Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի նիստը հետաձգվեց կես տարով․ տեսանյութ

Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի նիստը հետաձգվեց կես տարով․ տեսանյութ

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նախնական դատական նիստին այսօր դատարան չէին ներկայացել Համբարձումյանն ու նրա ներկայացուցիչը։ 

Նախագահող դատավոր Էդիկ Ավետիսյանը նշեց, որ Համբարձումյանը  պատշաճ ծանուցված չէ դատական նիստի մասին: Այդ իսկ պատճառով նիստը պետք է հետաձգվի։ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատարանին տրամադրեց Համբարձումյանի հաշվառման վայրի երկու հասցեներ` նրան պատշաճ ծանուցելու համար: 

Պատասխանող կողմին պատշաճ ծանուցելու համար  նիստը հետաձգվեց և նշանակվեց մոտ կես տարի հետո՝ սեպտեմբերի 26-ին:

Հիշեցնենք, որ Ռ․ Քոչարյանի ներկայացուցիչները դիմել են դատարանին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

Ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել այն, որ Սիլվա Համբարձումյանը 2018 թվականի նոյեմբերի 2-ին ասուլիսի ժամանակ հնչեցրել է հետևյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին և՛ ․․․»: