Կրակելուց հետո Հայկ Սարգսյանը տորթով այցելել է տուժողին

Կրակելուց հետո Հայկ Սարգսյանը տորթով այցելել է տուժողին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։ Տուժող Դավիթ Սիմոնյանը պատմում է, թե ինչպես է Հայկ Սարգսյանը սպանության փորձ կատարել։ Հայկ Սարգսյանի պաշտպանը հետաքրքրվեց, թե արդյոք կրակելուց հետո Հայկ Սարգսյանը այցելե՞լ է տուժողին, թե՞ ոչ։

Դավիթ Սիմոնյանը պատասխանեց, որ դեպքից հետո իր ծնունդն է եղել, և Հայկ Սարգսյանը տորթով գնացել է նրան այցի։ Տուժողը դատարանում ասաց, որ Հայկ Սարգսյանը սպառնացել է իրենց, որ եթե ոստիկանությունում իր անունը տա, ապա նա կսպանի իրեն։ Պաշտպան Երեմ Սարգսյանը հետաքրքրվեց տուժողից, եթե ոչ թե սպառնար, այլ խնդրեր, տուժողը կտա՞ր Հայկ Սարգսյանի անունը, թե՞ ոչ։ Դավիթ Սիմոնյանը բացասական պատասխան տվեց՝ չէի ասի։

Երեմ Սարգսյանը հարցեց, թե ստիպվա՞ծ էր Դավիթ Սիմոնյանը մտերմություն անում Հայկ Սարգսյանի հետ։ տուժողն ասաց, որ իրեն ասել են, որ լավ կլինի ամեն ինչ, երիկամի փոխպատվաստման կուղարկեն իրեն․ «Այդ ամենը չարեցին, դրա համար էլ ցուցմունք տվեցի»,- ասաց տոժողը։

Հարցին, թե դատված եղե՞լ է տոժողը երբևէ, Սիմոնյանը ասաց, որ այո՝ «կռվի գործով»։ Կալանավորված եղե՞լ եք, հարցրեց փաստաբանը, այո, ասաց տուժողը։ Հարցին, թե որտե՞ղ է պահվել, տուժողն ասաց «Նուբարաշենում», հետո «Երևան կենտրոն» ՔԿՀ։

Երեմ Սարգսյանը հետաքրքրվեց ցուցմունք որտե՞ղ է տվել, և ինչպե՞ս եղավ, որ «Նուբարաշենից» տեղափոխվեց «Երևան կենտրոն», դիմում գրե՞լ է։ Տուժողը նախ ասաց, որ ոչ, հետո ասաց չի հիշում, թե ինչպես և ինչու է տեղափոխվել «Երևան կենտրոն» ՔԿՀ։ Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տալուց հետո որքան ժամանակ հետո ազատ արձակվեցիք, հետաքրքրվեց փաստաբանը։

«Մեկ ամիս հետո, առերես հարցաքննման ժամանակ արդեն դուրսն էի»-, պատասխանեց տուժողը։