Քրեական հեղինակությունը չօգնեց մարզպետին

Քրեական  հեղինակությունը  չօգնեց  մարզպետին

Շուրջ մեկ ամիս առաջ Արագածոտնի մարզի երեք համայնքներում փակվեցին միջպետական ճանապարհները: Իսկ Արագածավանում, բացի ճանապարհից, փակեցին նաեւ Երեւան-Գյումրի երկաթգիծը: Բողոքավոր մարդիկ, հատկապես՝ Արագածավանում, պահանջում էին մարզպետ Դավիթ Գեւորգյանի ներկայությունը:

Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, օձի կծածը պարանի ստվերից էլ կփախչի: Այդպես Դավիթ Գեւորգյանը փախավ Ապարանի տարածաշրջանի Արագած համայնքից, երբ փորձեց ժողովրդի հետ փողոցային լեզվով խոսել ու ստացավ համարժեք պատասխան:

Դրանից հետո ֆեյսբուքյան ուղիղ ելույթում նա հանդես եկավ երկարուձիգ մի ուղերձով, որը եզրափակեց սպիտակ դրոշներ չպարզելու անդրդվելի վճռականությամբ: Եթե այն ժողովրդին էր ուղղված, ապա նկատենք, որ ցանկացած պաշտոնյա պետք է գիտակցի՝ ինքը պարտավոր է սպիտակ դրոշով ներկայանալ, եթե անձերի ու անհատների նկատի ունի, կարծում ենք՝ պարտավոր էր անուններ թվարկել:

Ինչեւէ, մարզպետը հրաժարվեց Արագածավան մեկնելուց, եւ զայրացած ժողովուրդը հրապարակ բերեց մի ավանակի, որի ճակատին նախշազարդ տառերով գրել էին՝ Դավիթ Գեւորգյան: Եվ ահա, այդ իրադարձությունից գրեթե մեկ ամիս հետո մարզպետը, Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի հետ կերուխումից հետո, որոշում է ուղեւորվել Արագածավան, համայնքի որոշ շրջանակներում հեղինակություն վայելող Արտյոմի (Ծյոմ) տուն, որպեսզի նա պարզի, թե ով է գրության հեղինակը, որը փակցրել են ավանակի ճակատին:

Արագածավանում Ծյոմը համեստ սեղան է գցում իր տանը, հրավիրում են նաեւ համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանին (ի դեպ, եւս մի ուրիշ Անդրանիկ ուղեկցել է մարզպետին ու համայնքապետին), սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, չեն կարողացել պարզել, թե ով է գրության հեղինակը: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ մենք պարզեցինք, թե ով է գրությունը գրել, ու կարող ենք այդ հարցով մի թեթեւ օգնել Դավիթ Գեւորգյանին:

Մարդը մեղավոր չէ, որ կարող է վայելչագրություն անել, բայց, ըստ մեր տեղեկությունների, պատվիրատուն եղել է մի անձնավորություն, ով, ինչպես գյուղացիներն են ասում, «դոշ է տվել» «Իմ քայլը» դաշինքի համար:
Ի՞նչն է զարմանալի այս պատմության մեջ. երբ ոստիկանությունը, մարզերն ընկած, հարյուրավոր քրեական հեղինակությունների բերման է ենթարկում, Արագածոտնի դուխով մարզպետը դիմոuմ է Արագածավանի Ծյոմին, որ իր հարցերը լուծի:

Արագածավանում մենք պարզեցինք, որ մարդիկ վիրավորված են Դավիթ Գեւորգյանից ԱԺ ընտրություններից առաջ մի շարք խոստումներ տալու եւ չկատարելու համար:
«Հիմա էլ,- ասում են,- ուղտը նստած՝ կուզեկուզ է գնում,- ո՞վ էր նրան ճանաչում: Մարդիկ ձայները տվել են Նիկոլ Փաշինյանին, իսկ իրեն թվում է, թե իր անձն են հաշվի առել: Մենք եկել ենք այն համոզման, որ ինքը հատուկ ծառայությունների կողմից ներդրված է իշխանության մեջ, որպեսզի վարկաբեկի թե՛ հեղափոխական արժեքները, թե՛ Նիկոլ Փաշինյանին»:

Բազում նմանատիպ արտահայտություններ հարկ չենք համարում մեջբերել:
ՀԳ. Թեմայից շեղվելով՝ նշենք, որ մեր նախորդ հրապարակումից ուղիղ մեկ օր հետո աշխատանքից ազատեցին փոխմարզպետ Անահիտ Սարգսյանին: Երեք օր աշխատանքի չներկայացավ Դավիթ Գեւորգյանը: Իսկ երբ Ա. Սարգսյանի ազատման մասին տեղեկանում է մարզպետի օգնական Մերի Բադալյանը, հանդիսավոր պարով մտնում է մարզպետարան, եւ Դավիթ Գեւորգյանն էլ Երեւանից հրահանգում է, որ անմիջապես աշխատասենյակի պատից իջեցնեն փոխմարզպետ Անահիտ Սարգսյանի ցուցանակը: Փաստորեն, մարզպետի շուրջ կես տարվա քրտնաջան աշխատանքը պտուղ տվեց՝ ազատվեց փոխմարզպետից, որից հետո կատարեց իր ֆեյսբուքյան հաջորդ գրառումը՝ եկել է լուռ աշխատելու ժամանակը: 
Ինչպե՞ս՝ կպարզվի առաջիկայում:

Նորայր  Գրիգորյան