ԲԴԽ անդամը ետ է վերցրել հայցն ընդդեմ Երվանդ Վարոսյանի

ԲԴԽ անդամը ետ է վերցրել հայցն ընդդեմ Երվանդ Վարոսյանի

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը ետ է վերցնում իր դատական հայցն ընդդեմ փաստաբան Երվանդ Վարոսյանի։

Նա ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Հաշվի առնելով իմ և փաստաբան Երվանդ Վարոսյանի միջև առկա դատական վեճերի հանդեպ որոշակի հանրային և մասնագիտական շրջանակների ուշադրությունը, հայտնում եմ հետևյալը.
 
1) Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության արմատավորման նպատակով հարկ է միավորել բոլորիս ջանքերը։ Իրավական բարդ տեսական և գործնական բնույթի հարցերի լուծումը պահանջում է շահագրգիռ քննարկումներ, բացմտություն ու բոլոր առկա կարծիքները բազմակողմանի դիտարկելու և հաշվի առնելու անհրաժեշտություն: 

2) Վեճերի լուծման այնպիսի միջոցները, ինչպիսիք են հաշտարարությունը և կառուցողական բանակցությունները, առավել հարմար են անկեղծ և անմիջական մթնոլորտում ամենակնճռոտ խնդիրների քննարկման համար։

3) Ինչ վերաբերում է իմ կողմից նախկինում արտահայտված սուր գնահատականներին, ապա ցավում եմ, եթե դրանք գնահատվել են իբրև վիրավորական: Իմ կողմից թիրախավորվել է իրավական խնդիրը և ոչ թե անձը։ 

4) Պատրաստ եմ գործընկերային մթնոլորտում քննարկել հանրային ծառայության ոլորտին առնչվող ցանկացած իրավական հարց թե՛ Երվանդ Վարոսյանի և թե՛ մասնագիտական շրջանակների այլ ներկայացուցիչների հետ։

5) Վերոհիշյալի հաշվառմամբ՝ որոշում եմ կայացրել միակողմանիորեն հրաժարվել հայցից»։


Հիշեցնենք, որ փաստաբան Երվանդ Վարոսյանը որոշ ժանանակ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում նշել էր, որ 2018 թվականի փետրվարի 28-ին գործող Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Հայկ Հովհաննիսյանը մինչ օրս շարունակում է հանդիսանալ «ՀԱՊ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը, ինչը հակասում է օրենսդրությանը։

Ի պատասխան նրան՝ Հայկ Հովհաննիսյանը հայտնել էր, որ փաստաբանական ընկերությունում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել է հավատարմագրային կառավարման ս.թ. 2018թ. մարտի 28-ից: Դրանից հետո Հայկ Հովհաննիսյանը դիմել էր դատարան՝ զրպարտության համար։

Ավելի ուշ Վարոսյանը եւս քաղաքացիական հայց ներկայացրեց ընդդեմ ԲԴԽ անդամի։ Նա այդ որոշման մասին գրել էր. «Որոշում եմ կայացրել ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի դեմ քաղաքացիական հայց ներկայացնել դատարան՝ «փաստաբան Երվանդ Վարոսյանի հերթական ակնհայտ ստի ու զրպարտության համար» արտահայտության հետ կապված»։