Գազի գինը չի բարձրանում «Գազպրոմի» խնայողությունների հաշվին. նախարար

Գազի գինը չի բարձրանում «Գազպրոմի» խնայողությունների հաշվին. նախարար

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանն այսօր Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ համաձայնություն է ձեռք բերվել ռուսական կողմի հետ, որ մինչև հուլիսի 1-ը պետք է ներկայացնեն համաձայնագիր՝ սահմանին առաջիկա հինգ տարվա ընթացքում գազի գնի ձևավորման մեխանիզմները վերանայելու համար։

Նա նշեց, որ չի բացառվում, որ քաղաքական պայմանավորվածությունների շրջանակներում լինի ավելի էժան գին, քան ստացվում է այդ նախագծով։ 

Հիշեցնենք, որ հունվարի մեկից սահմանին գազի գնի սակագինը կազմում է 165 դոլար՝ 15 դոլարով թանկացել է նախորդ տարվա համեմատ, բայց սպառողին գազը հասնում է դեռ նախկին գնով։

Հարցին, թե ինչի հաշվին է, որ սպառողը չի զգում այդ բարձրացումը, ով է իր վրա վերցնում այդ թանկացումը, «Գազպրո՞մը», Բաղրամյանն ասաց, որ այս պահին այդ հարցը քննարկվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, ապա ավելացրեց․ «Ընկերության ներքին խնայողությունների հաշվին։ Վարչապետն էլ է ասել, որ առնվազն 2019 թվականի համար գազի գինը չի բարձրանա սպառողների համար։ Այլ հարց է, որ մենք հիմա քննարկում ենք, թե ինչ գնագոյացման մեխանիզմներ են լինելու՝ ավելի երկարաժամկետ, կայուն գնագոյացում ունենալու համար»։

Այսինքն՝ կառավարությունը՝ ի՞նքն է դիմել կամ խնդրել, առաջարկել «Գազպրոմ-Արմենիային», որպեսզի վերջինս իր խնայողությունների հաշվին չբարձրացնի գազի գինը սպառողների համար։
«Խնայողությունների հաշվին չէ, դա ինքնըստինքյան տենց ա ստացվում, էդտեղ դիմելու, խնդրելու բան չկա։ Հիմա եթե բանակցում ենք, որ հասկանանք՝ ինչ գնագոյացում և ինչ մեխանիզմներով է լինելու, բնականաբար, մինչև էդ պայմանավորվածությունների ավարտը մնում է էս իրավիճակը»։