Ունեմ սեփական տեսակետ, ունեմ իմ սկզբունքները, որոնցից հետ կանգնողը չեմ

Ունեմ սեփական տեսակետ, ունեմ իմ սկզբունքները, որոնցից հետ կանգնողը չեմ

Իշխանություններն ամեն ինչ անում են՝ խոցելի անցյալ ունեցող, կամային թույլ հատկանիշներով ԲՀԿ-ականներին շանտաժով ու ճնշումներով ԲՀԿ-ից պոկելու համար։ Այդպիսով նպատակ ունեն կազմաքանդել ԲՀԿ-ն եւ թուլացնել Գագիկ Ծառուկյանին։ Առաջին ծեծեռնակն ի հայտ եկավ երեկ՝ ի դեմս տեւական ժամանակ անհետացած Սերգեյ Բագրատյանի։ Նա հայտնվեց ու հայտնեց, որ դուրս է գալիս ԲՀԿ-ից, բայց պահպանում է մանդատը։ Ժամանակին «ղազագիր» ստորագրած ու Ծառուկյանին հավատարմության երդում տված Բագրատյանը երեկ ֆեյսբուքյան մի գրառմամբ ամեն ինչ ոտնատակ տվեց՝ հայտարարելով, թե «տեւական ժամանակ իր քաղաքական դիրքորոշումն էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի կողմից ընդունված որոշումների բովանդակությունից»։ Մինչդեռ նրա երբեմնի կուսակիցները վստահեցնում են, որ Բագրատյանը երբեք տարաձայնություն չի ունեցել կուսակցության ներսում։ 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը, ով դահլիճում նստում է հենց Բագրատյանի հարեւանությամբ, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ չի հիշում, թե Բագրատյանը գաղափարական տարաձայնություն ունեցած լինի կուսակցության գծի հետ։ «Չեմ հիշում այդպիսի բան, տարաձայնությունների մասին ոչինչ չեմ կարող ասել։ Ուղղակի ինքն իր բացատրականով ներկայացրել է, թե ունի։ Բայց եթե կոլեկտիվ է, ապա տարբեր հարցերի շուրջ միշտ էլ քննարկումներ լինում են, յուրաքանչյուրն իր կարծիքը հայտնում է, բազմակարծությունը միշտ գնահատվել է մեզ մոտ, հետո խմբակցությունը վերջնական որոշում է կայացրել՝ կոլեկտիվ որոշում»,- ասաց Արայիկ Աղաբաբյանը։

- Ասում են՝ իշխանություններն այս օրերին աշխատում են ԲՀԿ-ի, այդ թվում՝ Ձեզ վրա, թույլ օղակ են փնտրում, որ պոկեն ԲՀԿ-ից։ Տեղեկություն տարածվեց, որ առաջիկայում հնարավոր է էլի դուրս եկողներ լինեն, այդ թվում՝ Դուք։

- Նախ, առաջին հերթին վիրավորական է, որ թույլ օղակ են ման եկել ու դրա մեջ ինձ են գտել, դրա համար ես իրավունք ունեմ վիրավորվելու եւ ինքս ինձ մեղադրելու, եթե այդպիսի տպավորություն է ձեւավորվել իմ մասին։

- Այսինքն՝ բացառո՞ւմ եք, որ ցանկացած ճնշման դեպքում Դուք կլքեք ԲՀԿ-ն։

- Այդպիսի ճնշումներ 30 տարվա ընթացքում ես բազմիցս տեսել եմ։ Նախկին իշխանությունների ժամանակ էլ այնպիսի գործողություններ, ճնշումներ են իրականացվել իմ դեմ, որ երեւի թե շատ-շատերի մոտ զարմանք կառաջացնեին․ չբացեմ փակագծերը, առիթի դեպքում ամեն ինչ կասվի։ Հիմա էլ ես այդպիսի ճնշումներ տեսնում եմ այս օրերին, երբ հարուցվել է քրեական գործ, բայց դա ոչինչ չի նշանակում։ Ես մանրամասներով գիտեմ, թե որտեղ ինչ է կատարվում, իմ դեմ սլաքներն ուղղելու համար ում են մոտեցել, ինչեր են արել, ինչպիսի ճնշումներ են գործադրել, որպեսզի իմ նկատմամբ կարծիք հայտնվի, իմ նկատմամբ գործողություններ իրականացվեն, բայց դրանք ոչ մեկն էլ չեն կարող ունենալ իրենց ազդեցությունը, որովհետեւ, նախ ասեմ՝ դրանք բոլորն անցողիկ են դառնալու։ Նույնիսկ եթե ինչ-որ տեղ ինչ-որ բան փորձեն կարել ինձ վրա, միեւնույն է, դա նույնպես չի կարող ունենալ ազդեցություն։ Ունեմ սեփական տեսակետ, ունեմ իմ սկզբունքները, որոնցից հետ կանգնողը չեմ։

- Երբ այս ճնշումները սկսվեցին ձեր դեմ գործող իշխանությունների կողմից, հիշեցին 2015 թվականը, երբ Սերժ Սարգսյանի իշխանությունն էր ճնշումներ բանեցնում ԲՀԿ-ի դեմ։ Դուք ի՞նչ զուգահեռներ կանցկացնեք նախկին եւ ներկա ճնշումների միջեւ։

- Գիտե՞ք ինչ, ճնշումները միշտ էլ համարյա թե չեն տարբերվում միմյանցից, բայց մթնոլորտը, որ այժմ ձեւավորված է, այն ժամանակ կոնկրետ սլաքներ էին ուղղվում, հիմա համընդհանուր է դա, հանրապետությունում ճնշումների մթնոլորտ է ձեւավորված։ Շատերը երեւի դա չեն զգում, բայց շուտով անձնապես երեւի թե բոլորը կզգան իրենց վրա այդ ճնշումների հետեւանքները։ Գործող իշխանությունների քաղաքականությունը բերում է նրան, որ բացի այն, որ չեն պատկերացնում, թե ինչ է ընդդիմադիր շարժումը, ընդդիմախոսությունը, իրենց քայլերով, իրենց ընդունած օրենքներով նրանք այնպիսի միջավայր են ստեղծում, որը հաստատ բոլորի վրա ազդելու է։ Նախկիններն այդքան չէին խորշում ընդդիմախոսությունից, նախկինների մեղքի մեծ բաժինը երեւի թե այն էր, որ արհեստական ընդդիմախոսներ էլ էին ստեղծում, ու այսօրվա իշխանավորներից շատերը, որոնք ժամանակին ընդդիմություն էին ներկայանում, նախորդ իշխանությունների ծնունդ են։ Ես առաջինը նկատի ունեմ բազմաթիվ ՀԿ-ների, որոնք ներկայանում էին ընդդիմախոսներ, բայց երեւի թե նախկին իշխանությունների շահերից ելնող ընդդիմախոսներ էին դրանք։

- Պարոն Աղաբաբյան, չե՞ք փոշմանել, որ Նիկոլ Փաշինյանին առաջադրել եք վարչապետի պաշտոնում եւ, ընդհանրապես, աջակցել եք հեղափոխությանը, ջուր եք բաժանել՝ հովացնելով նրանց սրտերը։

- Ինչո՞ւ միայն ջուր, ջուրը շատ է շեշտվում, բայց մենք օգնել ենք նաեւ շարժմանը՝ ակտիվ մասնակցությամբ, ես գիտեմ, թե մեր տարածքից մարդկանց ոնց եմ օգնել, որպեսզի իրենց մասնակցությունն ապահովենք հանրահավաքներին։ Բազմաթիվ ձեւերով օգնել ենք, մարդու կողքը կանգնելն արդեն իսկ օգնություն է։

- Հիմա չե՞ք զղջում դրա համար, որ ձեր օգնության պտուղներն այսօր քաղում եք քրեական ու քաղաքական հետապնդումներով։

- Նորից ասեմ՝ ամեն ինչ տեսած լինելով եւ ամեն ինչ պատկերացնելով՝ արդեն սովորական ենք ընդունում, այդքան չենք նեղվում։ 

- Գագիկ Ծառուկյանը տղամարդու երդում տվեց, որ հետ կանգնողը չէ։ Հիմա որոշակի պասիվություն կա նրա կողմից, որեւէ քայլ չի կատարվում։

- Մի քիչ պասիվությանը նպաստեց հիվանդությունը, նաեւ՝ ընդհանուր իրավիճակը հանրապետությունում, այնպես է, որ մարդիկ կան՝ փորձում են ամեն ինչ օգտագործել՝ դիմացինի վրա ցեխ շպրտելու համար։ Մարդիկ իրենց խոսքից հետ չեն կանգնել, մարդիկ իրենց խոսքի տերն են, այստեղ ոչ մի ասածի ու գործողությունների միջեւ տարբերություն չկա, ուրեմն խոսքից հրաժարվել էլ չկա։

- Եթե խոսքից հետ չի կանգնել, ո՞րն է լինելու առաջ գնալու ճանապարհը, մինչեւ ո՞ւր է հասնելու՝ իշխանափոխությա՞ն։

- Առաջ գնալու ճանապարհն առաջիկայում կքննարկենք, կորոշենք։ Մենք միշտ օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում ենք գործել, եւ օրենքի շրջանակներում մեր ընդդիմադիր կեցվածքը կպահպանվի։

- Ծառուկյանը հայտարարել էր, որ պահանջում է կառավարության 100 տոկոսի հրաժարականը։ Օրենքի շրջանակներում հասնելու եք այդ հրաժարականի՞ն։

- Նա պահանջել էր կառավարության հրաժարականը, հիմա էլ է պահանջում։ Իսկ թե ինչպես ենք հասնելու դրան, այս պահին արձակուրդային պրոցես է, կունենանք առանձին քննարկումներ, մենք մշտապես հավաքվում ենք, մեր խմբակցությունը կուռ է, կուսակցությունը պինդ օրգանիզմ է, հանդիպում ենք, քննարկումներ ենք ունենում, այնպես որ, առաջիկայում ինչ որոշում էլ կայացնենք, անպայման կհրապարակենք, ոչ մի բան գաղտնի չի մնա։