Ում չի կաշառել Սիլվա Համբարձումյանը

Ում չի կաշառել Սիլվա Համբարձումյանը

Փաստորեն, Սիլվա Համբարձումյանը հանքերից այնպիսի «թվեր» է ստացել, որ կարող էր կանխարգելիչ նպատակներով երկու եւ ավելի միլիոն դոլար փող բաժանել ՀՀ պաշտոնյաներին։ Այդպես ՀՀ քաղաքացիները եկեղեցում մոմ են վառում՝ Աստծուն խնդրելով, որ չարքերն իրենց հանկարծ չխանգարեն։ 

Գործարար Սիլվա Համբարձումյանի անունը լայն հանրությանը հայտնի դարձավ 2011 թվականի նոյեմբերին՝ այն ժամանակվա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրճարանում տեղի ունեցած անմոռանալի դեպքից հետո։ Լիսկան ծեծել էր կնոջը։ Ամբողջ մամուլը, գույժն առնելով, հարձակվեց սյունյաց օլիգարխի վրա։ ՀՔԾ-ն գործ հարուցեց ծեծի հոդվածով։ Համբարձումյանը՝ արցունքն աչքերին, ներկայացրեց․ «Փորձեց սկզբից ոտքով խփել, հետո գլխիս խփեց, շատ հուզված էի»։ Մինչ մամուլն ու իրավապաշտպաններն աղմկում էին, ՀՔԾ-ն գործը կարճեց։ Համբարձումյանը նոր ցուցմունք տվեց, որ գլխին կամ քացով հարվածներ չեն եղել, եղել է ընդամենը մի ապտակ։ Այն ժամանակ չգիտեինք, որ Սիլվա Համբարձումյանն ամենայն հայոց կաշառատուն է, Հայաստանի «ամենաբոմբ» տիկինը, որի տեղադրած «ականները» տրաքելու էին տարիներ հետո՝ որ նա կաշառել է նախագահների, պաշտոնյաների, գործարարների։ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Մայրապետյան, Արամ Հարությունյան (Բուլկի)․ սրանք ընդամենը այսբերգի տեսանելի մասն են։ Ընդ որում՝ կաշառքը տվել է, իր նպատակին հասել եւ տարիներ անց պատմում է այդ մասին՝ խրախուսման կարգով ազատվելով կաշառք տալու համար պատասխանատվությունից։ 

«Տոյոտա Երեւան» ընկերության նախագահ, Երեւանում բազմաբնակարան շենքեր կառուցած գործարար Սամվել Մայրապետյանի միջոցով Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանին կաշառելու մասին նա ՀՔԾ-ին հայտնեց 10 տարի անց, Մարտի 1-ի գործի շրջանակներում։ ՀՔԾ-ն «նայել» է այդ ժամանակաշրջանի խոշոր փոխանցումները եւ դուրս է եկել Համբարձումյանի վրա։ Հետաքրքիր է, որ ո՛չ Մայրապետյանը, ո՛չ Սիլվա Համբարձումյանը պարզ տեղեկություն չեն տալիս, թե ինչ նպատակով է Սիլվան 2 մլն փոխանցել Մայրապետյանին։ Համբարձումյանը «Հրապարակին» հայտնեց, որ կաշառքը տվել է «ինքնակամ», որպեսզի իրեն հանքարդյունաբերության հարցերում չխանգարեն։ «Ես Մայրապետյանի հետ եմ լուծել իմ հարցերը, թե նա ում է տվել, ինձ չի հետաքրքրել։ Տվել եմ, որ ինձ չխանգարեն ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Արմեն Գեւորգյանը, ո՛չ Քոչարյանը»։ 

Սամվել Մայրապետյանի շահերի պաշտպան Կարեն Բատիկյանը դժգոհում է․ «Սիլվա Համբարձումյանն արդեն երկրորդ անգամ հրապարակային ելույթներում խախտում է նախաքննության գաղտնիքը պահպանելու դատավարական դրույթը։ Առաջին անգամ, երբ հարցազրույց էր նման բովանդակությամբ տվել, բացահայտել էր քրեական գործի նյութեր, ես բողոք ներկայացրեցի՝ պահանջելով, որ քրական գործ հարուցեն, նյութեր նախապատրաստեցին եւ մերժեցին գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Հիմա արդեն երկրորդ անգամ Սիլվա Համբարձումյանը նույն ջանասիրությամբ նախաքննության գաղտնիություն է խախտում»։ Մեր հարցին, թե, այնուամենայնիվ, ինչ նպատակով է 2 մլն դոլար Մայրապետյանին փոխանցվել, Կարեն Բատիկյանը խուսափեց պատասխանելուց․ «Եթե ես ասեմ, կստացվի, որ ինքս ինձ հակասում եմ։ Միայն կարող եմ ասել, որ նա մեղադրանքը չի ընդունում»։ Իսկ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր պաշտպանյալի մասով պատասխանեց․ «Հստակ կարող եմ ասել, որ թե՛ Սիլվա Համբարձումյանից, թե՛ որեւէ մեկից Արմեն Գեւորգյանը կաշառք չի ստացել»։ 

 Մայրապետյանի դեմ ցուցմունք տալուց հետո Համբարձումյանը «գրեց» բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ՝ «Բուլկի» մականվամբ։ Սա արդեն չխանգարելու «պրոֆիլակտիկ» գումար չէր՝ 14 մլն դոլար՝ 10 հանքի շահագործման լիցենզիա ստանալու համար։ Լիցենզիան ստացվեց, կարճ ժամանակ անց կասեցվեց։ Այսպիսով, չնայած միլիոններին, «խանգարողներն» իրենց գործն արեցին։ Համբարձումյանն իր հրապարակային ելույթներում պատմել է, որ փողը հետ է ուզել Արամ Հարությունյանից, եւ վերջինս նրան խոստացել է փոխհատուցել անշարժ գույքով, սակայն խոստումը չի կատարել, եւ Համբարձումյանը դիմել է 6-րդ վարչություն։ Խոսքը նույն՝ 2008 թվականի մասին է։ Գործը կարճել են, հետո՝ վերաբացել։ Արամ Հարությունյանը Սիլվա Համբարձումյանի հայտնած հանգամանքները չի ընդունում, ինչի մասին հայտնել է նրա հետ առերեսման ժամանակ։ Նրա շահերի պաշտպան Կարեն Հակոբյանն ասում է, որ տեղեկություն չունի իր պաշտպանյալից, ում մասին ասում են, որ փախել է Հայաստանից։ «Իմ իմանալով՝ նա Հայաստանում է, բայց որեւէ գործողություն նրա հետ չի արվում։ Քննությունը շարունակվում է այն անձանց հետ, որոնք քննչական մարմնի տրամադրության տակ են»,- ասում է փաստաբանը։

Լուրեր կան, որ Արամ Հարությունյանի նկատմամբ իշխանությունն այժմ լոյալ դիրք է գրավել, որ հնարավոր է նրան փոխհատուցման դիմաց բաց թողնեն։ Նրա փաստաբանին հարցրինք, թե ինչ է մտածում նման «համաներման» մասին։ «Տնտեսական հանցագործությունները, որոնք 10 տարվա վաղեմություն ունեն, կարող են դադարեցնել քննել։ Սա եվրոպական երկրներում ընդունված պրակտիկա է, երբ մարդը զղջում է ու իր հասցրած վնասը փոխհատուցում է, պետության իրավունքն է նրան չհետապնդելը, դատախազության գործառույթն է։ Մեր օրենքով ծանր հանցագործությունների վրա չի տարածվում այս դրույթը, բայց վաղեմության ժամկետից ելնելով՝ հնարավոր է կիրառել»,- եղավ պատասխանը։ Փող տալն ու ազատվելու արտոնություն վայելելն ընտրյալների համար են։ Ոմանց, ինչպես, օրինակ, մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանին, կարող են հյուրանոցը պետությանը նվիրելու դիմաց ազատել մեղադրանքներից։

Մյուսներին հետապնդում են մինչեւ վերջ։ Պետությունն առայժմ չի ցանկանում իր ճնշման լծակները վայր դնել, եւ գործում է նախկին կարգը՝ երբ ներում են նրանց, ով անցնում է իրենց թրի տակով։ Իսկ քանի այդպես է, Սիլվա Համբարձումյանի ծառայությունները պետք են, եւ բարդ է ասելը, թե ինչ կլիներ Սիլվա Համբարձումյանի հետ, արդյոք նա կմնա՞ր ամենահարուստ կին գործարարներից, թե՞ կսնանկանար, եթե չբաժաներ կաշառքը, ինչպես դժվար է պատասխանել, թե ինչ կլիներ ՀՀ հավատացյալ քաղաքացիների հետ, եթե նրանք մոմ չվառեին։