Ազատված պրոռեկտորը նոր նախաձեռնություն է սկսում

Ազատված պրոռեկտորը նոր նախաձեռնություն է սկսում

Օրերս ԵՊՀ պրոռեկտորի պաշտոնից ազատված դասախոս Մենուա Սողոմոնյանը ԵՊՀ-ում բարեփոխումների այլընտրանքային հարթակ վերակազմավորելու նախաձեռնություն է սկսել։

Հիշեցնենք, որ ԵՊՀ-ում ռեկտորի հրամանով ձևավորված՝ բարեփոխումների մեկ այլ հանձնաժողով կա։ Ի դեպ, Սողոմոնյանը հենց այդ հանձնաժողովի բերած կառուցվածքային փոփոխությունների ծրագրի արդյունքում լքեց պաշտոնը։ «Հրապարակի» հետ զրույցում նա ասաց, որ նոր հարթակը շարունակելու է հնի թողած կիսատ գործերը, չնայած որ բարեփոխումների հանձնաժողովը դե յուրե կա, այնուամենայնիվ, ֆորմալ բնույթ ունի, իսկ վերակազմավորվող հարթակը բաց քննարկումների ու առաջարկությունների հարթակ է լինելու․ «Հարթակը ոչ թե ստեղծվում, այլ վերակազմավորվում  է, որովհետև վերջին տարիների ընթացքում նմանատիպ նախաձեռնութուններ մի քանի անգամ եղել են, որ դասախոսները հավաքվեն, փորձեն իրենց խնդիրները հասկանալ, քննարկել, բարձրաձայնել։ Ես միշտ միացել եմ այդ նախաձեռնություններին։ Դրանցից ամենանշանակալին բարեփոխումների հանձնաժողովն էր, թեև ավելի շատ ֆորմալ բնույթ ուներ, քանի որ կոնկրետ ռեկտորի հրամանով ստեղծված հանձնաժողով էր, որն աշխատեց, բավականին փոխըմբռնում կար, ահագին նյութ կուտակվեց, բավականին շատ հարցերի շուրջ դիսկուրս բացվեց։ Աշխատանքներն այդպես ընթանում էին, հետո կանգ առան, բայց մարդիկ խոսում էին, որ անհրաժեշտ է շարունակել այդ աշխատանքները, որովհետև դրանց արդյունքում իրոք հնարավոր էր, որ շատ կարևոր գաղափարներ դառնային նորմ, և հիմնական հետազոտական պրոցեսը կազմակերպվեր ըստ այդ նորմերի, ըստ այն պահանջների, որոնք ներկայացվում են դասախոսների կողմից։ Ես չեմ նախաձեռնել, այդ հանձնաժողովը կար, բայց փաստացի չի գործում։ Իմ գործընկերները մեր շփումների ընթացքում պարբերաբար ասում էին, որ այդ նախաձեռնությունը պետք է գործի, շարունակական բնույթ պետք է կրի։ Օրինակ՝ հնարավոր է, որ նորմատիվ ակտերի վերաբերյալ մարդիկ տարակարծություններ ունենան, ասելիքներ ունենան, դրանք մեկտեղել, իմի բերել է պետք։ Այսինքն՝ մոտավորապես հանձնաժողովի կիսատ թողած գործն ավելի լայն ֆորմատով, ավելի ոչ ֆորմալ շարունակելու և ավարտական ծրագրային փաթեթի հասցնելու խնդիր կա»։

Կարո՞ղ ենք ասել, որ համալսարանում այդ նախաձեռնությունն ընդդիմադիր բևեռի նշանակություն կունենա։

«Ոչ, նման խնդիր չկա։ Երբ ես գիտքարտուղար էի, մասնակցում էի բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներին, հանձնաժողովի բոլոր անդամները դասախոսական կազմից էին, սա մոտավորապես նույնի շարունակությունը պետք է լինի, պարզապես մի քիչ ավելի ոչ ֆորմալ։ Բարեփոխումների հանձնաժողովը ֆորմալ էր ստեղծված, սա, ըստ էության, կլինի ոչ ֆորմալ»։

Հարցրինք, թե ինչ լծակներով պետք է նախաձեռնությունն ազդի ռեկտորատի կամ հոգաբարձուների խորհրդի որոշումների վրա։

«Պաշտոնական ոչ մի լծակներ չունի, ինչ-որ լծակներ գործադրելու մտայնություն ու խնդիր չկա, բայց ես լիահույս եմ, որ այդ հարթակում մարդիկ կմիավորվեն։ Դրանք այն մարդիկ են, որոնք, բնականաբար, համալսարանում դասախոսների ու ուսանողների շրջանում հարգանք վայելող են, բանիմաց մարդիկ են, կրթության և հետազոտության բնագավառում ժամանակակից գործչի տվյալներ ունեցող մարդիկ են, որոնց համալսարանական համայնքը լսում է, չի կարող անտեսել նրանց խելամիտ առաջարկները, գաղափարները, կարծիքները։ Դա է լծակը, որը, բնականաբար, կունենա այդ հարթակը։ Մարդիկ առաջարկներ կանեն, կոնստրուկտիվ քննարկումներ կլինեն, ինչու ոչ՝ նաև քննադատություններ կլինեն, ոչ մի խնդիր այստեղ չկա»։