1992 թվականից սկսած՝ ով իշխանության ա եղել, ինչքան ուժ կա, իրա համար աշխատել ենք

1992 թվականից սկսած՝ ով իշխանության ա եղել, ինչքան ուժ կա, իրա համար աշխատել ենք
Մամիկոն Խեչոյան

Ոստիկանության վեցերորդ վարչությունը մոտ 20 օր առաջ մտել է Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնք եւ ստուգումներ իրականացրել։ Արդյունքում բացահայտվել են չարաշահումներ, եւ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։


«Հուլիսի 1-ին ենք ստացել գործը, չարաշահումների գործ է, Քրօր․ 308-ի 1-ին մասի հատկանիշներով, նախնական տվյալներով՝ կառավարությունը 2012 թվականին, Արծվաշենի բռնի տեղահանված անձանց դրամական օգնություն ցուցաբերելու նպատակով, յուրաքանչյուր ընտանիքին հատկացրել է 360 հազար դրամ, սակայն ըստ գործի նյութերի՝ համայնքապետը պետությունից օգնություն ստացող քաղաքացիների ցուցակում լրացրել է 23 անձի վերաբերյալ տվյալներ, որոնք ընդհանրապես կապ չեն ունեցել Արծվաշեն համայնքի հետ», -ասացին մեզ Քննչական կոմիտեից։


Արծվաշենի գյուղապետը Մամիկոն Խեչոյանն է, որը գյուղը ղեկավարում է 1997 թվականից։ Նրա որդին՝ Թարխան Խեչոյանը, ընտրություններին եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պարբերաբար սկանդալների մեջ հայտնվող ու իր արարքների համար մամուլին դատի տվող Հայկ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը։ Հայրն էլ ժամանակին աշխատել է Հայկի հոր՝ Զարեհ Սարգսյանի հետ, երբ վերջինս մարզի գործկոմի նախագահն էր։ Մեզ պատմեցին, որ Մամիկոն Խեչոյանն այս ստուգումների եւ քրգործի պահով գյուղում տարածել է, թե ինքը մտածելու բան չունի՝ իրենց թիկունքն ամուր է։
Խեչոյանը, որը բավականին անկեղծ եւ ուղիղ խոսող մարդ դուրս եկավ, տեղյակ չէր՝ քրգործ հարուցվել է, թե ոչ․ «Դե, տենց մի անգամ երեւացին-գնացին՝ մի 20 օր առաջ»։ Նա կցկտուր հերքեց մեղադրանքները, թե ինքը ցուցակից դուրս մարդկանց գումար է տվել․ «Չէ, տենց բան չկա»։ Փոխարենը չհերքեց, որ որդին եղել է Հայկի շտաբի պետը, ինքն էլ աշխատել է Հայկի հոր հետ, թեպետ ասաց, որ միշտ լարված հարաբերություններ է ունեցել Զարեհ Սարգսյանի հետ։
«Դե, բոլորն էլ էդ ժամանակ իշխանական թեկնածուներին աջակցել են, էլի»,- անկեղծացավ Արծվաշենի գյուղապետը, երբ հարցրինք իր որդու՝ Հայկ Սարգսյանի շտաբի պետը լինելու մասին։

- Ձեր գյուղում պարտադի՞ր է իշխանական թեկնածուներին աջակցելը։

- Ամբողջ հանրապետությունում ա պարտադիր։ 1992 թվականից սկսած՝ ով իշխանության ա եղել, ինչքան ուժ կա, իրա համար ա աշխատել։

- Այսինքն՝ սկզբունքներ, քաղաքական հայացքներ չկա՞ն ձեզ մոտ։

- Ինչի Հայաստանում կա՞։

- Հիմա, եթե նորից իշխանություն փոխվի, Դուք կամ Ձեր որդին պիտի սատարեք արդեն նո՞ր իշխանություններին։

- Խի չի՞ եղել տենց, ՀՀՇ-ականները հանրապետականների՞ն չեն ընտրել։ «Յա նաչալնիկ, տի դուռակ» սկզբունքը ե՞րբ չի գործել Հայաստանում, Երեւանում չի՞ գործել, ձեր թաղամասում չի՞ գործել։

- Կարող է մեր թաղամասում ինչ-որ մարդիկ եղել են, որ իրենց «նաչալնիկի» կամ «դուռակի» տեղ են դրել, բայց կոնկրետ իմ դեպքում չի գործել դա։

- Հայաստանում կա՞ մի հատ ընտրատեղամաս, կամ ամբողջ Երեւանում ՀՀԿ-ի համար ձայները․․․ Լֆիկը քանի՞ ձայն ա տվել Նիկոլի մեծամասնականներին։ Նույնը հանրապետականների՞ն չի տվել էն վախտ։

- Լավ, չշեղվենք թեմայից։ Մեզ ասացին, որ այս ստուգումների հետ կապված՝ Դուք գյուղում հայտարարել եք, թե Հայկ Սարգսյանը ձեր թիկունքին կանգնած է, ձեզ ձեռք չեն տա։

- Չէ, չէ, ընդհանրապես։ Հայկը սկի իրա թիկունքին չի կարում կանգնի, ո՞ւմ թիկունքին կանգնի։ Ի՞նչ թիկունքին կանգնելու մասին ա խոսքը, եթե մաքուր իրավական գործընթաց ա, էսօր ո՞վ ում թիկունքին կանգնելու խնդիր ունի։ Կամ տենց բան եղե՞լ ա, ոչ մի անգամ չի եղել, ի՞նչ թիկունքին կանգնել, ի՞նչ բան։

- Հիմա Ձեր որդին Հայկի ընկերն է, Դուք էլ, ասացին, Հայկի հոր հետ եք մտերիմ եղել, ճի՞շտ է։

- Հայկի ընկերը ո՞րն ա, նա երեւանցի, սա՝ արծվաշենցի, ո՛չ մեծացել են իրար հետ, ո՛չ բան։ Իսկ ես Հայկի հոր հետ, եթե ուզում եք իմանաք, մենք ավելի շատ վատ հարաբերության մեջ ենք եղել, քան լավ։

- Իսկ հիմա ինչպիսի՞ հարաբերություններ ունեք նրա հետ։

- Հիմա՝ որպես նախկին գործկոմի նախագահ, ցանկացած մարդ, եթե հայ ա, էդ բոլոր բաները դնում ա մի կողմ, թե ժամանակին ոնց են եղել, ինչ են եղել, կա հայի մենթալիտետ, այսինքն՝ մարդն իշխանության ա եղել, մի անգամ եղել ա նախագահ, ուրեմն իրան պետք ա ամեն դեպքում հարգել, չգնալ ասել՝ գիտե՞ս ինչ կա, դու էս թվին Արծվաշենին պիտի տայիր էսքան մեքենա, չտվիր։ Հայերը խասյաթ ունեն, չէ՞, հա հետ նայել։ Հա հետ նայելով՝ առաջ չեն գնում, էլի։