Հո մի տնօրենի պատճառով մարդ ու կնիկ չէի՞ն բաժանվելու

Հո մի տնօրենի պատճառով մարդ ու կնիկ չէի՞ն բաժանվելու

Դեկտեմբերի 25-ին Հայթաղի դպրոցում տնօրեն էին ընտրում: Թափուր պաշտոնի համար պայքարում էին երկուսը՝ կրթօջախի 10 տարվա տնօրեն Ռուզաննա Գաբրիելյանը եւ Հայթաղի նախկին գյուղապետի կինը՝ Կարինե Մակարյանը: 

Նախընտրական շրջանն այնքան էր թեժացել, որ գյուղը խմբերի էր բաժանվել: Համայնքի նախկին եւ գործող ղեկավարներն իրենց ուժերը մոբիլիզացրել էին Կարինե Մակարյանի շուրջը, իսկ ծնողներն ու ուսուցիչները՝ Ռուզաննա Գաբրիելյանի:

Մրցույթի արդյունքում տնօրենի հավակնորդները չորսական ձայն են հավաքել: Կառավարման 8 հոգանոց խորհրդի անդամներից գործող տնօրենի օգտին քվեարկել են մարզպետարանի ներկայացուցիչներն ու ուսուցիչները՝ 2-ական ձայն: Նույնչափ քվեով նախկին գյուղապետի կնոջ օգտին են քվեարկել համայնքապետարանի ներկայացուցիչներն ու ծնողները:

Ծնողներից մեկը, ի դեպ, ասել է, որ ինքը կքվեարկեր գործող տնօրենի օգտին, եթե ամուսինն իր փոխարեն գյուղապետին խոստացած չլիներ: «Հո մարդ ու կնիկ իրարից չէի՞ք բաժանվելու, ինքը խոստացել էր, որ ձայնս Կարինեին եմ տալու, ես էլ տվեցի»,- ասել է տիկինը:
Հավասար բաշխված ձայները, սակայն, չեն գոհացրել նախկին գյուղապետի կնոջը: «Կյանքի գնով էլ լինի, ես եմ ընտրվելու»,-հայտարարել է Կարինե Մակարյանը:

Նման իրավիճակում խնդիրը լուծում է փոխվարչապետը՝ հիմք ընդունելով ԿԳ նախարարության եւ Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների արձանագրությունները եւ նշանակում անելով: Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի համաձայն, 10 աշխատանքային օրվա ընթացքում փոխվարչապետը կորոշի, թե ով կլինի Հայթաղի դպրոցի տնօրենը: