«Վիրտուալ աչքերի» միջոցով դառնալ և՛ կրող, և՛ փոխանցող (լուսանկարներ)

«Վիրտուալ աչքերի» միջոցով դառնալ և՛ կրող, և՛ փոխանցող (լուսանկարներ)
«Վիրտուալ աչքերի» միջոցով դառնալ և՛ կրող, և՛ փոխանցող (լուսանկարներ)
«Վիրտուալ աչքերի» միջոցով դառնալ և՛ կրող, և՛ փոխանցող (լուսանկարներ)
«Վիրտուալ աչքերի» միջոցով դառնալ և՛ կրող, և՛ փոխանցող (լուսանկարներ)
«Վիրտուալ աչքերի» միջոցով դառնալ և՛ կրող, և՛ փոխանցող (լուսանկարներ)
«Վիրտուալ աչքերի» միջոցով դառնալ և՛ կրող, և՛ փոխանցող (լուսանկարներ)
«Վիրտուալ աչքերի» միջոցով դառնալ և՛ կրող, և՛ փոխանցող (լուսանկարներ)
«Վիրտուալ աչքերի» միջոցով դառնալ և՛ կրող, և՛ փոխանցող (լուսանկարներ)
«Վիրտուալ աչքերի» միջոցով դառնալ և՛ կրող, և՛ փոխանցող (լուսանկարներ)

Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացվեց արվեստագետ Սոնա Բանոյանի «Վիրտուալ աչքերի խորհուրդը» ցուցահանդեսը․ բատիկա, նկարչություն, լուսաձայնային ինստալյացիա՝ դասական երաժշտության ուղեկցությամբ։  

Սոնա Բանոյանը սրահում կողք-կողքի փակցրել է Վերածննդի շրջանի ու 21-րդ դարի վիրտուալ աչքերի մեծածավալ պատկերները՝ դրանով երկխոսություն ստեղծելով տարբեր սերունդների միջեւ։ Ասում է՝ անմիջական կապ է զգում վիրտուալ աչքերի խորհրդի հետ, որն այս նախագծում շատ է անձնականացված․ «Ես իրենցից զգում եմ իմ հարազատների նախախնամությունը, պաշտպանվածությունը, ներկայությունը։ Ես այդ աչքերը կարծես ինձ հետ միշտ կրում եմ, ու ինձ համար տարածքը երբեք վիրտուալ չէ»։

Թեեւ սեփական աչքի շուրջ փորձարկումներ չի արել, բայց Բանոյանն իր գործունեության ընթացքում միշտ է գնացել էքսպերիմենտների՝ տալով աչքի խորհրդի տարբեր մեկնություններ։ «Այս ամբողջն իմ ընտրած ու պատկերած աչքերն են։ Այս նախագծի մեջ փոխանցման վրա է շեշտը դրված, որոշ գործերում անձնականացված է շատ, ինչ-որ տեղ համընդհանուր բնույթ է կրում, բոլորը կարող են մասնակից լինել, որովհետեւ բոլորն էլ դառնում են ինչ-որ լավ բանի կրող եւ փոխանցող։ Այսինքն՝ այդ վիրտուալ աչքերն այսքան տարի ե՛ւ կրող են, ե՛ւ փոխանցող, շատ լայն փիլիսոփայություն կա, բայց ես այս ցուցահանդեսի ընթացքում վերցրել եմ միայն այդ 2 մոտեցումը՝ անձնական եւ անանձնական հայացք»։

Վերածննդի ժամանակաշրջանում քրիստոնեական աշխարհը ստեղծեց աշխարհընկալման նոր համակարգ։ Տեսողական գործընթացի դերն ավելի նշանակալի դարձավ եւ լավագույնս արտահայտվեց Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոյի, Ռաֆայելի եւ Վերածննդի արվեստի այլ նկարիչների գործերում։ Սոնա Բանոյանի «Վիրտուալ աչքերի խորհուրդը» նախագիծը նկարչուհու փորձն է՝ ընդգրկել մեր իրականությունը, արթնացնել միտքը, բացահայտել մարդու կենսական ուժերը, հետադարձ հայացք գցել անցյալին եւ նայել ապագային։  

Դասավանդելով Հ․ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում՝ Բանոյանը, ի դեմս իր սաների, արդեն ունեցել է սեփական իդեան իրականացնելու հնարավորություն։ «Այստեղ սիրուն խորհուրդ կա, աչքերը միշտ են վիրտուալ գործում, փաստորեն, 500-600 տարի է՝ Վերածննդի արվեստն աշխարհին դպրոց է թելադրում, եւ վիրտուալ աչքերի շնորհիվ նրանք կրում ու փոխանցում են մեզ այդ ինֆորմացիան։ Այդ երեխաներն էլ, որ հիմա կրողներ են հանդիսանում, հետո կդառնան փոխանցողներ։ Լեոնարդոն, Կարավաջոն այդ նույն բանը կրել են ու հետո փոխանցել։ Այսինքն՝ այդ էստաֆետան կարծես շարունակական բնույթ ունի, ամբողջ կոնցեպտը դրա մեջ է»։        

Սոնա Բանոյանի «վիրտուալ աչքերը» փորձում են վերականգնել տիեզերական կապը բնության հետ․ «Աչքերն ու ամպերը սահում են ֆիլմում, իրենք կարծես պահում են այդ աչքերն օդի մեջ, ու երբ դու քայլում ես, քո վրա էլ են գալիս, այսինքն՝ ամեն մեկն իր հերթին դառնում է կրող եւ փոխանցող»։ Բատիկա եղանակով պատկերված են աչքեր՝ տարբեր դիրքերով եւ հայացքներով։ Դա նույնպես հեղինակի կողմից մտածված է եւ ապահովում է ասելիքի ու շարժման դինամիկան․ «Ուզում էինք, որ տարբեր հայացքներ լինեին՝ վերեւ նայող, ժպտացող, արտահայտիչ, նաեւ գունային առումով տարբեր»։

Ինչ վերաբերում է Վերածննդի շրջանի ներկայացված աչքերին, ապա «նրանցից ամեն մեկը յուրովի աչքի տեսանկյուն է ունեցել, նայելուց էլ տեսնում ենք, որ շատ տարբեր խառնվածք ու  տրամադրություններ կան․ դա եւս հատուկ է մտածված»։ Նկարչուհին ամեն ինչին սիրով ու նվիրումով է վերաբերվում, պատահաբար առնչվել է գոբելենին ու բատիկային, ինչը շրջադարձային է դարձել նրա ստեղծագործական կյանքում։ «Ես շատ լուրջ եւ խորքից եմ ուսումնասիրում ոչ միայն թեման, այլ նաեւ նյութը, որի հետ պետք է աշխատեմ եւ իրականացնեմ ասելիքս։ Չեմ վախենա ասել, որ իսկապես լավ եմ տիրապետում տեխնիկային»,- ասում է Բանոյանը։