ՀԱՊԿ նիստում հավանություն է տրվել Գլխավոր քարտուղարի միակ թեկնածու Զասին 

ՀԱՊԿ նիստում հավանություն է տրվել Գլխավոր քարտուղարի միակ թեկնածու Զասին 

Տեղեկացրել էինք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում՝ ՀԱՊԿ-ում, այսօր գլխավոր քարտուղար  են ընտրում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի միակ թեկնածուն Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասն է։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Hraparak.am-ին հենց նոր հայտնեց․«Նիստի ընթացքում հավանություն տրվեց Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու 2020թ. հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Ստանիսլավ Զասի թեկնածությունը»։ Այլ հարցերի, մասնավորապես, Հայաստանը վետո դրե՞լ է, ինչպես Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էր նաև 2 օր առաջ խոստացել, ԱԳ խոսնակը չկարողացավ պատասխանել՝ ասելով, որ լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի։

Փաստորեն, ՀԱՊԿ անդամները շրջանցեցի՞ն Հայաստանի ցանկությունը, որը մշտապես և դեռ 2 օր առաջ էլ պնդում էր, մինչև 2020թ. այդ պաշտոնում մեր երկրի ներկայացուցիչը պետք է պաշտոնավարի։

Նշենք, որ սա դեռ 2018 թվականի օգոստոսից հետո միանգամայն սպասելի  իրողոթյուն էր և մեր իշխանությունները, գլուխները ավազի մեջ թաղած, կամ  չէին ուզում տեսնել, կամ, ավելի հավանական է, տեսնում էին, բայց հանրության համար ՀՀ Պաշտպանության ու Արտաքին գործերի նախարարների մակարդակով  «լոլոներ» էին կարդում։

Իսկ Ռուսական կողմից մեկ անգամ չէին փորձագիտական մակարդակներով զգուշացրել, թե Յուրի Խաչատուրովի նկատմամբ ՀԱՊԿ Գլխավորի պաշտոնում, առանց նրան նախապես հետկանչելու, քրեական հետապնդում սկսելը հայկական կողմից «նամարդություն էր» հայ-ռուսական ռազմավարական գործընկերության նկատմամբ։  Այն ժամանակ  ՆԱՏՕ-ի ու Ստոլտենբերգի օրինակն էր բերվում, առաջարկելով պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե այս ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարի նկատմամբ հարուցվեր քրեական մեղադրանք։ 

Իհարկե, ռուսական կողմը դեռ մի քիչ էլ facesaving-ի հնարավորություն տվեց՝ Բելառուսի ներկայուցչի փոխարեն վերջին մի քանի ամիսների նշանակելով ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովին՝ ԺՊ-ի պաշտոնում։