Պատգամավորը վեթթինգի ենթարկեց վարչապետին և Հրայր Թովմասյանին
«Հրապարակի» հարցազրույցը «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ․
- Պարոն Բաղդասարյան, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց․ «Եթե առաջնորդվում ենք այն կանխավարկածով, որ օրվա քաղաքական իշխանությունը պետք է իշխանություն լինի նաեւ դատարանում, ապա պետք է ազնիվ լինել ու Սահմանադրության մեջ այդպես էլ գրել, որ խորհրդարանական ընտրություններից կամ կառավարություն կազմավորելուց հետո վարչապետը մեկ ամսվա ընթացքում նշանակում է բոլոր դատավորներին. դա կլինի ազնիվ, բայց կլինի մեծագույն սխալ»։
- Ես չգիտեմ՝ նման բան դժվար թե ՍԴ նախագահն ասեր, որ քաղաքական գործիչն էլ մեկնաբաներ։ Իմ կարծիքով՝ մի քիչ ուրիշ կերպ է ասել, բայց, բոլոր դեպքերում, չեմ կասկածում վարչապետի ազնվության վրա։ Հակառակը, կասկածում եմ Հրայր Թովմասյանի ազնվության վրա։
- Նաեւ ՀՔԾ-ն է կարճել դատարանների արգելափակման փաստով քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով։
- Նախ, հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ տվյալ դատավորի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ կոնկրետ գործով ապացույց ներկայացվի, կամ արդարադատություն իրականացնելիս իրեն վիրավորանք հասցված լինի։ Նման դեպքեր չեն եղել։ Անգամ այն տեսանյութը, որտեղ երեւում է, որ դատավորը մտնում է պատուհանից (դատարան), այն կոնկրետ դատավորի գործառույթ չէ։ Պատուհանից ներս մտնելն արդարադատություն իրականացնել չէ, չէ՞, որ մեկնաբանվի, թե խոչընդոտել են։
- ԲՀԿ-ի Ձեր գործընկերները վեթթինգի կապակցությամբ հայտարարեցին, որ հակված չեն իրավական գործընթացներին քաղաքական գնահատական տալ։ Իսկ դո՞ւք։
- Վեթթինգի պրոցեսը, առհասարակ, հետեւյալն է․ մշակվում է մեթոդաբանություն։ Ենթադրենք՝ Դուք անցկացնում եք հարցազրույց, կա, չէ՞, հարցազրույցի ինչ-որ մեթոդաբանություն։ Նույնկերպ կա վեթթինգի անցկացման մեթոդաբանություն։ Դրա հիման վրա կազմվում են հայեցակարգային դրույթներ։
- Իսկ ինչ-որ մոդելներ կա՞ն։
- Կա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից մշակված հարցաշար, եւ վեթթինգը դրա շրջանակում կարելի է իրականացնել։ Այսինքն՝ դրանից վերցնել այն հարցերը, որոնք ակտուալ են, գործող մեխանիզմներով չեն ստուգվում, էդ հարցաշարով կազմակերպել էդ ստուգումը։ Ինձ համար ընդունելի տարբերակն այն է, որ որպես մեթոդաբանություն՝ վերցնենք ՄԱԿ-ի հանձնակատարի գրասենյակի կողմից մշակվածը։
- Հայաստանը փոքր երկիր է․ իրավաբաններն ընկերներ են, կուրսեցիներ, խնամիներ, քավոր եւ այլն։ Այս հարցերում ինչպե՞ս եք առաջնորդվելու, որովհետեւ Հայաստանն ԱՄՆ կամ Եվրոպա չէ։
- Եթե վեթթինգն իրականացվում է օբյեկտիվ չափանիշներով, կուրսեցի, խնամի-բարեկամը կապ չունի։ Քավոր եւ այլն, հիշում եմ, բայց դա վեթթինգի հետ կապ չունի։ Եթե մեթոդաբանության մեջ լինի հայեցողական լիազորություն, Ձեր ասածը տեղին կլինի, եթե չլինի՝ ոչ։ Ասեմ, որ անձամբ դեմ եմ լինելու հայեցողական լիազորություններին, երբ պաշտոնատար անձը որոշողն է։ Իսկ հայեցողական լիազորությունների բացակայության դեպքում օբյեկտիվ տվյալների հիման վրա է, այսինքն՝ մարդուց ոչինչ կախված չէ։ Ես կողմ եմ այդ տարբերակին։
- Իսկ օբյեկտիվ տվյալներն ինչպե՞ս են․․․ ձեռք բերվում։
- Ասում են, օրինակ, Նիկոլայ Բաղդասարյանն x քանակի աշխատավարձ է ստացել y ժամանակահատվածում, եւ այդ գումարից ավելի գույքի ձեռքբերում նա չպետք է ունենա։ Այսինքն՝ դա մաթեմատիկական հաշվարկ է լինելու։
- Վեթթինգը ենթադրում է նաեւ ենթարկվողի գույքի, ունեցվածքի ուսումնասիրություն։ Հիմա․ եթե գույքի, ունեցվածքի հայտարարագրման ինստիտուտը 2011-ից է գործում, ինչպե՞ս կարելի է հետ գնալ, առա՞ջ։
- Ունեցվածքի հետ կապված՝ գործող մեխանիզմով ստուգվում է։ Վեթթինգի իմաստն այն է, որ այս մարդը տասը տարի աշխատել է, աշխատավարձն ամեն տարի, օրինակի համար, կազմել է 1000 դոլար։ 10 անգամ 1000, պետք է ունենա 10 հազար դոլար, բայց իր էսօրվա գումարը կազմում է 25 հազար դոլար։
- Հա, ինքն էլ ասում է, որ 2011-ից առաջ՝ 2009 թվականին, իր հորեղբորից կամ այլ ազգականից նվիրատվություն է ստացել։
- Թող հիմնավորի, եթե կարող է հիմնավորի, ուրեմն օրինական է։ Եթե ինքը կարող է հիմնավորի իր գույքի ծագման աղբյուրը․․․
- Ասում է՝ քեռիս է նվիրել, ոնց որ Արգիշտի Քյարամյանը․ հավատալո՞ւ եք։
- Հավատալու խնդիր չկա, եթե կարողանում է օրինական ապացուցի։
- Ինչպե՞ս ապացուցի․ քեռին նվիրել է, մահացել է կամ էլ ՀԴՄ կտրոն չի տվել։
- Դրա համար եմ ասում՝ մեթոդաբանություն, դրա համար արդեն մեթոդաբանություն կա։ ՄԱԿ-ի կողմից նշածս մեթոդաբանությունը մի քանի պետությունում արդեն իսկ գործարկված է եւ արդյունք տվել է։
Կարծիքներ