Իրենք նորմալ չեն աշխատում՝ հույսը «պողոսների» բարձր գիտակցության վրա է

Իրենք նորմալ չեն աշխատում՝ հույսը «պողոսների» բարձր գիտակցության վրա է

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության եւ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչները երեկ համատեղ ասուլիս էին հրավիրել, որպեսզի, մի կողմից, խոսեին կորոնավիրուսի տարածման մտահոգիչ իրավիճակի ու բարձր թվերի մասին, մյուս կողմից՝ նորից քարոզեին, որ պետք է պարտադիր պատվաստվել, եւ հընթացս ներկայացնեին, թե էլ ինչ սահմանափակումներ են մտածել ՀՀ հպարտ քաղաքացիների համար, որով պետք է ստիպեն «ինքնակամ» պատվաստվել։

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանն իր խոսքի նախաբանում գուժեց՝ համաճարակային իրավիճակը բավականին լարված է Հայաստանում, այն աստիճանի, որ մոտենում ենք արդեն կրիտիկական կետին՝ վառվող կարմիր գոտուն։

«Վերջին 14 օրվա վերլուծության տվյալները ցույց են տալիս, որ նախորդ 14 օրվա համեմատ դեպքերի 50 տոկոս աճ ունենք: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից բարձր է, ինչը խոսում է այն մասին, որ վարակը շատ արագ տեմպերով տարածվում է: Ցավոք, ունենք մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում 1.5-1.7 անգամ դեպքերի աճ: Եվ պետք է նշեմ, որ, ըստ Եվրամիության չափանիշների, Հայաստանն արդեն մոտենում է վառվող կարմիր գոտուն, այս պահին մեզ մոտ հիվանդացության ցուցանիշը 475 է, եթե հասնենք 500-ի, կհայտնվենք վառվող կարմիր գոտու մեջ»,- ասաց նա։

Մի վատ ցուցանիշի մասին էլ հաղորդեց առողջապահության նախարարության պաշտոնյան՝ հիվանդությունը երիտասարդացել է, եւ ավելի շատ թիրախավորված է 30-50 տարեկան ազգաբնակչությունը, նաեւ ունենք դեպքեր երեխաների շրջանում։ Ռ. Աբովյանի խոսքով` այս պահին հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված, իսկ մահճակալային ֆոնդը սպառված է:

Եվ նորից կոչ արեց քաղաքացիներին՝ ցուցաբերել բարձր գիտակցություն ու գնալ պատվաստվել։ Զարմացանք՝ իրենք իրենց աշխատանքը ճիշտ կատարելու, սահմանափակումների եւ մյուս հարցերում խիստ մոտեցում ցուցաբերելու փոխարեն դարձյալ հույսը դրել են քաղաքացիների բարձր գիտակցության վրա՞։ Բայց տիկին Ռոմելան անհասկանալի պատասխաններ տվեց՝ կրկին հորդորելով, որ պետք է պատվաստվել, պահպանել հակահամաճարակային կանոնները եւ այլն։ Իսկ այն, որ իրենց կառավարության անդամների, երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակով հաճախ չեն պահպանվում այդ կանոնները, գնում տարատեսակ միջոցառումների են մասնակցում` առանց դիմակների, առանց պատշաճ կանոնները պահպանելու, բազմամարդ միջոցառումներ են կազմակերպում, այստեղ կառավարության ներկայացուցիչներն ասելու բան չունեն․ կարեւորը՝ իրենց ձայն տված քաղաքացիները, այդ թվում՝ Բաբկեն Թունյանի հարեւան «պողոսները» բարձր գիտակցություն եւ պատասխանատվություն դրսեւորեն։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ իրենց նախարարությունը երկու նախագիծ է դրել շրջանառության մեջ, որոնցով փոփոխություններ են նախատեսվում ՀՀ աշխատանքային օրենսգրքում, եւ դրանք արդեն տեղադրված են e-draft.am կայքում: Նախագծերով նախատեսվող փոփոխությամբ, եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման փաստը կամ թեստավորման բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթը, ապա գործատուն իրավունք է ստանում չթույլատրել աշխատողին աշխատանքի ներկայանալ։
«Գործատուն իրավունք է ստանում չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ եւ 30 օր չներկայանալու պարագայում գործատուն իրավունք է ստանում լուծել պայմանագիրը։ Իսկ եթե դա տեւում է 50 օր 12 ամսվա ընթացքում, ապա նույնպես գործատուն ստանում է իրավունք՝ լուծել պայմանագիրը»,- ասաց Ռուբեն Սարգսյանը՝ նշելով, որ այս նախագիծն ուղղված է աշխատողների առողջության պահպանմանը։

Ռոմելա Աբովյանն էլ հավելեց՝ չի բացառվում, որ 14 օրը մեկ թեստի ներկայացման պահանջի ժամկետը եւս փոխվի, օրինակ՝ 14 օրը դառնա 10 օր կամ ավելի պակաս։ Նա նշեց, որ այլ սահմանափակումներ եւս կարող են կիրառվել, օրինակ՝ կարող է արգելվել ժամանցի վայրեր այցելել այն անձանց, որոնք պատվաստված չեն լինի, ինչն արդեն կիրառվում է այլ երկրներում։ Բայց դեռ քննարկման փուլում է։

Մենք նկատեցինք, որ մեր ձեռքի տակ արդեն կա առողջապահության նախարարության մշակած մի նախագիծ, որով հենց նմանատիպ սահմանափակումներ են նախատեսվում զվարճանքի վայրեր այցելելու, նախագծում հենց այդպես էլ գրված է` «հանրային սննդի օբյեկտների գործունեության ոլորտ թույլատրվում է այցելել միայն կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման` ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատով»: Ռոմելա Աբովյանը կարծես անակնկալի եկավ, որ մեր ձեռքում է այդ նախագիծը, որը, ինչպես նշեց, նախորդ երեկոյան է մշակվել եւ պաշտոնապես դեռեւս որեւէ գերատեսչություն չի ուղարկվել՝ կարծիք ստանալու։