Պետք է նայել՝ տե՞ր են կանգնում մշակույթին, թե՞ ոչ

Պետք է նայել՝ տե՞ր են կանգնում մշակույթին, թե՞ ոչ

Թարգմանիչ, արձակագիր, Երեւանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսոր Դիանա Համբարձումյանը կարծում է, թե անկախ այն բանից՝ մշակույթի նախարարությունը կմնա որպես առանձին կառույց, թե կմիավորվի կրթության եւ գիտության նախարարության հետ, պետք է նայել նրա գործունեությանը։ 


«Պետք է նայել, թե ինչ ծրագիր ունեն, իրապես մշակույթ են տարածո՞ւմ, կանգնո՞ւմ են մշակույթի գործիչների կողքին, տե՞ր են կանգնում ժամանակակից մշակույթին։ Գոնե վերջին տարիներին չենք տեսնում այդ գործունեությունը, որքան էլ սրա-նրա ճակատին մրցանակ են փակցնում, ուսերին ուսադիր դնում՝ առաջին կոմպոզիտոր, առաջին գրող։

Մենք տեսնում ենք միայն, որ մշակույթը գնում է դեպի խորտակում։ Մարդկայնորեն սիրտս ցավում է այն մարդկանց համար, որոնք գործազուրկ կդառնան։ Սակայն եթե իրենք իրենց գործը ճիշտ չէին անում ոչ կոմպետենտ լինելու, մշակութային լուրջ ծրագիր չլինելու պատճառով, դա հստակ է։ Հնարավոր է, որ աշխատակիցների մեջ կան տաղանդավոր, կազմակերպչական ջիղ ունեցող մարդիկ, բայց նրանց աշխատանքը չէր երեւում, որովհետեւ չկար մշակութային լուրջ ծրագիր, գաղափարախոսություն։

Որքան էլ մենք դատափետենք բրեժնեւյան տարիների կրթությունը, գիտությունը, մշակույթը, բայց այն ժամանակ կային ավելի լուրջ ծրագրեր, քան վերջին 30 տարիների այլակերպումները»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Դիանա Համբարձումյանը։