Մանվել Գրիգորյանն ազատ կարձակվի՞. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Մանվել Գրիգորյանն ազատ կարձակվի՞. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին քսան միլիոն դրամ գրավով ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը: Նա նշեց, որ նախագահող դատավոր Մարինե Մելքոնյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը: «Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս կհրապարակի որոշումը: Մանվել Գրիգորյանը նիստինն ներկա չէր, նա ստացիոնար բուժում է ստանում»,-նշեց պաշտպանը:

Մկրտչյանը նշեց, որ մեղադրող կողմը առարկել է, սակայն նրանց բերած հիմնավորումների մասին չցանկացավ խոսել:

Նշենք, որ դեկտեմբերին Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավով ազատ արձակելու որոշում էր կայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, այնուհետեւ Վերաքննիչը վերացրել էր այդ որոշումը, բավարարել էր դատախազության բողոքն ու Գրիգորյանին կրկին կալանավորելու որոշում կայացրել։

Հիշեցնենք, որ Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է․ Ըստ ՀՔԾ-ի՝ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր։