Իսկ սարսափելին լռությունն է

Իսկ սարսափելին լռությունն է

Ազատության հրապարակից Արցախի նախագահի դեմ հաշվեհարդարի կոչ է հղվել: Ոստիկանությունը բերման է ենթարկել կոչ հնչեցնողին, ապա ազատ արձակել: Եվ` վերջ: Սարսափելին այդ լռությունն է: Այն, որ իշխող քաղաքական ուժը ոչ թե դատապարտեց երեւույթը, այլ հայտարարեց, թե հավաքի եւ նրա կազմակերպիչների հետ կապ չունի, հնարավոր է` այդպես էլ կա, բայց դրանից քիչ բան է փոխվում: Իշխող կուսակցությունը պատասխանատու է ամեն ինչի եւ բոլորի համար: Նրա համար, որ ստեղծվել է անառողջ մթնոլորտ: Որ կան բռնություն քարոզող խմբեր: Որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնացվում է Արցախի հետ: Որ ի աջակցություն Քոչարյանի ասվածը ներկայացվում է որպես «հակահեղափոխություն»… Իշխանության «գլխարկը» չափազանց ծանր է: Պետք է կարողանալ այն կրել պատասխանատվությամբ: Լռությունը չի հանում հարցերը: Ընդհակառակը, նոր հարցեր է ծնում: Մասնավորապես` ինչո՞ւ վարչապետ Փաշինյանը չդատապարտեց Արցախի նախագահի դեմ բռնության կոչը: Չկարեւորե՞ց, նշանակություն չտվե՞ց: Համարեց, որ մի անհավասարակշիռ երիտասարդի շուրթերից հնչած խոսքը որեւէ նշանակություն չունի՞:

Հարցադրումների հասցեատերն ինքն է` Հայաստանի վարչապետը: Հասարակությունը նրանից է իրավիճակի քաղաքական գնահատական եւ հետագա անելիքների նախանշում ակնկալում: Այլապես կհայտնվեն այլընտրանքային ընկալումներ, գաղափարներ եւ գործողությունների կոչեր: Իրավիճակի լիցքաթափման պատասխանատվությունն ընկնում է իշխանության, իշխող քաղաքական ուժի վրա: Լռությունը համադարման չէ: Այն միայն կասկածներ է ծնում եւ խորացնում: Իսկ կասկածը ցեց է, որ կարող է ճարակել հանրային գիտակցությունը, ձեւավորել բոլորովին այլ վերաբերմունք: Դա մեծագույն փորձություն կլինի մեր պետականության եւ առհասարակ՝ ինքնության համար: