Սպանություն, որ 25 տարի քնեցրել են

Սպանություն,  որ 25 տարի քնեցրել են
Հրանտ Գրիգորյան

1994 թ. ապրիլի 16-ին Էջմիածնում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը կարծես մեռյալ կետից շարժվում է: 25 տարի առաջ Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցում հրազենի կրակոցից զոհվեց Էջմիածնի «Տոչպրիբոր» գործարանի տնօրեն Մհեր Պողոսյանը:

Միջանկյալ նշենք, որ Մհեր Պողոսյանն Էջմիածնի երեւելի ընտանիքներից մեկի զավակն էր: Հայրը՝ Վլադիմիր Պողոսյանը, Էջմիածնի շրջկոմի երկրորդ քարտուղարն էր, մայրը՝ Նունե Ավագյանը, ծննդատան տնօրենը: 

Թեեւ Գրիգորյաններն այդ ժամանակ մեծ ջանքեր գործադրեցին  սպանության իրական հանգամանքներն ու մարդասպանին կոծկելու համար, բայց «ասեղը պարկում երկար թաքցնել» չկարողացան: Սպանությունից ժամեր անց քաղաքը խոսում էր, որ մարդասպանը Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանն է:

Վերջինս, իհարկե, արդարադատության առաջ չկանգնեց. ամենազոր հորեղբայրը հարցերն իր ձեւով լուծեց, իսկ տարիներ անց զարմիկին ԱԺ պատգամավորի մանդատ տալով՝ դարձրեց անձեռնմխելի:
Այս պատմության մեջ ամենազավեշտալին, սակայն, ի հայտ էր գալու հետո՝ Պողոսյանների ընտանեկան արխիվի շնորհիվ:

Պարզվելու էր, որ սպանության մասին իմացել եւ լռել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունում: Ավելին, նախարարի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանն անգամ կեղծ փաստաթուղթ է տվել այն մասին, թե, իբր, Մհեր Պողոսյանը զոհվել է ծառայական պարտականությունները կատարելիս:

Գնդապետ Պետրոսյանը նույնիսկ մարտական շինծու ուղի է քարտեզագրել եւ վերագրելով սպանվածին՝ փաստաթղթում նշել, թե, իբր, Մհեր Պողոսյանը 1990-93 թվականներին եղել է «Երկրապահ» ջոկատի ազատամարտիկ, մասնակցել է Շուշիի ազատագրմանն ու Հադրութի պաշտպանությանը:

Ըստ այդ փաստաթղթի՝ 1993 թվականին Մհեր Պողոսյանը ծառայության է անցել ՀՀ ՊՆ թիվ 74361 զորամասում: Նշենք, որ 74361-ը Մանվել Գրիգորյանի 5-րդ բրիգադն է, որտեղ նույնիսկ Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկն է ծառայել:

Սպանվածի որդին՝ Ռուսաստանում բնակվող Էդուարդ Պողոսյանը, ով հեղափոխությունից հետո պայքար է սկսել արդարությունը վերականգնելու եւ հոր սպանությունը բացահայտելու համար, «Հրապարակին» ասաց, որ իր հայրը երբեք ազատամարտիկ չի եղել եւ պատերազմական գործողություններին էլ չի մասնակցել: «Այդ փաստաթուղթն ու ինֆորմացիան կեղծ են: Դա հատուկ է արվել՝ հանցագործությունը թաքցնելու համար»:

Հույս ունենալով, որ Հայաստանի նոր իշխանությունները շահագրգիռ կլինեն բացահայտելու ոճրագործին, Էդուարդը բաց նամակով դիմել է վարչապետին, ԱԱԾ տնօրենին, գլխավոր դատախազին ու ոստիկանապետին: «Գործն ընթացք է ստացել»,- ասաց Էդուարդ Պողոսյանը: