Ռուսաստանի համար բացվեց երկրորդ պայմանական ճակատ

Ռուսաստանի համար բացվեց երկրորդ պայմանական ճակատ

«Տեղի է ունենում այն, ինչի մասին երկու տարի շարունակ բոլոր ադեկվատ մարդիկ բղավում էին առ այն, որ «խաղաղության դարաշրջան» կոչվածն անխուսափելի գեներացնելու է նոր գոյաբանական ռիսկեր Հայաստանի համար և խթան է հանդիսանալու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ գործողությունների։ Ասեմ ավելին` «խաղաղության դարաշրջան» կոչեցյալը կարծես թե մի տեսակ անակնկալի է բերել իշխանություններին, չնայած հետևանքներում անակնկալի բան չկա։ Եվ եթե իշխանությունը շարունակի իր քաղաքականությունն այս ոճով, ապա այդ ագրեսիվ դրսևորումները Հայաստանի և Արցախի հանդեպ լինելու են։ Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ Հայաստանը պայմանական սպիտակ դրոշ բարձրացնի՝ ստորագրի կապիտուլյացիա, որն այս անգամ կկոչվի «խաղաղության պայմանագիր», և փաստացի համաձայնի Հայաստանի Հանրապետության մասնատմանը, ինչը, իմիջիայլոց, մասնակի հաստատեց Ն․ Փաշինյանը։ Դրա հետ մեկտեղ, շատ զարմանալի է, որ տասնյակ կորուստները, նույնիսկ Ադրբեջանի դե ֆակտո պատերազմական գործողություններ սկսելը չի սթափեցնում այս իշխանություններին, որ ի վերջո հասկանան, որ այն, ինչ մենք այսօր տեսնում ենք դա, մեղմ ասած, ոչ ադեկվատ հաշվարկի և թրքահաճո երազանքների խաղաղության դարաշրջանի ուղիղ հետևանքն է»,- «Հրապարակին» ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

«Տելեգրամյան տիրույթում պտտվում է տեղեկություն, որ ադրբեջանցիները փորձել են ճնշում գործադրել  ռուս սահմանապահների ուղղությամբ՝ ստիպելով վերջիններիս հետ քաշվել և թողնել իրենց դիրքերը։ Ռուսները շատ կոշտ արձագանքել են, կտրուկ հրաժարվել են դա անել, ինչին ի պատասխան` ադրբեջանցիները սպառնացել են ռուսներին։ Ես հակված եմ հավատալ այս տեղեկությանը, որովհետև Ադրբեջանը նաև խնդիր ուներ՝ երկրորդ ճակատ բացել ռուսների համար՝ հաշվի առնելով ռուսների բարդ իրավիճակն ուկրաինական ճակատում, սա տրամաբանական է։ Սակայն մենք պետք  է նայենք խորքային՝ որքան շատ են Հայաստանի Հանրապետության իշխանությունները խոսում «խաղաղության դարաշրջանի»  մասին, այդքան շատ գեներացվում են վտանգները, այդքան շատ կունենանք կորուստներ՝ թե մարդկային, թե տարածքային։ Սա ակնհայտ է, պարզապես ես չեմ հասկանում՝ էլ ինչ պետք է լինի, որ բոլորը հասկանան։ Այո, սա ռազմական շանտաժի ձևաչափ է Ադրբեջանի կողմից»,- ասում է քաղաքագետը:

Աբովյանն ընդգծում է. «Եկեք ֆիքսենք երկու փաստ՝ առաջինն Ադրբեջանը խփեց՝ սպասելի խփեց, ինչի մասին զգուշացնում էինք, իսկ մեզ հեգնանքով ասում էին` տենց բան չկա՝ խաղաղություն են անում՝ «պաչ-պռոշտի են անում թուրքերի հետ»։ Սա այդ «պաչ-պռոշտիների» ուղիղ հետևանքն է։ Եվ երկրորդը՝ պետք է արձանագրենք՝ Ռուսաստանի համար բացվեց երկրորդ պայմանական ճակատ, որովհետև կապ չունի, թե ինչով կավարտվի այս ամենը։ Կապ ունի այն, որ լարվածությունն ինքը գեներացվելու է։ Մենք փորձում ենք Ադրբեջանին դիտարկել ինչ-որ քաղաքակիրթ տրամաբանության ներքո։ Բայց ոչ՝  խուժան տեռորիստներ են, որոնք  Թուրքիայի կամակատարներն են, որոնք խնդիր ունեն մասնատել Հայաստանը։ Այդ մարդիկ բացահայտ ասում են այն, ինչը և հետո անում  են»։