Ի՞նչ է թելադրում մեր գաղտնավանկը

Ի՞նչ է թելադրում մեր գաղտնավանկը

Ո՞ր դեպքում են բառերն ստանում «ն» հոդը, ո՞ր դեպքում՝ «ը»: Պատասխանելը դժվար չէ: Ձայնավորով վերջացող բառերն ստանում են «ն» հոդը, բաղաձայնով վերջացողները՝ «ը»: Փոքր-ինչ այլ սկզբունք է գործում խոսքում: Այստեղ «ն» հոդ կարող են ստանալ նաև բաղաձայնով վերջացող բառերը: Օրինակ՝ Արթուրն ուշացավ: Եվ սա, ինչ խոսք, ինքնանպատակ չէ: «Ը»-ի փոխարեն գործածվում է «ն» հոդը, որպեսզի երկու բառերի միջև արտասանական դադար չլինի, դրանք արտասանվեն միասին: Ընդ որում՝ ոչ թե ԱրթուրԸն ուշացավ ձևով, որը սխալ է, այլ «ն»-ն մյուս բառին ձուլված, առանց ը-ն հնչեցնելու՝ Արթուրն/ուշացավ: 

Անշուշտ, այս դեպքերում կարելի է գործածել նաև «ը» հոդը, և սա նույնպես ինքնանպատակ չէ: Եթե ցանկանում ենք շեշտել առաջին բառը, տրամաբանական շեշտը եթե կրում է նա, գործածվում է «ը»-ն: Օրինակ՝ քո՛ւյրը ասաց, Կարե՛նը օգնեց: 

Այս պարագայում սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե ձայնավորով սկսվող բառից առաջ պարտադիր պետք է գործածել «ն» հոդը: 

Հարց է ծագում. իսկ ճի՞շտ է արդյոք հենց տողերիս հեղինակի գործածած «բառերն ստանում» բառակապակցության մեջ «ն» հոդի կիրառությունը: Չէ՞ որ այս դեպքում ևս հաջորդ բառն սկսվում է բաղաձայնով՝ ս-ով:

Հիշենք քիչ առաջ ասվածը և առաջնորդվենք նույն տրամաբանությամբ: Ճիշտ է, «ստանալ» բառն սկսվում է բաղաձայնով՝ ս-ով, բայց չմոռանանք, որ նրանից առաջ կա մի «թաքնված», լսվող, սակայն չգրվող հնչյուն՝ ը-ն: Ահա հենց այս գաղտնավանկն էլ այստեղ ամեն բան որոշում է: Չմոռանանք նաև գլխավոր նպատակը. բաղաձայնով վերջացող բառերն ստանում են «ն» հոդը, որպեսզի հաջորդ բառի հետ արտասանվեն միասին: Եվ քանի որ գործ ունենք արտասանական երևույթի հետ, ուստի չենք կարող հաշվի չառնել բառասկզբում արտասանվող հնչյունը, եթե անգամ նա գաղտնավանկ է: Եվ սա այն դեպքն է, երբ ոչ թե արտասանությունն է պայմանավորված գրությամբ, այլ հակառակը՝ արտասանությունն է որոշում, թե ինչպե՛ս պետք է գրել:
Կարծում ենք՝ արդեն պարզ է, որ ճիշտ պետք է համարել երկու ձևն էլ. կարելի է ասել «բառերն ստանում են» և կարելի է ասել «բառերը ստանում են»: Նույն սկզբունքն է գործում բոլոր այն դեպքերում, երբ բառասկզբում լսվում, սակայն չի գրվում «ը» հնչյունը: 
Այս է թելադրում մեր գաղտնավանկը: 

Սակայն նկատենք, որ առաջին հայացքից այսպես պարզ թվացող կանոնին առնչվող հարցերն այսքանով չեն ավարտվում: Ընթերցողներից շատերը հավանաբար գիտեն, որ բանաստեղծական խոսքում երբեմն «ն» հոդն է գործածվում նաև «հ» հնչյունից առաջ, որը բաղաձայն է: Հիշենք հենց Չարենցի տողերը. «Սպասում են՝ աչքերն հառած խավարամած հեռուներին», «Աչքերն հառած հեռու-հեռուն կարմիր վառվող արեգակին…»: 

Ի՞նչ ասել. գործ ունենք սխալի՞, թե՞ բացառության հետ: Ինչո՞ւ են բանաստեղծները գրում այսպես: 
Կարելի է արդեն ենթադրել. եթե գործ ունենք բանաստեղծության հետ, ուրեմն գործ ունենք նաև տաղաչափության, ռիթմի հետ: Այստեղ հ-ից առաջ «ն» հոդի կիրառությունը պայմանավորված է միայն և միայն այս հանգամանքով: Բանաստեղծներն այսպես են գրում չափը պահելու համար: Եվ այս «կանոնը» գործում է միայն «հ» բաղաձայնի դեպքում, որովհետև այն, լինելով հագագային, միայն շունչ պարունակող հնչյուն, հնարավոր է լինում արտասանել «ն» հոդի հետ միասին՝ առանց մեկ վանկ ավելացնելու: Բերված օրինակներում եթե գործածվեր «ը» հնչյունը, մեկ վանկ կավելանար, և կխախտվեր չափը (կդառնար «հայացքը հառած»): Ի դեպ, սխալվում են նրանք, ովքեր արտասանում են «հայացքԸն հառած» ձևով: Ամբողջ նպատակը հենց այս ը-ն չարտասանելն է, որպեսզի չափը պահվի:

Ընդ որում՝ հարց է առաջանում դարձյալ. իսկ այս դեպքում չի՞ խախտվում: Այո՛, խախտվում է, բայց… կիսով չափ: Չենք կարող չընդունել, որ կես վանկ, այնուամենայնիվ, ավելանում է: Սակայն չենք կարող նաև չընդունել, որ «ը»-ի փոխարեն «ն» հոդը կիրառելիս նույնքան՝ կես վանկ էլ պակասում է: 

«Հ» բաղաձայնից առաջ «ն» հոդը գործածվում է ահա այս կես վանկը պակասեցնելու համար: Համարենք սա սխա՞լ, թերությո՞ւն: Ես կասեմ՝ ոչ: Կանոնից շեղո՞ւմ, բացառությո՞ւն: Գուցե: Եվ սա դարձյալ թելադրում է մեր գաղտնավանկը…
                       

Գուրգեն Միքայելյան

Լեզվի կոմիտեի աշխատակից