Սակարկելին՝ անսակարկելի՞

Սակարկելին՝ անսակարկելի՞

ՀՅԴ Ընդհանուր ժողովի ավարտին ընդունվել է հայտարարություն, որի առաջին կետն ազդարարում է. «Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով եւ Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են»:

Ձեւակերպման բարձր տոնայնությունը հասկանալի է, բայց եկեք տեսնենք, թե նույն խնդրին ինչ լուծում է տալիս Արցախի սահմանադրությունը. «Մինչեւ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո»:

ԱՀ սահմանադրությունն, այսպիսով, սահմանում է, որ երկրի տարածքն ամբողջական չէ, իսկ փաստացի սահմանները ենթակա են հետագա ճշգրտման: Այս նորմը կարելի է մեկնաբանել տարբեր դիտանկյունից, բայց գլխավոր սկզբունքը կմնա անփոփոխ՝ Արցախի տարածքային ամբողջականությունը խախտված է, նրա սահմանները վերջնական չեն, այն տարածքը, որ փաստացի գտնվում է ԱՀ իրավազորության ներքո, անփփոփելի չէ:

Սահմանադրությունն, այսպիսով, եթե կարելի է ասել՝ սակարկելի է ճանաչում ԱՀ իրավազորության սահմանները: Կախված կարգավորումից կամ հետագա հնարավոր զարգացումներից՝ դրանք կարող են ընդարձակվել կամ սեղմվել: Այս դեպքում ինչպե՞ս կարող է գոյություն չունեցող, խախտված, վերականգնման ենթակա տարածքային ամբողջականությունը լինեն անսակարկելի: ՀՅԴ Ընդհանուր ժողովի Հայտարարության տվյալ ձեւակերպումից հասկացվում է, որ կուսակցությունն անսակարկելի է ճանաչում ներկայիս փաստացի իրավիճակը: Բայց ինչու՞ հենց այդպես էլ չի ասվել, այլ հղում է արվել ԱՀ սահմանադրությանը, որի՝ տարածքներին վերաբերող հոդվածը տարընթերցումների եւ քաղաքական խուսանավումների լայն հնարավորություն է թողնում: