Խուզարկության մասին ՀՔԾ-ն տեղյակ է պահել ԲԴԽ-ին

Խուզարկության մասին ՀՔԾ-ն տեղյակ է պահել ԲԴԽ-ին

Երեկ կեսօրին աննախադեպ տեղեկություն տարածվեց, թե՝ Հատուկ քննչական ծառայությունը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացրել։ Սա արտառոց էր ոչ միայն այն առումով, որ ամեն օր չէ, որ խուզարկում են դատավորների առանձնասեյակները, այլ հատկապես նրանով, որ այս դատավորն է փոխել Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւ կասեցնելով գործը դիմել Սահմանադրական դատարան։ Տեղեկատվությունը լսելով մարդիկ անմիջապես եզրակացրեցին, որ խուզարկությունը կապված է Ռ․Քոչարյանի գործի հետ, ուստի քաղաքական որոշման արդյունք է եւ հետապնդում է իրականացվում դատավորի նկատմամբ։ Հիշեցնենք, որ խափանման միջոցը փոխելու որոշումը դատարանը կայացրել է Արցախի ներկա եւ նախկին նախագահների երաշխավորության հիմքով։ 

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ ասել էր․ «Մեր մոտ քննվող քրգործի շրջանակում կատարվել է խուզարկություն, առայժմ այսքանը, լրացուցիչ մեկնաբանություն կտանք»։

Մենք հետաքրքրվեցինք, թե Բարձրագույն դատական խորհրդին ծանուցե՞լ են  դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու վերաբերյալ, չէ որ ԲԴԽ-ն է դատավորների «դատարանը», իսկ դատավորն անձեռնմխելի անձ է եւ նրա նկատմամբ գործողություններ կատարելիս պետք է լինի այս մարմնի համաձայնությունը։  Մեզ հետ զրույցում ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ ծանուցումը զուտ տեղեկացման նպատակ է հետապնդում եւ իրենց համաձայնությունը չի պահանջվում։

«Ուրեմն  նախապես մեզ գրավոր տեղյակ պահել են։ Իսկ օրենքի  սահմանո՞ւմ է, կարծում եմ՝ այո, եթե խնդիր լինի, մենք կմիջամտենք, մենք հետեւում ենք դեպքերի ընթացքին։ Ուրիշ նոր բան չեմ կարող ասել»,-նշեց Բեքմեզյանը։
Նրա խոսքով՝ ծանուցման մեջ նշված եղել է, թե որ քրեական գործի շրջանակում են խուզարկություն իրականացնելու, սակայն դրա մասին չխոսեց՝ ասելով, թե նախաքննական գաղտնիք է, բայց ասաց՝ այն քրգործը, որը դուք կասկածում եք՝ դա չի (նկատի ունի՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրգործը)։

Հարցին, թե այդ խուզարկությունը կարո՞ղ է դատավորի անկախությանը խոչընդոտել, պատասխանեց․ «Հենց մենք զգանք, որ խոչընդոտելու խնդիր կա, մենք անպայման կներգրավվենք։ Մենք հետեւում ենք դեպքերի ընթացքին, որ օրենքից դուրս ոչինչ չկատարվի»։ ԲԴԽ անդամը նաեւ նշեց, որ իր տեղեկություններով՝ այդ թեմայով Գրիգորյանը ԲԴԽ-ին չի դիմել։
Ի դեպ, իրավաբանները կարծում են, որ եթե անգամ դա բոլորովին այլ գործի շրջանակներում իրականացված գործողություն է, ամեն դեպքում կատարվածը չի կարելի դիտարկել մյուս գործերից կտրված եւ այս պարագայում նկատելի է կոնկրետ նպատակը, որ իշխանությունն իր քննչական մարմնով փորձում է ինչ որ բան հասկացնել կամ ճնշումներ գործադրել անցանկալի որոշումներ կայացրած դատավորի նկատմամբ։ Ամեն դեպքում, դատական անկախությունը երաշխավորող իշխանությունը ձեռնպահ կմնար նման գործընթացից, որ նման տպավորություն չստեղծվի եւ միջազգային կառույցներն էլ մեր երկրի համար ոչ նպաստավոր հետեւություններ չանեն։