Ինչո՞վ է զբաղվել ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը

Ինչո՞վ է զբաղվել ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը

Պե՞տք է արդյոք բուհին հոգաբարձուների խորհուրդ: Ի՞նչ նպատակով են ստեղծվել բուհական հոգաբարձուների խորհուրդները, ինչո՞վ են դրանք զբաղված, ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունեն, եւ, վերջապես՝ որքա՞ն է դրանց՝ բուհի հանդեպ պատասխանատվության չափաբաժինը:

Օրենսդրությամբ սահմանված է, որ բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամները կարող են խորհրդի նիստերի ընթացքում առաջարկություններ ներկայացնել, հարցեր տալ եւ ստանալ տեղեկություններ, ինչպես նաեւ՝ պարտականությունների կատարման ընթացքում ստանալ ծախսերի փոխհատուցում: Սա՝ իրավունքների մասով: Բացի այդ, կան նաեւ օրենսդրությամբ ամրագրված պարտականություններ: Մասնավորապես, հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին եւ գործել խորհրդի շահերից ելնելով: Առաջարկություններ ներկայացնելու, հարցեր տալու եւ տեղեկատվություն ստանալու իրավունք բոլորս ունենք, եւ դրա համար պարտադիր չէ լինել որեւէ բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ: Ստացվում է, որ հոգաբարձուների խորհրդի անդամներն ունեն միայն մեկ առաքելություն, այն է՝ մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին:

Բուհի հանդեպ պատասխանատվությունն էլ սահմանափակվում է մեկ նախադասությամբ՝ հոգաբարձուների խորհրդի անդամը պետք է գործի (նիստերին մասնակցի) բուհի շահերից ելնելով: 
Արդեն երկու տարի անընդմեջ ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ եւ նախագահ է ընտրվում Մուրադյան Գեւորգը: Չեմ կարծում, թե նրա առաքելությունը առաջարկություններ ներկայացնելը, հարցեր տալն ու պատասխաններ ստանալն է: Երկու տարվա ընթացքում նա ո՛չ առաջարկություն է ներկայացրել, ո՛չ հարց է տվել եւ, հետեւաբար, պատասխանի ակնկալիք չի ունեցել: Սակայն անհերքելի փաստ է, որ Մուրադյան Գեւորգը լիարժեք կատարել է օրենքով սահմանված իր պարտականությունը՝ միշտ մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստերին: Վիճահարույց է մնում միայն մեկ հանգամանք՝ արդյո՞ք նա գործել է ԵՊՀ-ի շահերից: Անշուշտ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստերին մասնակցելը որեւէ կերպ չի վնասում ԵՊՀ-ին, հետեւաբար, դա կարող է դիտվել որպես ԵՊՀ-ի շահ, սակայն խնդիրը դրանում չէ: Փորձեմ հանրամատչելի աղբյուրներից պեղել Մուրադյան Գեւորգի՝ ի շահ ԵՊՀ-ի գործելու դրվագները:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո, ի շահ ԵՊՀ-ի, Մուրադյան Գեւորգի միջնորդությամբ,  495 հազար ՀՀ դրամ աշխատավարձով, ԵՊՀ-ում աշխատանքի ընդունվեցին նրա մտերիմները: Նրանցից մեկը բարձր պաշտոն էր զբաղեցնում «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունում: Շատերի կարծիքով, դա էր պատճառը, որ ԵՊՀ-ն խզեց «Ռոսգոսստրախ»-ի հետ պայմանագիրը եւ ապահովագրության պայմանագիր կնքեց «Նաիրի ինշուրանս»-ի հետ: 

Մուրադյան Գեւորգի գործուն մասնակցությամբ, կրկին ի շահ ԵՊՀ-ի, փորձ արվեց լուծարել ԵՊՀ-ի հաշվապահությունը: Խնդիրն այն էր, որ վերջինս փորձում էր ԵՊՀ-ին վերավաճառել եւ իր ՍՊԸ-ների միջոցով իրականացնել հաշվապահական ծրագրի սպասարկումը:

Այնուհետեւ, իհարկե, ի շահ ԵՊՀ-ի, Մուրադյան Գեւորգի կողմից չեղարկվեց ԵՊՀ-ի 100-ամյակին նվիրված՝ «Ռենեսանս» ռեստորանում անցկացվելիք ընթրիքը, եւ այն անցկացվեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում: Եվ եթե «Ռենեսանս»-ում ԵՊՀ-ն պետք է մեկ անձի հաշվարկով վճարեր 10-12 հազար ՀՀ դրամ, ապա «Ֆլորենս»-ը ԵՊՀ-ից պահանջեց եւ ստացավ մեկ անձի համար 40 հազար ՀՀ դրամ: 

Հանրամատչելի աղբյուրների տեղեկացմամբ, Մուրադյան Գեւորգը, բացառապես ի շահ ԵՊՀ-ի, ընդամենը 40 հազար ԱՄՆ դոլարով ցանկանում էր գնել ԵՊՀ-ի՝ Բյուրականում գտնվող բազան:
Մուրադյան Գեւորգի՝ ԵՊՀ-ում եղած ժամանակահատվածում, ի շահ ԵՊՀ-ի, իրականացվել են բազմաթիվ ապօրինություններ՝ կրճատվել է մի քանի հազար համալսարանականների կողմից կնքված աշխատանքային պայմանագրերի ժամկետները, ԵՊՀ-ում մեծ թափ է ստացել իրավական եւ վարչարարական աճպարարությունը, ի հայտ է եկել պաշտոնյաների անձնական հետաքրքրությունների եւ հանրային շահերի բախմամբ պայմանավորված կոռուպցիան, խոչընդոտվել է մամուլի՝ մասնավորապես «Հրապարակ» օրաթերթի ազատ տարածումը: Դե, մանր-մունր խնդիրների մասին, ինչպիսիք են շուրջ 55 հազար դոլար արժողությամբ հիդրոտարան, «Հյուր սերվիսի» մատուցած խնդրահարույց ծառայությունները, իրավական հարթությունում ժամկետների խախտումները, տեղեկատվության տրամադրման պարբերաբար մերժումը, դատարաններում ԵՊՀ-ի իրավական անպաշտպանության կազմակերպումը, չեմ խոսում, քանզի դրանք եւս իրականացվել են ի շահ ԵՊՀ-ի: 

ԵՊՀ-ի օրինակով փորձեցի պարզաբանել, թե ինչով են իրականում զբաղված հոգաբարձուների խորհուրդները: Կարծում եմ, որ միայն հասկանալով դա, հնարավոր կլինի ճշգրիտ որոշել հոգաբարձուների խորհուրդների՝ բուհի եւ հասարակության հանդեպ պատասխանատվության աստիճանը: Ցավոք, դա օրենքով ամրագրված չէ: 

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ