Լուսավորն» ու «բարգավա՞ճն» էլ կարող են վարչապետին երբ ուզեն, կանչեն ԱԺ՝ պարզաբանման
Փետրվարի 2-ին՝ շաբաթ օրը, Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը հավաքվել էր Ազգային ժողովի շենքում ու փակ նիստ արել։ Իրականում դա կուսակցական ժողով էր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ թե ֆրակցիայի նիստ, բայց անունը դրել էին խմբակցության նիստ, որ կարողանան ազատ հավաքվել ԱԺ դահլիճում, հրավիրեն ՔՊ-ական նախարարներին։ Լրագրողներին էլ անգամ ԱԺ շենք չէին թողել մտնել։ Իմքայլականները սա համարում են նորմալ, թե պատգամավորներն իրավունք ունեն կառավարության անդամներին հրավիրել ԱԺ՝ հարցեր ուղղելու։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ արդյոք նույնկերպ նաեւ ընդդիմադիր ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություննե՞րը կարող են վարչապետին ու նախարարներին կանչել ԱԺ՝ նրանց հարցեր տալու։ Էլ չենք ասում, որ կառավարության անդամներին հարցեր ուղղելու համար կա ԱԺ կանոնակարգով սահմանված հստակ ձեւաչափ՝ հարցուպատասխանի օր, նաեւ ֆորմալ այլ ընթացակարգեր։ Ակնհայտ է, որ ՔՊ-ականներն ընդամենը կուսակցական ժողով էին կազմակերպել ԱԺ շենքում՝ խորհրդարանը դարձնելով սեփական «դուքանը»։ Նման բան նույնիսկ ՀՀԿ-ի օրոք տեղի չէր ունենում։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ով երեկ դարձյալ շտապում էր փակ քննարկման՝ այս անգամ ԱԺ նախագահի մոտ, մեզ հետ զրույցում փորձեց արդարացնել այս ամենը՝ օրենքից մեջբերումներով եւ պառլամենտարիզմին հղում անելով։ «Մենք խմբակցության նիստ չենք արել ընդհանրապես, դա եղել է հանդիպում պատգամավորների հետ։ Պատգամավորներն իրավունք ունեն բանավոր հարցադրումներով դիմեն կառավարության անդամներին, եւ կառավարության մի շարք անդամներ, ներառյալ՝ վարչապետը, ներկա է եղել»,- ասաց Վարդանյանը՝ հակասելով գործընկերների այն պնդումներին, թե իրենք խմբակցության նիստ են արել։
- Այդ դեպքում մյուս խմբակցությունների պատգամավորներն էլ, ձեզ նման, երբ վարչապետին կանչեն, նա կգա՞ իրենց հարցերին պատասխանելու։
- Ուրեմն «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի բանավոր հարցումներով դիմել կառավարության անդամներին։
- Շատ լավ, թող դիմեն կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
- Որեւիցե սահմանափակում չկա, որ էդ գործառույթը պատգամավորը պետք է իրականացնի միայն հարցուպատասխանի ժամանակ։
- Հիմա «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ն կարո՞ղ են ցանկացած պահի վարչապետին կանչել հարցուպատասխանի։
- Աշխատանքային եղանակով ցանկացած պատգամավոր կարող է կապ հաստատել կառավարության ցանկացած ներկայացուցչի հետ եւ փորձել պարզաբանում ստանալ իրեն հուզող հարցերի վերաբերյալ։
- Այսինքն՝ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի պատգամավորները կարո՞ղ են վարչապետին ըստ ցանկության կանչել կամ հրավիրել, եւ վարչապետն ու կառավարության անդամները գան ու պարզաբանումներ ներկայացնեն։
- Հրավիրել, իհարկե, հնարավոր է։
- Իսկ կգա՞ն, թե՞ ոչ։
- Կգան, թե ոչ, տեսեք՝ էս պարագայում, երբ որ վարչապետը չգար, մենք որեւիցե լծակ չէինք ունենալու, որպեսզի վարչապետին պարտավորեցնեինք ներկա լիներ նիստին։ Ամբողջ խնդիրը հետեւյալն է․ մենք գնում էինք խորհրդարանական կառավարման, խորհրդարանական կառավարումը ներառում է կառավարության խորհրդարանական վերահսկողություն։ Որեւիցե եղանակ, որեւիցե արգելք չկա՝ հանդիպում կազմակերպել կառավարության անդամների հետ նաեւ Ագզային ժողովի շենքում։
- Տպավորություն էր, թե դա զուտ կուսակցական ժողով էր, ընդ որում՝ ԱԺ վարչական տարածքում եւ ոչ աշխատանքային օրը։
- Ոչ, կուսակցական ժողով չի եղել, որովհետեւ նիստին ներկա են գտնվել ՀՀ գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ…
- Որոնք ՔՊ անդամներ են։
- Ես նորից եմ կրկնում՝ որեւիցե սահմանափակում չկա առ այն՝ հանդիպել կառավարության անդամների հետ, հարցեր տալ նրանց կառավարության շենքում, Ազգային ժողովում, թե որեւիցե այլ եղանակով։
- Այդ դեպքում ինչո՞ւ լրագրողներին ներս չէին թողնում։
- Որովհետեւ քննարկվում էին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին… տեսեք, հանդիպումը փակ էր լրատվամիջոցների համար, բայց հանդիպման ավարտից հետո որոշ պատգամավորներ պատասխանեցին հարցերին, այդ թվում՝ խմբակցության ղեկավարը։
- Մի կերպ, ընդ որում՝ շենքից դուրս…
- Ոչ աշխատանքային օր է եղել, գուցե դրանով է պայմանավորված եղել։
- Այդ դեպքում ինչո՞ւ էիք ոչ աշխատանքային օրով դուք մտել շենք, նաեւ՝ կառավարության անդամները։
- Իմ եւ ցանկացած այլ պատգամավորի աշխատանքը չնորմավորված է։ Այսինքն՝ ես կարող եմ լինել Ազգային ժողովում ցանկացած ժամանակահատվածում։ Ես կիրակի ամբողջ օրն անցկացրել եմ Ազգային ժողովում։ Բայց որեւիցե անձի մուտքը եւ ելքը Ազգային ժողով՝ կանոնակարգվում է անվտանգության ծառայողների կողմից։
- Մեր՝ լրագրողների աշխատանքն էլ է ոչ նորմավորված, եւ կարող ենք ցանկացած պահի, որտեղ որ միջոցառում կա, ներկա գտնվել եւ փորձել ինֆորմացիա ստանալ։
- Շատ բարի, եւս մեկ անգամ ասում եմ, որ ձեր՝ տեղեկատվություն հայցելու ազատությունը որեւիցե մեկը կասկածի տակ չի դնում, եւ մենք հենց հիմա գնում ենք ԱԺ նախագահի հետ հանդիպման, եւ եթե դուրս գալուց հետո հարցնեք՝ ինչ եք քննարկել այնտեղ, ես իրավունք ունեմ Ձեզ չպատասխանել։ Բայց, տեսեք, ես՝ անձամբ, մշտապես բաց եմ եղել ԶԼՄ-ների համար, երկրորդը․ նման ֆորմատով հանդիպումներն ԱԺ շենքում, իմ կարծիքով, պետք է դառնան լավ ավանդույթ։ Նույն իրավունքից, որից օգտվել են «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները, կարող են օգտվել նաեւ այլ խմբակցության ներկայացուցիչները՝ փոխադարձ համաձայնության առկայության պարագայում։
- Այսինքն՝ ֆիքսենք․ ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» կարող են վարչապետին ցանկացած պահի հրավիրել ԱԺ՝ հարցուպատասխանի, եւ վարչապետն անմիջապես կհայտնվի՞։
- Տեսեք, յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի բանավոր հարցերով դիմել կառավարության անդամներին։
Կարծիքներ