«Սոնա յար» երգելով՝ ընտրեցին Կոնսերվատորիայի ռեկտոր

«Սոնա յար» երգելով՝ ընտրեցին Կոնսերվատորիայի ռեկտոր

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան երեկ ընտրում էր բուհի ռեկտոր։ Մինչեւ ընտրությունների մեկնարկն արդեն Կոնսերվատորիայի բակում հավաքվել էին մի քանի տասնյակ դասախոսներ, ուսանողներ՝ ի աջակցություն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանի։ Ուսանողները թեպետ նշեցին, որ ինքնաբուխ են դուրս եկել եւ իրենց աջակցությունն են հայտնում Սոնա Հովհաննիսյանին, բայց, որոշ խոսակցությունների համաձայն, նրանց օգնել է ինքնակազմակերպվել ուսանողական խորհուրդը, ինչը, սակայն, Սոնա Հովհաննիսյանը հերքեց՝ պատասխանելով, որ չգիտի, թե ովքեր են կազմակերպել։ 

Հովհաննիսյանն ասաց, որ մի փոքր լարված է, բայց դա պայմանավորված է առաջին անգամ իր առաջադրվելու փաստով եւ ոչ խնդիրների կամ ինտրիգների առկայությամբ։ Նա նշեց, որ այս ամիսների ընթացքում ծրագրային իմաստով լուրջ աշխատանք է տարվել։ Իսկ ռեկտոր ընտրվելու դեպքում խնդիրները լուծելու է 3 հիմնական ուղղություններով՝ ուսումնական, ուսանողական եւ միջազգային հարցերի մասով։ 

Ինչ վերաբերում է հարցին, որ նախօրեին խորհրդի կազմում ընդգրկված ուսանողներին հորդորել են դիմումներ գրել եւ դուրս գալ խորհրդի կազմից, Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ նախորդ խորհրդի աշխատանքներին ուսանողները վատ են հաճախել, ուստի «բնական հարց է ծագել՝ ովքեր չեն ուզում այս աշխատանքներին մասնակցել, թող ինքնաբացարկ հայտնեն, բայց դա ես չեմ արել, ուսխորհուրդն է իր ներսում այդ որոշումները կայացրել»։

Ռեկտորի մյուս թեկնածուն նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանն էր, ով որոշեց առաջադրվել ռեկտորի պաշտոնում, քանի որ ունի Կոնսերվատորիայի զարգացման իր տեսլականը եւ ընդհանուր առմամբ՝ 32, իսկ պրոռեկտորի պաշտոնում՝ 7 տարվա աշխատանքային ստաժ։ 

Նա նաեւ նկատեց, որ իրենց՝ թեկնածուների ծրագրերում շատ կետեր կրկնվում են, որովհետեւ նպատակը բուհի զարգացումն է, եւ անկախ ընտրությունների ելքից, պատրաստ է առաջարկել իր համագործակցությունը Սոնա Հովհաննիսյանին։ Նա դժվարացավ գնահատական տալ ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում Հովհաննիսյանի 6 ամիսների աշխատանքներին, քանի որ չի հետեւել, զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ «Որոշակի բաներ փոխվել են, բայց չեմ ուզում նաեւ քննադատական խոսք ասել, միայն մի բան եմ ուզում ասել, որ այս ամեն ինչն արվում է մարդու համար։ Ծրագրերը կարող են փայլուն գրված լինել, բայց դրանք կյանքի կոչելու համար ֆինանսներ են անհրաժեշտ»։    

Ընտրությունից առաջ հանձնաժողովը որոշեց այս անգամ ռեկտորի ընտրությունն անցկացնել դռնփակ։ Հետաքրքրական է, որ մինչ այս Կոնսերվատորիայում ընտրությունները մշտապես անցկացվել են բաց․ սա, կարելի է ասել, առաջին ընտրությունն է նոր Հայաստանում, որ անցկացվեց փակ դռների ետեւում։ Մրցութային հանձնաժողովը հղում արեց Կոնսերվատորիայի կանոնադրությանը, որն ընտրությունը դռնփակ անցկացնելու իրավունք է տալիս։ Արդեն ընդմիջմանը Հովհաննիսյանն ասաց, որ ինքն անձամբ կողմ էր, որ ընտրությունը բաց անցկացվեր, բայց խորհուրդը որոշեց օրենքով շարժվել եւ դռնփակ անել։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սոնա Հովհաննիսյանն իր եւ Ռիտա Սարգսյանի ունեցած մտերիմ հարաբերությունների մասին այսպես պատասխանեց․ «Ես «Հովեր» երգչախմբի ղեկավարն եմ եղել, եւ, ինչպես բոլոր կոլեկտիվները, «Վիվասել-ՄՏՍ»-ի կողմից ունեցել ենք ֆինանսական աջակցություն, որը կազմակերպվել է «Լույս» հիմնադրամի միջոցով: Սա է իմ առնչությունը եղել: Շուշիում երեք օպերա եմ բեմադրել, սա է եղել իմ առնչությունը: Մարդ չեմ լինի, եթե չասեմ՝ շնորհակալ եմ «Հովերի» նկատմամբ նման վերաբերմունքից։ «Հովեր» երգչախումբը գոյություն չէր ունենա, եթե այս աջակցությունը չլիներ»։ Ի պատասխան այն դիտարկմանը, թե քաղաքական ճամբար է փոխել, նկատեց, որ ինքը մշակույթի գործիչ է, իսկ մշակույթի ոլորտն ապաքաղաքական է, ով էլ ղեկավարի «Հովեր» երգչախումբը, այն մնում է «Հովեր» երգչախումբ, եւ իրենց աշխատանքի արդյունքում է, որ ունեն վաստակավորի կոչումներ, իսկ վաստակավոր մարդկանց սեւացնելն անբարոյական է համարում․ «Այժմ ես ոչ մի կապ չունեմ Ռիտա Սարգսյանի հետ, բայց չեմ հերքում իմ առնչությունը, ավելին՝ ես ոտքից գլուխ շնորհակալ եմ, քանի որ նրա լավ տրամադրվածության շնորհիվ երգչախումբը ստանում էր լրավճարներ եւ կարողանում էր շնչել»։  

Ինչ վերաբերում է աուդիտին, ապա թեպետ այն ավարտվել է, բայց  արդյունքները հրապարակել չի թույլատրվում։ Նա նշեց, որ աուդիտի արդյունքում ի հայտ եկած թերությունների ուղղություններով, որ իրեն ներկայացվել են կետ առ կետ, հիմա աշխատում են, իսկ առանձնակի լուրջ ֆինանսական չարաշահումներ չեն եղել։ 

Շուրջ 4 ժամ տեւած ընտրությունից հետո ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 15/8 հարաբերակցությամբ, Կոնսերվատորիայի ռեկտոր ընտրվեց Սոնա Հովհաննիսյանը, ում միջանցքում «Սոնա յար» երգի ներքո դիմավորեցին դասախոսներն ու ուսանողները՝ ողջագուրվելով նորընտիր ռեկտորի հետ։ 

Ընտրվելուց հետո Հովհաննիսյանն ասաց, որ հիմա շտապելու է նախարարություն, իսկ ընդհանրապես, չի շտապում փոփոխություններ սկսել, քանի որ ոչ մի բան միանգամից չեն փոխում։ «Պետք է շատ հանդարտ, նուրբ ձեւով առաջ գնալ՝ պահպանելով եղածը, չավիրել, չվնասել եւ արդեն 6 ամիս սկսածն առաջ տանել»,- ասաց ու նկատեց, որ խորհրդի ներսում՝ ընտրության ողջ ընթացքում շատ քաղաքակիրթ հարաբերություններ են եղել, որին, ցավոք, լրագրողներն ականատես չդարձան։