Մենք գիտենք, Մոսկվան չգիտի՞, թե «սերենադը» ո՞վ է պատվիրել․․․

Էն որ շարքային քաղաքացին հասկանում ու հարցնում է Արարատ Միրզոյանին՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովից մե՞ծ էիր, որ չգնացիր նրան օդանավակայնում դիմավորելու։ Կամ ինչու՞ նրան չէիր ուղեկցում «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ արարողակարգային միջոցառման ժամանակ։ ՀՀ շարքային քաղաքացին հասկանում, Ռուսաստանը չի հասկանու՞մ, թե պոչը որտեղ է թաքնված։ Արարողակարգը չի պարտադրում, բայց ղեկավարներին անտեսելը, նրանց անձամբ չդիմավորելը քաղաքական վերաբերմունքի արտահայտություն է։ Արման Բաբաջանյանն ու Խզմալյանը մի քանի հոգով օրեր շարունակ «կանցերտ» էին տալիս ԱԳն շենքի լուսամուտի տակ, Ռուսաստանի համար «սերենադ» են երգում ՝ ԵՄ ծաղկեփնջերով։ Նիկոլ Փաշինյանը հասկանում, Ռուսաստանը չի հասկանու՞մ, թե քամին որտեղից է փչում։
Մենք գիտենք, Մոսկվան չգիտի՞, թե «սերենադը» ո՞վ է պատվիրել․․․Հակառուսական պաստառները ձեռքներին, որ մի քանի հոգով գոռում, հայհոյում էին Ռուսաստանին, Նիկոլը հասկանում, Լավրովը ուղտի ականջում քնած՝ ոչինչ չի՞ հասկանում․․․ Որ ոստիկանությունը քնքուշ- մեղուշ վերաբերմունք էր ցուցաբերում ցուցարարների հանդեպ, միայն Նիկո՞լն էր հասկանում, թե ինչու՞ են այդպես մեղուշացել։ Կամ որ ցույցի կազմակերպիչ Արման Բաբաջանյանը «սերենադի» ավարտին լրագրողներին ասաց, որ իրենք չեն լռելու, շարունակելու են խոսել դավաճանների մասին․ «Մատվիենկոյի այցին ավելի հուժկու ակցիա ենք անելու», Ռուսաստանը վախեցա՞վ։ Թե՞ չհասկացավ, որ «սերենադը» որևէ մեկի ուշադրությունը գրավելու համար է արվում․․․ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի ուշադրության կարիքն ունի, այդ իսկ պատճառով նվագախումբ է վարձել, որ լուսամուտի տակ անընդհատ երգեն, երբ վարագույրի հետևից երևա օբյեկտը։ Նվագախմբին լուրջ ընդունել պետք չէ, որովհետև նրանք էլ գիտեն, որ ժամանակավոր բնույթ են կրում ու աշխատելու են այնքան, ինչքան պատվերը լինի։
Կարծիքներ