Ինչո՞ւ Կենտրոնի էլիտար շենքերում բնակարաններ գրեթե չկան

Ինչո՞ւ Կենտրոնի էլիտար շենքերում բնակարաններ գրեթե չկան

2019 թվականի փետրվարին 2018-ի նկատմամբ Հայաստանում հիպոթեքային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով՝ օրերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝  կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում աճը կազմել է 145 տոկոս, եւ այս ուղղությամբ երկրում հիպոթեքային վարկավորման ծավալն աճել է 30 տոկոսով։ Եթե որեւէ երկրում աճում է հիպոթեքային վարկավորումը, ապա կարելի է ենթադրել, որ կա պահանջարկ, քանի որ, ինչպես հայտնում են անշարժ գույքի գործակալները, հիպոթեքից, որպես կանոն, օգտվում են տեղացիները, իսկ կանխիկ փողով բնակարան գնում են սփյուռքահայերը։

Տնտեսագետ Արայիկ Այվազյանն արժանահավատ է համարում  Հայաստանում հիպոթեքային ծավալների աճը։ Նրա խոսքով՝ դրան կարող էր նպաստել Նիկոլ Փաշինյանի այն հորդորը, որ  բանկային վատ պատմություններ ունեցող անձանց վարկային պատմությունները զրոյացվեն, ինչը, ըստ  տնտեսագետի, առեւտրային բանկերի մի մասն արեց, մյուս մասը՝ ոչ։ Ի վերջո, գոյություն ունի նաեւ Ազգային հիպոթեքային ընկերության կողմից  հիպոթեքային վարկերի ծավալների դինամիկա, որը վերջին  4 տարիներին նախորդ տարվա համեմատ մշտապես աճել է։ Այսպես․ 2016-ի չորրորդ եռամսյակ - 101․679․24 միլիոն դրամ, 2017-ի չորրորդ եռամսյակ - 119․910․06, 2018-ի 4-րդ եռամսյակ - 158․726․69 միլիոն դրամ։

Մյուս կողմից՝ անշարժ գույքի գործակալները վկայում են, որ բնակարանային առքուվաճառքի առանձնակի ակտիվություն չկա, չնայած անշարժ գույքի գների մոտ 10 տոկոսի բարձրացմանը։
Տնտեսագետն էլ է արձանագրում, որ անշարժ գույքի շուկայում այս պահին ակտիվություն չկա՝ մի ընթացք եղավ, հետո մարեց։ «Կառուցապատողից  առաջարկը բավականին նվազել է, որովհետեւ այս ընթացքում շինարարական անկում տեղի ունեցավ, պայմաններ փոխվեցին, բայց բնակչությունից՝ առաջնային շուկայում ձեռքբերումները, ըստ իս, էդքան էլ չեն պակասել, փոփոխությունը եղել է երկրորդայինում»,- ասում է տնտեսագետը։

Այս մասին է վկայում այն հանգամանքը, որ բազմաբնակարան շենքերում, որոնք նույնպես գնվում են հիպոթեքային վարկավորմամբ, բնակարան՝ որքան ասես, իսկ,  օրինակ, Կենտրոնում նորակառույց շինարարություններում ազատ (պատրաստի) բնակարաններ իրականում շատ քիչ կան, ինչի մասին են վկայում նրանք, որոնք ցանկանում են այս հատվածում բնակարան ձեռք բերել։

Երկրորդային շուկայում փոփոխություններին, տնտեսագետի խոսքով, նպաստել է նաեւ այն, որ մարդիկ առավել հակված են գույք ձեռք բերել կառուցապատողից, որպեսզի վերջինս փոխհատուցի եկամտահարկի մասը։ Բանն այն է, որ հիպոթեքով անշարժ գույք ձեռք բերելիս տոկոսադրույքի վճարը (մայր գումարին չի վերաբերում) գնորդը կարող է փոխհատուցել եկամտային հարկով, բայց դրա համար աշխատողը պետք է գրանցված լինի, ստանա բավականին բարձր աշխատավարձ, որ եկամտային հարկն էլ շոշափելի լինի։ «Գրանցվելու դեպքում շանսերն ու հավանականությունը մեծացավ, որ մարդիկ արդեն այս տարբերակով, այսինքն՝ նորակառույց շենքերում, կառուցապատողից ձեռք բերեն բնակարան ու փոխհատուցեն, էլիտար բնակարանների շուկայում պահանջարկը մեծացել է»։