Նախկին փոխմարզպետը պատահաբար հայտնաբերել է, որ դեռևս պաշտոն ունի

Նախկին փոխմարզպետը պատահաբար հայտնաբերել է, որ դեռևս պաշտոն ունի

Գյումրու փողոցաշինությունը չարչրկված թեմա է դարձել: Անգամ վարչապետի այցից եւ դիտողությունից հետո աշխատանքների տեմպը չի փոխվել: Շինարարները դանդաղում են, իսկ բնակիչները ստեղծված անհարմարություններից հոգնել են:

Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքի փողոցները վերականգնվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  տրամադրած գումարներով: Դեռ մեկ տարի առաջ աշխատանքային խումբ ձևավորվեց, որը փողոցաշինական աշխատանքները վերահսկելու լծակ ուներ: Աշխատանքային խմբի նախկին ղեկավար, Շիրակի նախկին փոխմարզպետ Արա Մելիքջանյանը պաշտոնը լքելուց հետո դադարել է նաև փողոցաշինությունը վերահսկել:

«Տարբեր որոշումներ էին կայացնում աշխատանքները դանդաղելու ուղղությամբ, դրա համար դադարեցրի: Իմ դուրս գալուց հետո տեղեկացված չեմ, թե ինչ գործընթացի մեջ է, բայց պատահաբար հայտնաբերեցի  քաղաքապետարանի կայքում, որ դեռևս դե յուրե մնում եմ աշխատանքային խմբի ղեկավար»,- Գյումրու «Երկխոսության մեդիա» կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում զարմանքով ասաց Արա Մելիքջանյանը: Փողոցաշինության հետ կապված՝ աշխատանքային խմբի նախկին ղեկավարը ֆիքսել է մի պարզ ճշմարտություն։

«Նախագծերով մեկ այլ բան է, իրականության մեջ՝ մեկ ուրիշ: Նախագծերն իրականացնելու ընթացքում ի հայտ են գալիս խնդիրներ, որոնք նախագծերով արտահայտված չեն:Եղել են ու կան խնդիրներ,որոնք շարունակում են օդից կախված մնալ: Օրինակ բազալտե եզրաքարերը,որոնք ստանդարտներին չեն համապատասխանում»,-ասում  է նա:

Ըստ նրա՝ քաղաքապետարանը վերջին օղակն է, որին պետք է մեղադրել ստեղծված իրավիճակի համար, հիմնական պատասխանատուները շինկազմակերպություններն ու օպերատորներն են, քանի որ ՎԶԵԲ-ն գումարը փոխանցում  է ուղիղ կապալառուին: Անդրադառնալով ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի այն հայտարարությանը, թե քաղաքը տեր ունի, թե՞ ոչ՝ նախկին փոխմարզպետն ասաց. «Քաղաքի տերը ես եմ, դուք եք, գյումրեցին: Ես՝ որպես գյումրեցի, բացասաբար  եմ նայում, որ որևէ պաշտոնյա գալիս է Գյումրի եւ փորձում է թիրախավորել փողոցաշինությունը ու փորձում որևէ դիվիդենտներ շահել դրանով», -ավելացնում է նա: Իսկ ահա Գյումրի այցելած վարչապետի դիտողությունը տեղին է համարում՝կրկին  նշելով,որ պատասխանատուն շինարարներն են, որոնք անտեսել են շինարարական էթիկան:

Նշենք, որ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի միջոցներով իրականացվող փողոցաշինական ծրագրի առաջին փուլով աշխատանքների վերջնաժամկետ սահմանված է հունիսի 30-ը: