Սիրե՞լ, թե՞ չսիրել՝ այս է խնդիրը

Սիրե՞լ, թե՞ չսիրել՝ այս է խնդիրը

2018-ի փետրվար-մարտ ամիսներին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր տված խոսքի գերին չէ, եւ պարզ էր, որ Հայաստանին ադրբեջանացում է սպասվում, որոշեցի մի պատմվածաշար գրել, որում կնկարագրեի մեր սարսափելի ապագան։ Ամեն օր նստում էի գրելու, եւ ձեռքս չէր գնում․ Հայաստանի վրա թուղթուգիր անելու պես մի բան էր դա ինձ թվում։ Հայաստանի ադրբեջանացման վտանգը դարձավ հեղափոխության հռետորաբանության մեխը։

Վեց տարեկան տղաս, որ ծնված օրից պայքարւմ էր՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին ունենալով իբրեւ հերոս՝ Սարդ-մարդու ու Սուպերմենի շարքում, հեղափոխության օրերին՝ հավանաբար այն պահից, երբ իշխանության դեմ պայքարող Նիկոլը դարձավ իշանության համար պայքարող, սկսեց չսիրել նրան։ Իսկ երբ վարչապետ դարձավ, տղաս քամահրանքով հարցրեց․ «Հիմա Նիկոլն ա՞ Սերժիկը»։ Ես, իհարկե, խոստացա, որ Նիկոլը երբեք Սերժիկ չի դառնա, ու հիմա էլ հույս ունեմ, որ չեմ խաբել որդուս, բայց երբեմն, տեսնելով այն պաշտամունքը, որ կա նրա անձի հանդեպ, եւ այն ատելությունը, որին արժանանում են լրագրողներն ու չորրորդ իշխանությունը, պատգամավորների՝  խոսքի ազատության դեմ պարբերաբար արվող սպառնալից շարժումները, մտածում եմ՝ միգուցե Հայաստանի ադրբեջանացումն այլընտրանք չունե՞ր։ Միգուցե դա ջրծաղկի պես մի բան է մանուկ դեմոկրատիաների համար, եւ արդյո՞ք հնարավոր է դրանից խուսափել ԵԱՏՄ դիկտատորների մանկապարտեզի խմբում, որտեղ սանիտարական կանոններին հետեւող չկա։

Հայտնի է, որ հեղափոխությունն ուտում է իր զավակներին, մեր հեղափոխությունը կերավ իր ծնողին․ չորրորդ իշխանությունը մնաց հեղափոխության փլատակների տակ։ Մեկ տասնամյակից ավելի մեր պետականության օրհասական վախճանը գուժող եւ ըստ էության հեղափոխությունը նախապատրաստած ու իրականացրած լրագրողները դարձան կառավարության անդամ, պատգամավոր ու պետպաշտոնյա եւ սկսեցին քննադատել․․․ մամուլը։ Նիկոլ Փաշինյանը մի անգամ մամուլի մի հրապարակման առիթով ասաց, որ թույլ չեն տա՝ մամուլն իրենց հանրապետականացնի։ Հանրապետականացնել ասելով՝ նկատի ուներ վարկաբեկելը՝ այն, ինչ արեց մամուլը նախորդ իշխանությունների հետ։ Իրենից լավ ո՞վ գիտի, թե ինչպես է հնարավոր թե՛ վարկաբեկել եւ թե՛ արգելել դա։ Ժամանակին, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանն արգելեց ընդդիմադիր մամուլը։ Սերժ Սարգսյանը նույնպես հասկանում էր, որ մամուլն է երկրում տիրող «գաղջ մթնոլորտի» պատասխանատուն, բայց, հավանաբար, լեգիտիմության պակասն էր պատճառը, որ չկարողացավ լուծել այդ հարցը։

Ես չեմ հիշում ժամանակաշրջան, որ չորրորդ իշխանությունն այսպես թիրախավորված լիներ՝ եւ ոչ միայն իշխանության ներկայացուցիչների, այլեւ հանրության կողմից։ Ինձ հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ ես «Հրապարակ»-ին հոդվածներ տալիս, չէ՞ որ այդ թերթը զբաղված է իշխանության վրա ցեխ շպրտելով։ Կամ հարցնում են՝ քոչարյանական լրատվամիջոցում կաշխատեի՞ր։ Այս հարցերն ինձ տալիս են մարդիկ, որոնք բազմաթիվ լրատվամիջոցներ արգելած ու ընտրություններ կեղծած Տեր-Պետրոսյանի վերադարձից հետո համագործակցել են նրան սատարող լրատվամիջոցների հետ եւ խնդիր չեն տեսել։ Կամ՝ մարդիկ, որ օգտվել են իշխանություններից թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժի ժամանակ, ներառված են եղել պետական կառավարման համակարգում, մրցանակներ են ստացել հիմա արդեն այդքան ատելի դարձած նախկին իշխանություններից, հպարտ լուսանկարվել նրանց հետ ու այդ լուսանկարները տարածել սոցցանցերում։ Նրանք, ինչպես այնժամ, այնպես էլ այսօր իշխանամետ են։ Դա օրինաչափ է ու բնականոն, բայց օրինաչափ ու բնականոն չէ այն, որ նրանք նույնն անում են արդեն բարոյական ամուր դիրքերից։ Սա հեղափոխության վատ հետեւանքներից է՝ այն ոչ միայն նվիրեց մեզ լեգիտիմ իշխանություններ, այլեւ լեգիտիմացրեց ու բարոյական նորմ դարձրեց իշխանությանն ուղղված քծնանքը, ծառայամտությունը, հարմարվողականությունը։

Կա նաեւ այլ տեսակ՝ նախկինում ընդդիմադիր ու շարժման մաս եղած, հիմա իշխանությանը սատարող մարդիկ, որոնց մեջ շատ են արվեստագետները։ Երբ նրանք են մեղադրում ԶԼՄ-ներին ծախվածության մեջ, ուզում եմ հարցնել՝ իսկ եթե մամուլը չսնվեր նախկին իշխանությունից, այլ ձեր գրպանից, ի՞նչ պիտի գրեր ու հրապարակեր, ըստ ձեզ, դիֆերամբնե՞ր՝ իշխանությանն ուղղված։

Ուզում էի գտնել ու մեջբերել իմ սիրած արվեստագետներից մեկի՝տարիներ առաջ ասած խոսքը, որ եթե նույնիսկ անձրեւ է գալիս, մեղադրիր Սերժ Սարգսյանին։ Բայց գտա նրա՝ վերջերս տված հարցազրույցը, որում հորդորում էր սիրել իշխանություններին։ Իրենց ղեկավարին սիրում են ռուսները, ղազախները եւ ամենաշատը՝ Հյուսիսային Կորեայի բնակիչները։ Գործող ղեկավարին սիրելը, էլ չեմ ասում՝ պաշտելը, ինքն իրենով արդեն ախտանշան է։ Իսկ երբ այդ սիրով տոգորված են արվեստագետներն ու լրագրողները, դա նշանակում է, որ այլեւս չեն գործում երկու կարեւոր օրգանները, որ բարձր են պահում հասարակության դիմադրողականությունը։ Դա նշանակում է, որ հասարակությունը խոցելի է շատ ավելի ծանր հիվանդությունների համար, քան այն, որից բուժվեցինք։

Արփի ՈՍԿԱՆՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ