադրամին։ Համանման հարցեր ասուլիսի ժամանակ հնչում էին, բայց Աննան անմեղ հայացքով վստահեցնում էր բոլորին, որ իր հիմնադրամի նվիրատուներին չի էլ ճանաչում, առավել եւս չի տեղեկացել, թե ով ինչքան գումար է փոխանցում։ Մութ խոսակցություններին վերջ տալու համար մենք օրերս հարցում էինք ուղարկել «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանին՝ խնդրելով ներկայացնել հիմնադրամի բոլոր նվիրատուների՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ցանկը եւ նրանց հանգանակությունների չափը, թե ով որքան գումար է փոխանցել վարչապետի տիկնոջ հիմնադրամին։ Երեկ ստացանք Հովհաննես Ղազարյանի ոչ թե պատասխանը, այլ՝ մերժումը։

«Տեղեկացնում եմ, որ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի համաձայն՝ հօգուտ բանկի հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք եւ նույն օրենքի հոդված 5-ի համաձայն՝ ենթակա չեն հրապարակման: Ավելին, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանափակում է ֆիզիկական անձին վերաբերող տեղեկության հրապարակումը, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը՝ առանց տվյալների սուբյեկտի համաձայնության։

Հայաստանի Հանրապետության վերոնշյալ օրենքները հստակ սահմանափակում են սահմանում Հիմնադրամի կողմից նվիրատուների անուններն առանց վերջիններիս համաձայնության հրապարակելու համար։ Նվիրատուների կողմից համաձայնություն ստանալու պարագայում նվիրատուների անունները եւ նվիրատվությունների չափի մասին տեղեկությունը կտեղադրվեն Հիմնադրամի կայքէջում»։

Պատասխանն այս մասնագետները որակեցին «անգրագետ եւ խուսափողական» եւ ահա թե ինչու․ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածն ունի հետեւյալ բովանդակության դրույթ․ «Յուրաքանչյուր տարի, հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, հիմնադրամն azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի եւ դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի եւ հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից եւ ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում»։

Փաստացի սա նշանակում է, որ ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկատվությունը «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով համարվում է բաց տեղեկատվություն, որը մինչեւ մարտի 25-ը, այսպես թե այնպես, պետք է հրապարակվի։ Ֆինանսական աղբյուրներ են այն բոլոր նվիրատուները, որոնք հիմնադրամին այս կամ այն եղանակով գումար են փոխանցել։ Հետեւապես, հղում կատարելը «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին՝ ա) տգիտություն է այն տեսակետից, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով սա արդեն համարվում է բաց տեղեկատվություն, եւ բ) ապուշություն է, որովհետեւ բանկային գաղտնիքի տիրապետող սուբյեկտը բանկն է եւ ոչ թե հիմնադրամը, եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին հղում կարող է անել բանկը, եթե մենք պահանջենք տեղեկատվություն, օրինակ, նրա հաճախորդի կարողության, նրա հաշիվների շարժի վերաբերյալ։

Հետեւապես, եթե «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով «Իմ քայլի» նվիրատուների մասին տեղեկությունները ենթակա են հրապարակման, ապա «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով դրանք չեն կարող պաշտպանված լինել։ Հովհաննես Ղազարյանն ու Աննա Հակոբյանը պարզապես ոչ թափանցիկ գործելաոճ են որդեգրել, ինչը խորացնում է կասկածներն առ այն, որ «Իմ քայլը» հիմնադրամը մութ կառույց է, կոռուպցիոն ռիսկերով լի։

Հիշեցնենք, որ ոչ թափանցիկության համար ամենաքննադատված հիմնադրամներն անգամ՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի «Փյունիկ» հիմնադրամը կամ ԼՂՀ նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի «Մարտիկ» հիմնադրամը, ամեն տարի հրապարակում էին իրենց նվիրատուների ու նրանց հանգանակած գումարների լիարժեք ցանկը։ «Իմ քայլի» համեմատ այս հիմնադրամները, փաստորեն, թափանցիկության մարմնացում են։