Վերաքննչի դատավորներին վախացրել են, ծանոթություններ ունեն Ռոբերտ Քոչարյանի ադվակատների հետ․ Արսեն Չիչյան

Վերաքննչի դատավորներին վախացրել են, ծանոթություններ ունեն Ռոբերտ Քոչարյանի ադվակատների հետ․ Արսեն Չիչյան

Մենք դեռ նախորդ տարվա վերջին հրապարակել էինք Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի նախկին սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի նախկին ունեցվածքի հափշտակության վերաբերյալ քրեական գործ հարուցվելու մասին։ Հիշեցնենք՝ վարույթի հիմքում Ախթալայի կոմբինատի անվտանգության ծառայության նախկին պետ Արսեն Չիչյանի բողոքն է։

Չիչյանը Սերոբ Տեր-Պողոսյանի հավատարիմ մարդկանցից է եղել։ Տեր-Պողոսյանը նրան է վաճառել Ախթալայի կոմբինատի բաժնետոմսերի 10 տոկոսը, որի վերաբերյալ ինքն ունի առքուվաճառքի պայմանագիր, եւ որը, ըստ Չիչյանի, իրենից հափշտակել են։ Սերոբ Տեր-Պողոսյանի մահից հետո Չիչյանը Տեր-Պողոսյանի ունեցվածքին առնչվող բազմաթիվ դատական հայցեր է ներկայացրել։ 

Չիչյանն այսօր դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Նամակում, մասնավորապես, հայտնում է․ «Հայտնվել եմ մի իրավիճակում, որը ոչ այլ կերպ, քան ռեյդերություն անվանել չեմ կարող: Խնդրի մասին բազմիցս խոսել եմ թե՛ իրավապահ մարմիններում, թե՛ մամուլում: 

Պատմությունը տխրահռչակ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի և իմ ունեցվածքի հմուտ յուրացման գործընթացի մասին է: Այն սկսվել է երկուհազարականների սկզբից և շարունակվում է առ այսօր:

Տվյալ ժամանակներում համատարած երևույթներ էին երբ անձին ապօրինաբար զրկում էին իր սեփականությունից՝ օգտագործելով այսօր արդեն ավելի հայտնի oֆշորային սխեմաներ: Դրա զոհը դարձա նաև ես:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի բաժնետոմսերի միակ սեփականատերը Նևիս (օֆշոր) կղզում գրանցված «Մեթըլ Փրինս էլ Թի Դի» կորպորացիան էր: Այդ կորպորացիայի 10% պատկանում էր ինձ, իսկ մնացած 90% մեկ այլ օֆշորային «Նուշ Հոլդինգ Քորպորեյշն» ընկերությանը, որի տնօրենն առ այսօր հանդիսանում եմ ևս ես: «Նուշ Հոլդինգ Քորպորեյշն» ընկերության իրական սեփականատերը տխրահրչակ Սերոբ Գորիոն Բողոսյանն էր (վերջինս մանկապղծության գործով դատապարտվեց և հիվանդությունից 2014 թ-ին մահացավ կալանավայրում):

2014թ-ի տարեվերջին ես պատահաբար տեղեկացա, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատն արդեն վաճառվել է այլ կազմակերպության՝ «Մասկօ Մայն» ՓԲԸ-ին, որի սեփականատերն ըստ շրջանառվող լուրերի Մաքսիմ Հակոբյանն էր, Ռոբերտ Քոչարյանի հովանավորյալը։ Որպեսզի չընկնեմ իրավաբանական մանրամասնությունների մեջ կարող եմ ասել հստակ, որ այդ գործարքը չեր կարող կնքվել առնաց իմ համաձայնության, դա ուղղակի իմ գույքի լկտի հափշտակություն է: Ասեմ, որ չնչին թվացող 10%-ի իրական արժեքը կազմում է մեկ միլիոն դոլարը գերազանցող գումար:

Հարուցված քրեական և քաղաքացիական գործերի շրջանակներում ինձ պարզ դարձավ, որ իմ նկատմամբ կիրառել են օֆշորային սխեմաներ, և հափշտակել են ինձ պատկանող բաժնեմասը:
Սակայն խնդիրները դրանով չավարտվեցին: Իմ ունեզրկման ծրագիրը շարունակվում է և իմ նախկին փաստաբան Լուսինե Սահակյանը այսօր իմ դեմ է գործում, ներկայացնելով Վանիս Դեր-Բողոսսյանին, որը հանգուցյալ Սերոբ Դեր-Բողոսսյանի եղբայրն է և Մադլեն-Սեդրակ Թաշջյանին, ով վերջինիս կինն է: Այս սփյուրքահայերը սնվելով Սերոբ Դեր-Բողոսսյանից միլիոնավոր դոլարներ են տարել Հայաստանից չբավարարվելով տարածով, այսօր ուզում են ինձ ունեզրկել: Վերջիններս խուսափում են գալ Հայաստան իմանալով թե ինչ է իրենց այստեղ սպասվում: 2014 թվականից ես պայքարի մեջ եմ, ամեն մեկը մի պատմություն է:

Դրա հետ մեկ տեղ, ցավոք սրտի, նաև յուրահատուկ ճնշումներ եմ նկատում դատավորների նկատմամբ: Վերադաս դատարանին ճնշելու համար բողոք են ներկայացնում ՀՔՑ իմ օգտին դատական ակտ կայացրած ստորադաս դատավորի նկատմամբ, բնական է, որ վերադաս դատավորն արդեն կաշկանդվելու է իմ օգտին որոշում կայացնել: Կամ հաղորդում են ներկայացնում իմ նկատմամբ՝ ներկայացնելով ինչ որ մտացածին մեղադրանքներ, որպեսզի ես վախենամ և հետ քաշվեմ:

Պայքարելու եմ մինչև վերջ, բացահայտելու եմ կատարած բոլոր ապօրինությունները և նոր Հայաստանում հին արած ռեյդեռությունը չի մարսվելու»,-իր դիմումում նշել է Չիչյանը։
Արսեն Չիչյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Դատավոր Ռուբեն Ափինյանի դեմ են գործ հարուցել, որ սխալ որոշում է կայացրել, եսիմ ինչ։ Հիմա Վերաքննիչով իրենք կրել են, ոնց գրել են, տենց էլ բավարարվել ա։ Ինձ թվում ա՝ Վերաքննչի դատավորներին վախացրել են, ծանոթություններ ունեն Ռոբերտ Քոչարյանի ադվակատների հետ, որոնք այլ գործով իմ դեմ են դուրս գալիս։ Ինձ թվում ա՝ մարդ են խառնել, ծանոթ են խառնել։ Հիմա դիմում եմ Վճռաբեկ դատարան՝ հույսով, որ օրենքի մեջ կլինի սա, խուսափենք ծանոթություններից, զանգահարումներից»։