Ասա՛ Ժիրիկ, ո՞վ ուղղորդեց քեզ միանալու «Սրբազան շարժմանը». Արմեն Բիլյանի նամակը ՔԿՀ-ից
Արցախի, հետո առանձին Քարվաճառի, հետո էլ Կիրանցի «պաշտպանության» ու «ազատագրման» գործերը, «հող հանձնողին հողին հանձնելու» գործը կատարելապես գլուխ հանելուց հետո, Ժիրայր Սեֆիլյանը հիմա էլ լծվել է Սյունիքի, ձեռի հետ էլ Վայոց Ձորի փրկության սուրբ գործին: Բայց դրա համար անշուշտ փող է պետք, ժողովուրդ ջան: Նրան փող տվեք, որ
Սյունիքն ու Վայոց Ձորը փրկի: Քիչ փող տաք, քիչ գործ կկարողանա անել նա.
շատ փող տաք՝ շատ գործ: Իր բառերն են:
Հա.․․ քանի փողից ենք խոսում, չմոռանանք՝ «Մերօրյա Նժդեհը» էլի' փողի կարիք
ունի, «Բեւեռի» մեդիան ֆինանսական ճգնաժամի մեջ է, փող է պետք, «բանտում
պահվող մեր ընկերներին ցուցաբերված փաստաբանական ծառայությունների ծախսերի» համար փող է պետք: Վարուժան Ավետիսյանը գիրք է գրել. հրատարակման համար փող է պետք: Տղերքը Վաշինգտոնում լոբբիինգ են անում: Մի քիչ էլ, ու ԱՄՆ-ը վերջնականապես կփրկի Հայաստանը: Բայց էդ գործն առանց փողի հո չի լինի: Փո՛ղ ուղարկեք:
Իրականում խիստ կասկածում եմ, որ Ժիրիկի ֆինանսական, հատկապես անձնական ֆինանսական գործերը վատ լինեն: Պատվերներ կատարողը քյասիբ չի մնա: Բայց որ նրա «ազգային» գործերը վատ են, կասկած չկա:
Ժիրիկի գործերն արդեն լավ չէին: 2023 թվականի օգոստոսից նա նորից տեղավորվեց Ազատության հրապարակում, խոստանալով «օրերի ընթացքում» հաղթանակ, «իքս պահի» շուտափույթ գալուստ, «հաշված օրեր» և «տուն չենք գնալու մինչեւ հաղթանակ»: Ժիրիկի համար Նիկոլի այնքան «ատելի» ռեժիմը, որ ուրիշ ոչ ոքի թույլ չի տալիս հանրային տարածքներում ակցիաներ կազմակերպել, այս դեպքում «զարմանալի» լայնախոհություն ցույց տվեց: Բայց դա էլ չօգնեց «ռեժիմի միակ իսկական ընդդիմադիր» Ժիրիկին ու նրա Բեւեռին: Ոչ միայն ժողովուրդ,
բնականաբար, չէր հավաքվում, այլ կարեւոր թվով ակտիվ անդամներ Ժիրայրի
խաբեություններից ու մանիպուլացիաներից հիասթափված ու զայրացած, հեռանում
էին: «Իքս պահը» համառորեն չէր գալիս ու չէր գալիս: «Հաշված օրերը»
հերթական անգամ դարձան անհաշիվ ամիսներ: Մինչեւ ե՞րբ «տուն չէին գնալու»
տղերքը: Իրականում, բացի մի քանի հոգուց, «տղերք» էլ չկային այնտեղ: Դա ոնց
որ անհաճախորդ մի կրպակ լիներ, որ միայն վնասներ էր կրում: Այն պետք էր
փակել: Բայց էշը նստելը մի այիբ, էշից իջնելը ուրիշ այիբ: Էդ ինչ հարված
կլիներ Ժիրիկի «իմիջին» եթե, առանց «հաղթանակ» ապահովելու, նա փակեր կրպակը:
Ակամա օգնության հասավ Բագրատ սրբազանը: Հունիսին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում շուրջօրյա նստացույցը Ժիրիկին հնարավորություն տվեց դրան միանալու պատրվակով սուսուփուս հեռանալ Օպերայից: ԱԺ-ի դիմացից էլ, հայդե տներով: Այո, այդ իմաստով Բագրատ սրբազանն իսկապես «ընծա» էր քեզ, ինչպես ասում էիր իր հասցեին: Բայց միայն այդ իմաստով: Իրականում հենց «Սրբազան շարժման» միանալը վճռական հարված հասցրեց արդեն
իսկ փետրաթափվող և քաղաքական վերջնական սնանկացման հունով ընթացող Ժիրայրին ու Բեւեռին: Արդեն իսկ նոսրացած համախոհների ու ակտիվ աջակիցների շարքերը միանգամից ցամքեցին: Մարդիկ չհասկացան, թե ինչպե՞ս թունդ հակառուս և հականախկին ներկայացող խումբը միացավ Մոսկվայի ու նախկինների խիստ
ազդեցության ենթակա լինելու առնվազն ընկալում ունեցող շարժման: Երեք ամիս
անց մատը կծելով հեռացավ բայց արդեն ուշ էր:
Ասա՛ Ժիրիկ, ո՞վ ուղղորդեց քեզ միանալու «Սրբազան շարժմանը» և ո՞վ
ուղղորդեց հեռանալ:
Հեռանալու «մահանաները» ուղղակի ծիծաղելի են: «Արցախի անկախության» տարեդարձի նշում: Իբր Ժիրիկը չգիտեր, որ այդ շարժումը սատարող ուժերը միշտ էլ Արցախը համարել են «անկախ պետություն»: Հարթակից ելույթ են ունենում օդիոզ, մերժելի դեմքեր: Ոնց որ սկիզբը ելույթ էին ունենում միայն
«ընդունելի», ու հետո հանկարծ միայն մերժելի դեմքեր: Այդ դուք չէի՞ք, որ
շարժման շարքերում նստում ու կանգնում էիք ՀՀԿ ներկայացուցիչների ու այլ
նախկինների կողքին: Հարթակից բարձրաձայնվում էր «նախկինական»
«քաղբանտարկյալների», բայց ոչ Ծռերի ազատության հարցը: Ինչու՞ ուրիշները
պետք է բարձրացնեին Ծռերի հարցը. ինչու՞, որպես շարժման լիիրավ մասնակից՝
ինքներդ չվերցրեցիք բարձրախոսն ու չբարձրացրեցիք այդ հարցը: Բագրատ
սրբազանն անտեսեց Բեւեռի ներկայացրած բոլոր առաջարկները: Իսկ ինչու՞ չեք
հրապարակում այդ առաջարկները. ինչու՞, Ժիրիկ, հերթական անգամ «փակագծերը»
չես բացում: Նորից՝ ասա' Ժիրիկ. ո՞վ ուղղորդեց քեզ միանալու «Սրբազան շարժմանը» և ո՞վ ուղղորդեց հեռանալ: Սե՞րժը, Նիկո՞լը, երկուսը միասի՞ն, թե՞ ուրիշներ:
Իր խայտառակ ձախողումները Ժիրիկն ինչպես միշտ փորձում է խաբեությամբ
արդարացնել իբր «աննախադեպ հալածանքների» իրողությամբ: Դրանով նա նաեւ
փորձում է նույն խաբեությամբ իրեն ներկայացնել որպես իսկական պայքարող և
«ատելի» ռեժիմի թիրախ, հետեւաբար համակրանքի, աջակցման և նյութական
օժանդակության արժանի: Խաբեության այդ փորձերը վաղուց կորցրել են իրենց
էֆեկտիվությունը: Նրա բերած «ապացույցները», որոնք վերաբերվում են անցնող 4
տարիների ընթացքում 2-3 անգամ ակցիաների ընթացքում ոստիկանության կողմից
աջակիցների բերման ենթարկման, ավելի քան ծիծաղելի են:
Այս խայտառակություններից հետո Ժիրիկը նորից փորձում է «ինքնուրույն»
ներկայանալ հանրությանը, մարդ հավաքելու նպատակով օգտագործելով
խորհրդանշական ամսաթվերը: Դրանցից մեկը սեպտեմբերի 20-ն էր, Արցախի
վերջնական կորուստն ու դատարկումը. մյուսը հոկտեմբերի 12-ն էր, Կարսի
պայմանագրի տարելիցը: Դրանք միմիայն նորանոր խայտառակություններ բերեցին
Ժիրիկին: Նույնը լինելու է նոյեմբերի 9-ին:
Չնայած այս բոլորին, Ժիրիկը գործազուրկ չի մնա: Նա նոր պատվեր է ստացել՝
փրկել Սյունիքն ու Վայոց Ձորը: Մենք իհարկե տեսել ենք, թե քառօրյայից հետո
նա ինչպե՞ս 800 հեկտարը ազատագրեց, 44 օրյայում Արցախ ոտ չդնելով Արցախը
փրկեց, օրեր անց Քարվաճառը փրկեց, «հող հանձնողին հողին հանձնեց», վերջերս
էլ Կիրանցը փրկեց:
Ուրախությամբ հիշեցնեմ քեզ, Ժիրիկ, որ կարճ ժամանակ է մնացել խոստումդ
իրականացնելու՝ Ամանորն ու Սբ. Ծնունդը Ստեփանակերտում ու Շուշիում
դիմավորելու: Իհարկե, «առանց մեկ կրակոցի»:
Մի քիչ էլ անցնի, դու Երեւանն էլ կփրկես: Երեւանի կենտրոնում վաղուց
խրամատներ ես փորել: Դուք ձեզ ապահով զգացեք, երեւանցիներ:
Իրականում, Ինչպես միշտ արել ես, Ժիրիկ, նորից պատվեր ես կատարում և նորից
փորձում ես փող հավաքել ու քո չափազանց ցամքած շարքերը մի քանի հոգով
ավելացնել:
Ասում ես, որ դու ո'չ Սերժի հետ կապ ունես, ո'չ էլ Նիկոլի: Այդ դեպքում
բացատրի, ինչպե՞ս է պատահում, որ դու դատապարտվում ես 10,5 տարվա
բանտարկության, ապա Նիկոլի գալուստով ազատ արձակվում, ապա նրան «նեցուկ» ես կանգնում, ապա քո վճիռը զրոյացվում է, դու ՀՀ քաղաքացիություն ես ստանում,
հետո դադարում նեցուկ լինելուց և շարունակում ազատության մեջ մնալ ու
«ամենաթունդ» ընդդիմադիր խաղալ:
Ասում ես՝ «տղաները (Ծռերը) դուրս կգան երբ քաղաքական իշխանությունը
փոխվի»: Կրկնության գնով նորից հարց տամ. ինչպե՞ս բացատրել, որ «տղաներին
ներսում» պահող այս նույն քաղաքական իշխանության օրով դու դրսում ես: Բացի
այդ, ինչպե՞ս բացատրել, որ այս նույն քաղաքական իշխանությունների օրով ՊՊԾ
գնդի գրավման մասնակիցներից միայն 10-ի դատավարությունն ավարտվել է և նրանք ազատազրկված են, մինչդեռ մնացած 21-ի դատերը, ՊՊԾ-ի գրավումից ավելի քան 8 տարիներ անց, չեն էլ տեղի ունենում: Դեռ ավելին. նրանց մի մասը, չնայած քեզ
նման լավ էլ չաղացած, քեզ հետ ձեռք-ձեռքի առանց իրենց ճակատագրով
անհանգստանալու «կուռ պայքար» են մղում այս իշխանությունների դեմ, իսկ
վերջինները չեն անհանգստացնում նրանց, մինչդեռ նրանք ազատության մեջ են
որովհետեւ ընդամենը նրանց խափանման միջոցներն են փոխվել և իշխանությունները ցանկության դեպքում հեշտությամբ կարող են նորից կալանավորել նրանց: Իրականում ոչ միայն իմ ու Պավլիկ Մանուկյանի, այլեւ դատված մյուս 7 «Ծռերից» մի քանիսի ազատազրկված լինելը լավ էլ ձեռնտու է քեզ, որովհետեւ ազատության մեջ լինելու պարագայում նրանք էլ հաշիվներ են պահանջելու քեզանից:
Ինչ վերաբերվում է իբր ոստիկանի սպանության գործով իմ նկատմամբ կեղծ
մեղադրանքի հարուցման և 25 տարվա ազատազրկման դատապարտմանը, դու ո՛չ միայն այս հարցում մեղսակից ես Սերժի ու Նիկոլի ռեժիմներին, այլ այդ կեղծիքի
հովանավորն ես: Եթե, ինչպես նախապես մարդկանց մոլորեցնելով ասում էիր, իմ նկատմամբ կեղծիքը ռեժիմի գործն է, ապա ինչու՞ ո՛չ Սերժի, ո՛չ էլ Նիկոլի օրով այդ կեղծիքի նկատմամբ ո՛չ մի ծպտուն չես հանել: Ինչու՞ ո՛չ Նիկոլին «նեցուկ» եղած
ժամանակդ, ո՛չ «աննեցուկ» եղած ժամանակդ, ո՛չ մինչեւ առաջին ատյանի
դատարանի կողմից իմ արդարացումը, ո՛չ (քո մասնակցությամբ) վերստին
դատապարտումը, ոչ մի ձայն չես բարձրացրել:
Դուք ասում եք, որ «բարոյական իրավունք չունեք» ոստիկանին իրական
վիրավորողին թելադրելու, որ նա պատասխանատվություն ստանձնի պատահածի
նկատմամբ: Բայց դուք ձեզ «բարոյական իրավունք» տվել եք գործարքի գնալու,
ծանր կեղծիքն իմ վրա բարդելու և այն մինչեւ այսօր պահելու: Եթե դուք այդքան
բարոյական եք, ապա ձեր վրա վերցնեիք կեղծիքը, այլ ոչ թե ուրիշի վրա բարդեիք
այն: Ժիրիկ, ո՞նց մորս աչքերի մեջ նայելով ասացիր. «Այո, գիտենք, որ խփողը տղադ
չի, բայց չենք ասի խփողն ով է, որովհետեւ եթե ասենք՝ նա կդատվի»:
Ինչու՞ հանկարծ «բանտում պահվող ընկերների» պաշտպանների ծախսերն ավելացել են ու պետք է դրանք փակել: Հիմա ու՞մ պաշտպանելու համար ես փող հավաքում: Ասա՛, մարդիկ իմանան, որ դա իմ պաշտպանության հետ կապ չունի, և ասա՛ թե մնացածներից ու՞մ հետ կապ ունի: Ես 2016 թվականից ոչ մի վճարովի պաշտպան չեմ ունեցել: Դու և քո մեղսակիցներն ամեն ինչ արել եք, որ խափանեք իմ
պաշտպանությունը: Խորհրդավորություն պահելու համար ամեն հարցում ասում ես՝ «Հիմա փակագծերը չեմ բացի»: Իհարկե քո գործակալ լինելու, պատվերներ ու գումար ստանալու փակագծերը չես ցանկանա բացել, բայց դրանք քեզնից անկախ վաղուց բացված են: Դու եղել ու շարունակում ես մնալ և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունների, և՛ օտար ուժերի ծառայողը:
Ժիրիկին չհավատա՛լ, նրա առաջարկած նոր շրջանի վիճակախաղին չմասնակցե՛լ:
Արմեն Բիլյան
«Արմավիր» ՔԿՀ
7 նոյեմբերի, 2024թ․
Կարծիքներ