Փաշինյանին եւ Օսիպյանին հարցաքննելու վերաբերյալ բողոքը դեռ քննարկվում է

Փաշինյանին եւ Օսիպյանին հարցաքննելու վերաբերյալ բողոքը դեռ քննարկվում է

Իր լիազորոթյուններից դուրս գործողություններ կատարելու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանի միջնորդությունը Վալերի Օսիպյանին եւ Նիկոլ Փաշինյանին այս գործով հարցաքննելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը մերժել է, որից հետո Սաֆարյանը որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությանը:

Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց պաշտպանը՝ նշելով, որ դատախազությունից դեռեւս պատասխան չունի:

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանն էլ մեզ փոխանցեց՝ այս պահին բողոքը դեռ քննարկման փուլում է:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին Լևոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով։ Մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս էին եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս էին պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել էին ծանր հետևանքներ: Երանոսյանը իրեն մեղավոր չի ճանաչում: