Մոնիտորինգը սանկցիա չէ, բայց որ չլիներ, ավելի լավ

Մոնիտորինգը սանկցիա չէ, բայց որ չլիներ, ավելի լավ

Ընտրություններից հետո ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի փակ նիստում որոշվեց, որ Հայաստանի նկատմամբ մոնիտորինգը շարունակվում է։ Սա հետընթաց, առավել ևս, ողբերգություն չէ, որ քանի որ ԵԽԽՎ 47 անդամ երկրներից շատերում, բացառությամբ հին, կայացած ժողովրդավարություններով  Արևմտյան այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, ԵԵԽՎ մոնիտորինգ կա, առավել ևս՝ հետխորհրդային տարածքի երկրների և Արևելյան Եվրոպայի նախկին սոցիալիստական ճամբարի (Ռումինիա, Բուլղարիա և այլն )։

Սակայն, մյուս կողմից, կա նաև նույն հետխորհրդային տարածքի երկիր Մոլդովայի նկատմամբ մոնիտորինգ չի իրականացվում։ Ապրիլ-մայիսյան հեղափոխության առաջին օրերին միջազգային ամենահեղինակավոր պարբերականների 1-ին էջերից դուրս չեկող Հայաստանի համար նման շանս կար, որ մենք ևս կհայտնվենք բացառությունների մեջ՝ որպես Թավշյա, ոչ բռնի հեղափոխություն իրականացրած երկիր։ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում 6-րդ գումարման ԱԺ-ից Էդմոն Մարուքյանը, որը ներկայացված էր որպես ընդդիմություն, (կա՛մ նա պետք է ներկայացներ, կա՛մ Նաիրա Զոհրաբյանը, որն այս օրերին Սյունիքում էր ) հենց այդպես էլ իր առաջարկը ձևակերպել էր՝ ասելով․ «Այս առումով, գուցե ես մի քիչ առաջ եմ անցնում, բայց կարծում եմ, որ տեղի ունեցած ազատ և արդար ընտրությունները, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների մեկնարկը ցույց են տալիս, որ ժամանակը հասունացել է` մեր անդամակցությունից հետո գործող մոնիթորինգը փոխարինելու է հետմոնիթորինգային երկխոսության հետ: Մենք հավատում ենք, որ Հայաստանում ժողովրդավարական զարգացումները իրավունք են վերապահում նման փոփոխություն ակնկալելու համար»:

Սակայն եղավ այն, ինչ եղավ։ Էդմոն Մարուքյանը Փարիզից հեռախոսով ասաց, որ, ամեն դեպքում, չպետք է սա դիտել որպես սանկցիա և ավելացրեց․ «Այս հարցը օֆիցիալ հո չի քննարկվել, որ մերժվի կամ ոչ, ուղղակի, կարծիքներ եղան, որ մոնիտորինգը դա սանկցիա չէ, ու ըտեղ չէր կարող որոշվել, որ, հա, եթե Էդմոնն ասաց՝ բերեք հանենք»։ Կա կարծիք, որ առաջարկը չընդունվելուն մեծապես նպաստել էր պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, որը, հիշեցնենք, դեռ այս ընթացքում ակտիվ տեղեկացնում էր հանձնաժողովի որոշումների մասին․ մի դեպքում, որ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը որոշում է կայացրել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում փաստահավաք առաքելությամբ գործուղել Հայաստան և արդյունքների մասին զեկուցել հանձնաժողովի առաջիկա նիստին»։

Ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն արտահերթ կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում, իսկ թեման՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ն մշտապես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ և ԵԵԽՎ դիտորդների մոտ բարձրաձայնում էր, որ իշխանական թիմի թեկնածուների քարոզարշավում կա ատելության խոսք։ Նաև Արփինե Հովհաննիսյանն ավել վաղ դիմել էր ոստիկանություն՝ նշելով, որ իրեն համացանցով սպառնալիքներ են հասցրել։ Արդյոք առաջարկը չընդունվելուն նպաստել են Արփինե Հովհաննիսյանն ու հանրապետականները, կամ նրանց բողոքները դեր են ունեցել։ Էդմոն Մարուքյանը չի կարծում՝ դա չի խնդիը և ասում է․«Իրենք ուղղակի կարծիք հնչեցրեցին,որ հետհեղափոխակլան երկիր է, պետք է ուշադիր լինել, որ պրոցեսները ճիշտ հունով ընթանան և այլն։ Հետո մոնիտորինգը հո՞ սանկցիա չէ, այն աջակցություն է երկրին, դրանով երկրին են օգնում»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։

Այսուհանդերձ, եթե նման առաջարկ է արվում, ուրեմն երկրի ներսում կարծում են, որ ավելի լավ է՝ չաջակցեն։ Բայց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամը չթաքցրեց՝ եվրոպացի պատգամավորները նշել են սոցիալական ցանցերում ատելության մթնոլորտի վերաբերյալ բողոքների մասին, շատ են մեջբերումներ արել եվրոպացի դիտորդների նախնական զեկույցից։

Հիշեցնենք, որ եվրոպացի դիտորդների նախնական զեկույցում նշվում է, որ քարոզարշավի ընթացքում բազում բողոքներ են ստացվել իշխող քաղաքական թիմի թեկնածուների խոսուն ատելության տարրերի մասին։

Մեզ հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ, այո, իր ելույթում ներկայացրել է իր տեսակետը ինչպես ընտրությունների օրվա, այնպես էլ նախընտրական մթնոլորտի, այդ փուլում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ Էդմոն Մարուքյանի առաջարկը ընդունվեց բացասաբար։ «Եվ հանձնաժողովում նշվել է, որ ԱԺ ընտրություններում իշխանության ստացած վստահության բարձր քվեն չպետք է դառնա քաղաքական հաշվեհարդարի առարկա»,-ասաց նա։ Պատճառը, որ Հայաստանը դուրս չեկավ մոնիտորինգից, ըստ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի՝ առնչվում է հետընտրական գործընթացներին, չնայած՝ բավականին բարձր լեգիտիմություն ունեցող իշխանությունների առկայությանը։ Ավելի կոնկրետ նրան, որ 7-րդ գումարման ԱԺ-ում այս բարձր լեգիտիմություն ունեցող իշխանության հակակշիռներ չունենալուն խորհրդարանում և դրանից դուրս։ Իսկ ավելի կոնկրետ, որ ԱԺ-ում «Իմ քայլը» չի ունենալու լուրջ ընդդիմություն։ «Ոչ թե այն, որ եթե մի իշխանություն չունի ընդդիմություն, նա չարաշահում է իշխանությունը, այլ, որ նման ռիսկեր կարող են լինել, եթե ոչ հիմա, ապա՝ ապագայում, իսկ դա կանխելու ձևերից մեկը մոնիտորինգի այդ՝ այսպես ասած՝ լծակը պահպանելն է »,- մեկնաբանեց Ստյոպա Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը կազմում է մեկ երրորդը։ Արդյոք ԲՀԿ-ն ու ԼՀԿ- ն, որպես, պատկերավոր ասած, օրգանիզմ, կձգտե՞ն պետության իմունիտետը բարձրացնելուն՝ դառնալով իրական ընդդիմություն։ Ստյոպա Սաֆարյանը չի կարծում ու ասում է, որ նման բան կարող է անել միայն քաղաքական ուժը, որն ունի այլընտրանքային օրակարգ, որի ծրագիրն ու խնդիրների լուծման պատկերացումներն արմատապես տարբերվում են գործող իշխանության ծրագրերից։