Բանկի հերթական զոհը 10 տարի է՝ դատարանում է

Բանկի հերթական զոհը 10 տարի է՝ դատարանում է

Քաղաքացի Ասլան Դիլբարյանը 11 տարի առաջ բանկից վերցրած վարկի պատճառով մինչ այժմ դատարանի դռներին է։ Դիլբարյանը  50 000 000 դրամ է վերցրել՝ գրավ դնելով Լենինգրադյան 4/9  հասցեում գտնվող տարածքի մի մասը՝ 251 քմ մակերեսով: Մեկ տարվա ընթացքում կատարել է իր պարտավորությունները, մուծել է 15 400 000 դրամը: Սակայն սուր ինֆարկտ է տարել, ենթարկվել ծանր վիրահատության: 

Հիվանդության պատճառով  չի կարողացել մարել վարկը եւ բանկի հայցադիմումի հիման վրա դատարանով ճանաչվել է սնանկ: Ըստ նրա՝ սնանկ է ճանաչվել ապօրինի որոշմամբ, քանի որ կազմակերպվել է կեղծ աճուրդ, եւ իր գույքը, որը գնահատված է եղել 145 000 000 դրամ, հափշտակվել է՝ կեղծ փաստաթղթերի միջոցով: Քաղաքացու պնդմամբ՝ բանկի մասնաճյուղի կառավարիչը, սնանկության կառավարչի հետ կեղծել է վարկի եւ գրավի պայմանագրերը, աճուրդն անվավեր չճանաչվելու համար գրավի պայմանագրից հանել են երաշխավոր գործարանի անունը, կեղծել բանկի կնիքները, վճարման հանձնարարագրերը:

Ըստ Դիլբարյանի՝ նոր երևան եկած հանգամանքներ կան, որոնց հիման վրա էլ նա կրկին դիմել է դատարան։ Պարզվել է, որ նա հայց է ունեցել՝ «Էյչ Էս Բի Սի Հայաստան» բանկի դեմ՝ 20 000 000 դրամի վճարման հանձնարարագրերի վնասը հատուցելու պահանջով: Երրորդ անձն ու սնանկության կառավարիչը նույն անձինք են եղել, որոնց գործողությունների հետևանքով հայցվորն իրեն տուժող է համարել: «Էյչ Էս Բի Սի Հայաստան» բանկի ներկայացուցչի՝ այլ դատարան ներկայացրած ռուսատառ, ռուսերեն անվանումով վճարման անդորրագիրը կա, որը տարբերվում է մեկ այլ գործով կառավարչի կողմից նախկինում ներկայացված վճարման հանձնարարագրի օրինակից: Այսինքն՝ ներկայացրել են, դատը շահել, ապա մեկ այլ գործով ներկայացրել վճարման այլ հանձնարարագիր: Տարբերությունը, ըստ Դիլբարյանի, վճարման ժամանակի, եղանակի, կնիքների և գումարի մեջ է․

 «Քրեական գործում՝ որպես փոխանցման գումար, նշված է 20 000 000 դրամ՝ ժամը 11:19:28, իսկ մյուսը քաղգործով բանկի ներկայացուցչի կողմից ներկայացված վճարման հանձնարարագիրը՝ 20 000 000 դրամի՝ ժամը 14:30: Մի դեպքում վճարման հանձնարարագիրը կատարվել է էլեկտրոնային եղանակով, մեկ այլ դեպքում՝ փաստացի բանկի կողմից «Կոմիտաս» մասնաճյուղում՝ գրավոր։ Դրանք բանկի անունից կեղծված կնիքով կեղծ փաստաթղթեր են, բանկն այդպիսի փաստաթուղթ չի տրամադրել»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Դիլբարյանը։