Բոլոր առաջարկները կգնան պատմության գիրկը, եթե չվերականգնվի լիարժեք ձևաչափը․ Դավիթ Բաբայան

Բոլոր առաջարկները կգնան պատմության գիրկը, եթե չվերականգնվի լիարժեք ձևաչափը․ Դավիթ Բաբայան

Hraparak.am-ի հարցազրույցը Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ

- Պարոն Բաբայան, Մասիս Մայիլյանը Երևանում հայտարարել է, որ պետք է հրաժարվել բանակցային սեղանին դրված հնացած սկզբունքներից (Մարդրիդյան)։ Սա պաշտոնական Ստեփանակերտի պաշտոնակա՞ն տեսակետն է։
- Մենք ընդհանրապես կարծում ենք, որ, նախ, որպեսզի խոսենք համապարփակ կարգավորման մասին, և որպեսզի բոլոր այդ խոսակցություններն ինչ-որ տեղ իրական լինեն, պետք է վերականգնվի լիարժեք ձևաչափը։ Քանի այն վերականգնված չէ, ամենալավ մոտեցումները կմնան պարզապես մոտեցում։ Ինչ վերաբերում է կոնկրետ սկզբունքներին, ապա դա դինամիկ հասկացություն է, մոտ տասնյակ առաջարկներ՝ տարբեր տիպի, եղել են, բայց տեսնում եք, որ որևէ մեկն իրականություն չի դարձել, որովհետև, նախ, բանակցային գործընթացը լիարժեք ձևաչափով չի եղել, և երկրորդ՝ կողմերի մոտ կա տարբեր սկզբունքների իրարամերժ պատկերացումներ, և երրորդ՝ Ադրբեջանը որևէ ձևով չի փորձում կառուցողական երկխոսություն հաստատել և պահպանել տարածաշրջանում։ Հետևաբար, կրկնեմ, լավագույն մոտեցումներն իսկ այդպես էլ կարող են մնալ թղթի վրա, եթե չվերականգնվի լիարժեք ձևաչափը, ու Ադրբեջանը չհրաժարվի իր ռևանշիստական քաղաքականությունից։ 

- Հայաստանի ու Արցախի ԱԽ-ների նիստում այդ մասին ևս նշվեց, բայց կյանքը ցույց է տալիս, որ դրանից հետո հայկական կողմը գնալու է բանակցությունների, և Մինսկի խումբն Արցախի ներգրավված լինելու դիրքորոշումը որակել էր նախապայման։ Փաշինյանն էլ ասաց՝ եկեք պարզաբանենք՝ այդ 3 սկզբունքներն ու 6 տարրերն ինչ են։ Համարո՞ւմ եք, որ սա նշանակում է, որ եկեք զրոյից սկսենք, հասկանանք, ու, վերջապես՝ այդ առաջարկներն ո՞ւմ եք արել։ Փաշինյանի այս ասածի Ձեր ընկալումը ո՞րն է։

- Նախ, պետք է փաստենք հետևյալը, որ բանակցություններն իրոք անհրաժեշտ են։ Մենք բազմիցս ասել ենք, նորից կրկնեմ, որ բանակցությունները մենք չպետք է դիտարկենք լոկ հակամարտության կոնտեքստում, որովհետև դրանք ընթանում են երկու հարթությունում՝ բուն կարգավորում և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար։ Այստեղ արդեն բանակցությունները մեծ ազդեցություն ունեն, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը տարածաշրջանային պետություններ են, և իրենցից էլ է կախված կայունության և խաղաղության պահպանումը տարածաշրջանում։ Հետևաբար, այս տեսանկյունից պետք է դիտարկվի բանակցային գործընթացի շարունակականության ապահովումը։ Մանավանդ, հաշվի առնելով Այսրկովկասի կարևոր դերը տարածաշրջանային քաղաքականության մեջ և ներկա դրությամբ աշխարհաքաղաքական կենտրոնների համոզմունքը, որ այստեղ պետք է լինի կայունություն։ Հիմա դրա համար պետք է վարվեն բանակցությունները, ուրիշ տարբերակ չկա։

- Այնուամենայնիվ, եթե Արցախի ԱԳ նախարարը նման բան է հայտարարում, փաստորեն, սա Ստեփանակերտի պաշտոնական կարծիքն է։

 - Նորից եմ կրկնում․ մենք միշտ ասել ենք՝ լավագույն  փաստաթղթերը կմնան թղթի վրա, եթե չվերականգնվի լիարժեք ձևաչափը։ Բացի սրանից, սա դինամիկ գործընթաց է․ եղել է թե՛ Ընդհանուր պետության, թե՛ փուլային-փաթեթային՝ սկսած 90-ականներից, Ռամբույե, Քի Վեսթ, հիմա Մադրիդյանն է։ Իհարկե,  դինամիկ գործընթաց է, վաղը գուցե անհրաժեշտ լինի այլ բանաձևեր ու մոտեցումներ մշակել։ Սա հնարավոր է և չի կարելի բացառել, բայց, կրկնում եմ, եթե չվերականգնվի լիարժեք ձևաչափը, Ադրբեջանն էլ չհրաժարվի իր ռևանշիստական քաղաքականությունից, բոլոր առաջարկները կգնան պատմության գիրկը։

- Քանի որ հետ գնացիք, մինչև 98-99 թվականներ, հիշեցնեմ՝ երբ Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան հրավիրվեց մտայնությամբ, որ «երկուսը մեկում» ներկայացնի Արցախն ու Հայաստանը, չե՞ք կարծում, որ ակունքը հենց այդտեղ է, և այն ժամանակ ի՞նչ դիրքորոշում ուներ արցախյան կողմը։

- Քոչարյանի՝ Հայաստան տեղափոխման մասին կա արդեն համապատասխան շրջանակ, նախկին ղեկավարությունից կարող եք ճշտել, բայց հիմա անդրադառնամ նրան, թե որն է խնդիրը։ Արցախն Ադրբեջանի քաղաքականության շնորհիվ է դուրս մնացել։ Մենք ի՞նչ պիտի ֆիքսենք․ անկախ նրանից՝ ով է եղել Հայաստանի Հանրապետության նախագահը, անկախ նրանից՝ ինքն Արցախից է, Գյումրուց, Իջևանից, Զանգեզուրից, միջազգային հանրության կողմից 1994 թվականին ընդունվել է Բուդապեշտի գագաթնաժողովի  որոշումը, որ կա բանակցային 3 և հակամարտության 3 կողմ։ Սա է իրավական կողմը՝ ընդունված որոշումը։ Հիմա ի՞նչ կապ ունի՝ ով է նախագահը։ Ինչո՞ւ միջազգային հանրությունն այն ժամանակ չի կասեցրել Ադրբեջանի, փաստորեն, ահաբեկչական քայլը, որ միջազգային հանրությանն իր պահվածքով վերջնագիր է ներկայացվել, որ այլևս Արցախի հետ չեն ուզում բանակցել, որովհետև Արցախի նախկին նախագահը դարձել է ՀՀ նախագահ։ Միջազգային հանրությունը ռեակցիա չի տվել, որովհետև ահաբեկված է եղել և շատ ավելի գերադասել է անգամ այդ  խեղաթյուրված ձևաչափով բանակցային գործընթացը շարունակելը, քան նոր պատերազմը։

Սա է եղել պատճառը։ Դե, սա բարդել 1, 2, 3 հոգու վրա՞։ Ես էլ ասում եմ, որ ինստիտուցիոնալ խնդիր է տեղի ունեցել, որ  ԵԱՀԿ ներքո ընթացող այդ բանակցությունների ժամանակ տեղի է ունեցել մեծ սխալ, որը ցայսօր շարունակվում է։ Եթե եղել է որոշում, որի փոփոխությունը կարող էր միայն տեղի ունենալ ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ՝ կոնսենսուսով, այդ թվում՝ Հայաստանը պետք է քվեարկեր, որ Արցախը չլինի բանակցային և հակամարտության կողմ… սա հնարավո՞ր է, ոչ։ Հիմա միջազգային հանրությանը Ադրբեջանն ահաբեկել է, իրենք, հաշվի առնելով, որ այս տարածաշրջանում երկարատև պատերազմը կարող է ընդհանրապես  պայթյուն առաջացնել աշխարհով մեկ, ընդունել են սա, բայց դա չի նշանակում, որ ճիշտ է եղել։ Տեսնում եք, չէ՞, էն ժամանակվա մի փոքր սխալը․․․ մտածել են՝ ոչինչ, էլի, ի՞նչ տարբերություն։ Այ, սա է տարբերությունը, որ որևէ առաջըթնաց չկա։ Հետևաբար, պետք է մոտենալ ինստիտուցիոնալ, այլապես չենք կարողանալու խնդիրը լուծել, ասել, որ՝ այ ԵԱՀԿ, սա է խնդիրը։

- ԵԱՀԿ ՄԽ-ն պարբերաբար լինում է Ստեփանակերտում։ Վերջին անգամ ե՞րբ եք ասել այդ մասին։

- Ամեն անգամ, միշտ մենք բարձրացնում ենք։

- Բա իրենք ի՞նչ են ասում։

- Իրենք ասում են՝ ընդունում ենք, ճիշտ եք, պիտի վերականգնվի, բայց Ադրբեջանը դեմ է, հիմա էս է այլընտրանքը․ կա՛մ բանակցային գործընթացի տապալում, տասնյակ, հարյուր հազարավոր զոհեր, կա՛մ խաղաղության պահպանում՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն պահպանելու համար։ Եվ դրա համար այս բանակցությունները պետք է վարել։ Իսկ վաղ թե ուշ գալու է պահը, երբ միջազգային հանրությունն ու Ադրբեջանը գան եզրակացության, որ անհրաժեշտ է վերականգնել ձևաչափը։