Պատկերացրեք՝ Վաշինգտոնում ՀՀ դեսպանին դժգոհեին, որ հանդիպում է Թրամփի ամենամեծ թշնամու հետ

Պատկերացրեք՝ Վաշինգտոնում ՀՀ դեսպանին դժգոհեին, որ հանդիպում է Թրամփի ամենամեծ թշնամու հետ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ տեղեկացրել էր, որ երեկ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ով տեղեկացրել է, որ իրականում ՌԴ դեսպանն այդ առնչությամբ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու կոնտեքստում։ 

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի՝ Hraparak.am-ի հետ զրույցից  իրականում պարզ դարձավ, որ դիվանագիտության մեջ սա ոչինչ չի նշանակում․ «Դեսպանը Վիեննայի կոնվենցիայով նախատեսված բոլոր իրավունքներն ու ազատություններն ունի։ Ինչպես նաև ազատ տեղաշարժի իրավունքի, և եթե դեսպանից դժգոհ են կամ պետք է դրա մասին հայտարարեն, կամ պետք է նոտա տան, կամ պետք է պերսոնա նոն գրատա հայտարարեն։ Այսինքն՝ քայլերի մի ողջ, այսպես ասենք՝ բույլ կա, և, ինչպես տեսնում ենք, պաշտոնական Երևանը դեռևս որևէ արձագանք չի տվել։ Արձագանքել է միայն նախկին փոխարտգործնախարարը, որը ներկայումս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է՝ հղում տալով ԱԳՆ-ին, որն ինքն այս պահի դրությամբ որևէ հայտարարություն չի արել»։

Իսկ, առհասարակ, Սուրեն Սարգսյանն ասում է, որ յուրաքանչյուր դեսպան դեսպանական երկրում օրենքով չարգելված բոլոր միջոցներով ու եղանակներով տեղեկություններ հայթայթելու իրավունք ունի։ Այդ թվում նաև՝ հանդիպելու իրավունք տարբեր քաղաքական գործիչների հետ։
«Լինեն իշխանական, թե ընդդիմադիր։ Երկրորդ․ պատկերացրեք՝ ՌԴ ղեկավարությունը կշտամբեր Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանին, եթե վերջինս հանդիպեր  Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ժիրինովսկու հետ։ Կամ՝ Հայաստանի դեսպանին Վաշինգտոնում քննադատեին, որ նա հանդիպել է Դեմոկրատական կուսակցության  առաջնորդներից մեկի՝ Ադամ Շիֆի հետ, որը Վաշինգտոնում Թրամփի ամենամեծ թշնամին է»,- ասում է Սուրեն Սարգսյանը։
Ս․ Սարգսյանը որպես ամփոփում նշեց, որ սա սխալ ու ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Նա զարմացած է, որ Կոպիրկինի՝ տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումը մեկնաբանվում է որպես Հայաստանի ներքին գործերին միջամտություն։