Զենքի մատակարարման հարցում Եվրոպան լուրջ դժվարությունների առաջ է հայտնվել

Զենքի մատակարարման հարցում Եվրոպան լուրջ դժվարությունների առաջ է հայտնվել

ԵՄ անդամ երկրների ռազմական գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչները լուրջ մտահոգություններ ունեն, որ առաջիկայում բավական լուրջ խնդիրների առաջ են հայտնվելու, քանի որ Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օժանդակության ծավալները կարող են ուղղակի սպառնալիքներ ստեղծել հենց եվրոպական երկրների ռազմական ոլորտի ապահովվածության համար։ 

Սա, իր հերթին, ըստ մասնագետների, կարող է բերել նրան, որ եվրոպական մայրաքաղաքները Կիեւի հետ սկսեն բավական դժվարին խոսակցություններ, որպեսզի հնարավորինս հավասարակշռեն, նվազեցնեն Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունը։ 
Մյուս կողմից, ՆԱՏՕ-ում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե դաշնակից պետություններին կոնկրետ ինչ քանակի սպառազինություն է հարկավոր, որպեսզի դաշինքը կարողանա լիարժեք կատարել հավաքական անվտանգության ապահովման իր գործառույթները։ Առաջիկայում հնարավոր է այս առումով կայացվեն որոշումներ, որոնք իրենց ազդեցությունը կթողնեն ոչ միայն դաշինքի վրա՝ առհասարակ, կամ դաշնակիցների՝ անհատապես վերցրած, այլ նաեւ՝ Ուկրաինայի։ 
ՆԱՏՕ-ում, իհարկե, հասկանում են, որ Ռուսաստանն էլ ունի կորուստներ, սակայն նաեւ հասկանում են, որ այդ կորուստները լրացվելու են, եւ հիմա հաշվարկում են, թե ինչ տեմպով եւ ինչ ժամանակահատվածում Ռուսաստանը կարող է լրացնել իր ռազմական կորուստները, թե՛ զենք-զինամթերքի եւ սպառազինությունների, թե՛ մարդկային ուժի առումով։ 

Ուշագրավ է նաեւ այն, որ ռուս-ուկրաինական պատերազմը Եվրոպայում վերստին ակտուալ է դարձրել ռազմական ոլորտի վրա ուշադրության կենտրոնացումը, եւ այն երկրները, ինչպիսիք, ասենք, Շվեդիան է, որոնք սառը պատերազմի ավարտից հետո մի քանի անգամ կրճատել են իրենց ռազմական հզորությունները, այժմ հակառակ տրամաբանությամբ են աշխատում եւ փորձում են վերականգնել կամ նույնիսկ ավելացնել իրենց ռազմական հզորությունները, ռազմական ոլորտին կատարվող հատկացումները։ Այս ամենից, իհարկե, շահում են ռազմական արդյունաբերությունում գործունեություն ծավալող ընկերությունները, լինեն դրանք Արեւմուտքում, թե Ռուսաստանում, որոնք առաջիկայում մեծածավալ պատվերներ կարող են ստանալ՝ տասնյակ միլիարդավոր դոլարները գերազանցող։ Որքան էլ ցինիկ հնչի, սակայն ռազմարդյունաբերական ձեռնարկությունների համար այս իրավիճակը կարծես թե վատ չէ, որովհետեւ, ինչպես ասում են, «մինչեւ վիզը խրված են լինելու պատվերների մեջ» եւ գերշահույթ են ստանալու՝ մարդկանց դժբախտություններից օգտվելով։