Հանրայինի լրատվականի ղեկավարը հեռանում է

Հանրայինի լրատվականի ղեկավարը հեռանում է

Նոյեմբերի 12-ին «Հրապարակում» լուր էինք տպագրել հետեւյալ բովանդակությամբ․
«Հանրային հեռուստաընկերությունում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Առաջիկայում «Լուրեր» լրատվականը նոր տնօրեն կունենա: Վահագն Թեւոսյանը, որ չորս ամիս առաջ էր նշանակվել «Լուրերի» ղեկավար, նոյեմբերի 14-ին կմեկնի արձակուրդ եւ, ըստ մեր աղբյուրի, 99 տոկոս հավանականությամբ չի վերադառնա: Բանն այն է, որ Վահագն Թեւոսյանը «ՔՊ» ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել, ամենայն հավանականությամբ՝ ցուցակի անցողիկ համարում: Մեր աղբյուրն ասաց, որ «Լուրեր»-ի նոր տնօրենի երկու թեկնածություն կա»: 

Նույն օրը Վահագն Թեւոսյանը իր ֆեյսբուքյան էջում ի պատասխան մեր լուրի գրեց․ «Հանրայինի լրատվականը՝ փաստ չէ, որ նոր տնօրեն կունենա։ Սիրելի լրատվամիջոցներ: Կոչ եմ անում ուշադրություն դարձնել այս վերնագրին: Քանի որ գոյություն չունեցող փաստը որպես վերնագիր ներկայացնելը, կարծում եմ, միշտ էլ սխալ է: Հանրայինի լրատվականը նոր տնօրեն կունենա,- այսպես եք գրել:

Այն, որ հրավիրվել եմ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակ, չեմ հերքում: Համաձայնություն եմ տվել, բայց նույնիսկ չգիտեմ էլ՝ ո՛ր տեղում եմ, ու առանձնապես չի էլ հետաքրքրում, անկեղծ ասեմ: Խնդիրն անտարբերությունը կամ ձևական համեստությունը չեն, այլ այն, որ երկրի համար դժվար այս հատվածում ուժերիս ներածի չափով պատրաստակամ եմ անել ամեն ինչ, որտեղ իմ կարիքը զգացվի, եթե դա չի հակասում իմ որոշ սկզբունքային մոտեցումների:

Բայց դրա հետ մեկտեղ մի գործոն էլ կա, դա հենց իմ՝ սուբյեկտի գործոնն է: Ես լիովին իրավունք ունեմ ինքս որոշելու՝ կգնա՞մ Ազգային ժողով՝ ընտրվելու դեպքում, թե՞ այնուամենայնիվ ճիշտ կհամարեմ, որ Հանրայինում իմ գործունեությունն ավելի կարևոր է: Ի վերջո ես կուսակցական չեմ, հրավիրյալ եմ, ու նաև իմ տնօրինության կողմից պատշաճ կերպով տեղեկացված չեմ ո՛չ լրատվականի տնօրենի փոփոխության հնարավորության, ո՛չ էլ դրա անհրաժեշտության մասին:
Նույնիսկ եթե ձեր գրածը լիովին համապատասխանի իրականությանը, ճիշտ չէ էսպես աշխատելը: Ես դեռ տնօրեն եմ, ու տնօրեն եմ նաև իմ աշխատողների համար: Ու դեռ հնարավոր է՝ շարունակեմ լինել: Իսկ դուք արդեն նոր թեկնածություններ եք քննարկում: Ու այնպիսի տպավորություն է լրատվամիջոցներից, որ ինձ բան հարցնելը կամ սարսափելի է, կամ զազրելի, կամ անհնար»:

Այսօր արդեն ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյանը գրել է․
«Այսօր աշխատանքից ազատվելու դիմում գրեցի:

Ի հակառակ ընկերներիցս շատերի վստահեցման, թե խնդիրը չափազանցնում եմ, ինքս չկարողացա հաղթահարել ներքին էթիկական նյուանսները:

Միշտ համոզված եմ եղել, որ քաղաքական ուժի հարող մարդն արդեն իսկ սուբյեկտիվ է որպես լրագրող, անկախ իր մարդկային հատկանիշներից, ու որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը նման տնօրեն ունենալու շռայլություն իրեն չի կարող թույլ տալ Նոր Հայաստանում: Ու եթե խորհրդարան չանցնեի էլ (դեռ փաստացի չեմ էլ անցել), էդ դիմում գրելու էի, այսպես թե այնպես: Հիմա էլ նույն էթիկական դրդապատճառով որոշեցի վաղաժամ դադարեցնել պարտականություններս:

Հանրային հեռուստաընկերությունում նույնիսկ այսքան կարճ ժամանակ աշխատելս լավ մարտահրավեր էր, որն ինձ շատ բան սովորեցրեց, շատ բան փոխեց իմ մեջ: Առնվազն, թե որքան մակերեսային ենք մենք շատերս պատկերացնում որոշ բաներ, թե որքան տարբեր են երբեմն լինում դրսից ու ներսից երևացող իրականությունները, որքան հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ ծանր է հեռուստատեսային մենեջերի աշխատանքը՝ ամենօրյա աննկարագրելի դժվարությունների առատությամբ:

Սրտանց շնորհակալությունս եմ ուզում հայտնել Լուրերի իմ գործընկերներին, Հանրային հեռուստաընկերության ամբողջ անձնակազմին՝ այդ թվում տնօրենների խորհրդին, գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի գլխավորությամբ՝ համատեղ ծանր ճանապարհ անցնելու համար:

Ու մի բան էլ:) Այս լուրը իմ անձնակազմից շատերի համար անակնկալ է լինելու: Ուստի ներողություն եմ խնդրում, որ այսպես եմ ձեզ տեղկացնում սույնի մասին, որովհետև առիթ եք տվել համոզվելու, որ դուք երբեմն ինձնից համառ եք գտնվում ու կարողանում եք ինձ համոզել հակառակը)։ Այսպիսով փորձում եմ խուսափել ձեր՝ այդքան ինձ սիրելի դարձած ազդեցությունից:)
Քայլ հաջորդ»:

Իսկ մենք այս մասին գիտեինք դեռ նոյեմբերի 12-ին։