Մեր հայրենասեր ազգին ամբոխ է դարձրել էդ խուլիգանը, էդ «քաջ նազարն» իր «ուստիան» տիկնոջ հետ

Մեր հայրենասեր ազգին ամբոխ է դարձրել էդ խուլիգանը, էդ «քաջ նազարն» իր «ուստիան» տիկնոջ հետ

Վաստակավոր ուսուցչուհի Նաիրա Թամրազյանն Արցախից բռնի տեղահանությունից հետո ամեն գիշեր աչքերը փակում է՝ Ստեփանակերտն ու Ստեփանակերտ վերադարձը երազելով։ «Հիմա բոլոր արցախցիները քնում-արթնանում են՝ հայրենիք երազելով։ Նայում եմ «Եռաբլուրի» հուշաքարերին, տղաների հայացքներին, ցավից քիչ է մնում ցնորվեմ։ Ամեն գիշեր աչքերս փակում եմ, պատկերացնում, թե Ստեփանակերտում եմ, լուսացնում եմ Ստեփանակերտը երազելով»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է տիկին Նաիրան։

Հպարտ, հայրենասեր կին է տիկին Նաիրա, ինքն իրեն այդպես է բնութագրում, ասում է՝ իր գիտակցական ողջ կյանքը նվիրել է հայրենասիրության դասեր տալուն․ մայրենիի ուսուցիչ է: Վաստակավոր մանկավարժի մորական արմատները գալիս են Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս Դանիել Բեկ-Փիրումյանի տոհմից, պապական կողմինը՝ Միքայել Արամյանցի գերդաստանից։ 

Սարսափելի տեսարանների է ականատես եղել տիկին Նաիրան գաղթի ճանապարհին, սակայն ամենասարսափելին թոռան ու դստեր ամուսնու մահն է եղել։ Մենք նրան հանդիպեցինք «Եռաբլուրում»` Արցախի օրը: Հուզված էր, զայրացած։ Ասաց՝ հիմա իմ հայրենիքը «Եռաբլուրն» է։ «Ես հայրենիքս Եռաբլուրում եմ տեսնում, այս տղաներն են հայրենիքի իսկական տերերը եղել։ Անեծք, նզովք բոլոր այն յան ազգանունը կրող մարդկանց, որոնք հանդուրժում են, որ իրենց տիրակալը, երկիր դրախտավայրի վարչապետը, նախագահը, նախարարները այս «քաջ նազարականները» լինեն։ Իր Ուստիան կնոջը վերցրած այս ու այն կողմ է ֆռֆռում է՝ հայ ժողովրդին խայտառակ անում, իբրեւ քիչ էինք ծաղրանքի առարկա դարձել»,-ասում է նա։ 

Նաիրա Թամրազյանի դստեր՝ Արմինեի գեներալ ամուսինն է զոհվել 44-օրյա պատերազմում՝ Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Արայիկ Գրիգորյանը։ «Արայիկին առաջին գիծ է ուղարկել Կամո Աղաջանյանը։ Այս մարդու հայրը թուրք է եղել, իսկ նա դրածոն է Փաշինյանի։ Շատ փաստեր գիտեր երեւի Արայիկը, դրա համար ուղարկեց առաջին գիծ։ Թուրքերի բայրամի օրն էլ՝ մեկ տարի, երկու ամիս առաջ պոստերում սպանվեց թոռս՝ Սամվել Թորոսյանը։ Թոռանս 20-ամյակը «Եռաբլուրում» է բոլորել։ Ես երբեմն մտածում եմ՝ 1988 թվականի մեր ոգեշունչ օրերի, մեր հաղթանակների, հայրենասիրական միջոցառումների մասին, գուցե ճիշտ չի եղել, գուցե մոլորության մեջ ենք եղել։ Եթե մեր հայրենիքը սրանք են ներկայացնում, ես այսպիսի հայրենիք չեմ ուզում։ Արցախյան 44-օրյա պատերազմը, Արցախի բլոկադան փաշինյանականներն են կազմակերպել, կենսական նշանակության բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ գազն ու լույսը փաշինյանականների հուշմամբ է թուրքն անջատել, ես կասկած ունեմ, որ Արցախի լցակայանի պայթեցումն էլ է փաշինյանականների ձեռքի գործը, որպեսզի արագանա մեր գաղթը»,-նշեց զրուցակիցս։

Հայ ժողովրդի, համայն հայության պատիվը, թասիբը, հաղթանակը, ասում է` Արցախն է եղել, մի կայացած պետություն, որի ժողովուրդը հպարտությամբ էր կրում իր յան ազգանունը, իր հաղթանակները․ «Ասացե՛ք՝ ո՞նց սկուտեղի վրա մատուցեց թշնամուն։ Թուրքը երբեւէ չէր կարող մեզ հաղթել, ընկճել մեր ոգին»։ 

Մեծ ակնկալիքներ ունի տիկին Նաիրան Բագրատ Սրբազանից, ասում է՝ իր վերջին հույսն է։ «Եթե այս մարդն էլ չկարողացավ մեր հիմարացած ժողովրդին հետ բերել, չգիտեմ, թե ինչ կլինի։ Մեր հպարտ, հայրենասեր ժողովրդին ամբոխ է դարձրել էդ խուլիգանը, էդ «քաջ նազարն» իր «ուստիան» տիկնոջ հետ։ Մի քանի սերնդի կրթած տիկին Նաիրան վեց շեն 6 տուն է թողել Արցախում, դուռը կողպել՝ դուրս է եկել։ Հիմա անորոշ վիճակում է։ «Մեզ հետ երբեմն այնպես են վերաբերվում, կարծես մենք մեղավոր ենք, որ այսպիսի խարդավանքի զոհ ենք դարձել։ Գաղթի ճանապարհին 2 անգամ «մահացել» եմ, ինձ մի կերպ են հետ բերել»,-արցունքն աչքերին, հուսահատ պատմում է Նաիրա Թամրազյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում