Այս օրերին ինքս ինձ հետ մենախոսում եմ

Այս օրերին ինքս ինձ հետ մենախոսում եմ

ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար` Վահե Շահվերդյանը, թատրոնի միջազգային օրը նշում է տանը` մեկուսացած, ժամանակն է այդպիսին. «Սա, իհարկե, բացառիկ դեպք է, բայց քանի որ թատրոնի մարդիկ սովոր են բացառիկ իրավիճակներում լինել, ստեղծագործել, դրա համար մենք այդքան հիվանդագին չենք ընդունում այս իրավիճակը, հատկապես որ անձամբ ես հավատացած եմ, որ շուտով այս ամեն ինչը կհարթվի: Սա էլ փորձություն է, որից կարծում եմ` մեր ժողովուրդն ու ողջ մարդկությունը դուրս կգան, ինչպես ասում են` ամեն ինչ մարդու համար է. եւ լավը, եւ վատը, եւ դժբախտությունը եւ երջանկությունը, իսկ քանի որ մեր մասնագիտությամբ մենք մարդ ենք կերտում, հետեւաբար այն ամենը, ինչ մարդուն հատուկ է, մեզ համար հասկանալի է, որը փորձում ենք ապրել եւ ինչու ոչ` նաեւ մարմնավորել»: 

Վ. Շահվերդյանը կարծում է, որ առաջիկայում, այս համաճարակից հետո, գուցե մեր գրականության, դրամատուրգիայի մեջ կհայտնվեն այնպիսի կերպարներ, որոնք անցած կլինեն այս թոհուբոհի միջով եւ դերասաններն ու բեմադրիչները կկարողանան նոր նյութ ունենալ: Ինքը, որպես բեմադրիչ կխրախուսի՞ դրամատուրգներին գրել մի գործ համաճարակի այս օրերի մասին, որը հետո նաեւ կբեմադրի. «Կարծում եմ` հետաքրքիր կլինի, եթե կարողանան այդ սցենարի շուրջ ստեղծել ինչ որ նոր բան` ոչ թե ռեալիզմ լինի եւ կրկնօրինակություն, որը հետաքրքիր չէ, այլ` հորինվածք, մի քիչ այլ ոճի մեջ, որն ավելի շատ ֆանտասմագորիա լինի»:  

Այս օրերին, Վահե Շահվերդյանը զբաղված է իր արխիվը դասավորելով. «Ես հիմա եւ կարելի է ասել` ընդհանրապես, գտնվում եմ ինքնամեկուսացման մեջ եւ, որպեսզի կարողանամ օրն անցկացնել փորձում եմ իմ հսկայական արխիվը մի քիչ դասավորել: Եվ մյուս բանը, որ անում եմ` զբաղված եմ մենախոսությամբ, անընդհատ, ողջ օրվա ընթացքում ինքս ինձ հետ մենախոսում եմ: Այդ մենախոսությունները շատ բազմաժանր են, ոչ միօրինակ, երբեմն շատ ողբերգական, երբեմն էլ` կոմիկական, այսինքն այն ամենը, ինչ կյանքին շատ հատուկ է»: 

Հետաքրքրվեցինք` ի՞նչ խնդիրների շուրջ է մենախոսում` անձնական, անանձնական. «Եվ մեկը եւ մյուսը: Մենախոսությունս եւ իմ զավակներին է վերաբերում, եւ թոռնիկներիս եւ ընկերներիս, բայց իհարկե ավելի շատ գերիշխում է ստեղծագործականը` չգրված պիեսների, կերպարների շուրջ: Հորինում եմ տեքստեր, մի խոսքով ստեղծագործական կյանքով եմ զբաղված, անընդհատ հորինում եմ,-ասում է Շահվերդյանն ու նկատում, որ չի շտապում դրանք գրառել,- հետո դրա ժամանակն էլ չունեմ, տրամադրված չեմ, կարող է որոշ ժամանակ անցնի եւ գրի առնեմ, բայց արդյոք այդ ժամանակ կկարողանամ վերապրել ու զգալ այն ամենը, ինչ հիմա եմ զգում` չեմ կարող ասել»: